Ղարաբաղյան պատերազմների մտավոր աշխարհագրությունը

shushi Շուշի шуши

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Ղարաբաղյան պատերազմների մտավոր աշխարհագրությունը» վերնագրված հոդվածում վերլուծում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառները հարավկովկասյան – մերձավորարևելյան գործընթացների հատույթում։ Հոդվածը տպագրվել է «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքում, որը հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Ավելին, քան պարտություն

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները ցնցող էին հայ հանրության համար։ Ռազմական պարտությունը հանգեցրեց սարսափելի հետևանքների. հազարավոր մարդ զոհվեց, հիմնականում՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։ Տասնյակ հազարավորները մնացին անօթևան։ Ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքները, կրճատվեցին չորս անգամ։ Նոր սահմանները շատ ավելի քիչ են հարմարեցված պաշտպանության համար, իսկ Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյատևման երաշխավորն այժմ իսկապես ռուսական խաղաղապահ զորքերն են, այլ ոչ թե սեփական զինված ուժերը։ Հայաստանի հետ կապը հնարավոր է միայն նեղ ու խոցելի միջանցքով, իսկ չճանաչված հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը ծայրահեղ խոցելի վիճակում է։ Այս ամենը, իհարկե, հայ հասարակության մեջ ընկալվում է որպես աղետ, և դրանում արտառոց բան չկա. աշխարհի որևէ երկրում ռազմական մեծ պարտությունն այդպես է զգացվում։

Ավելին, այս պատերազմում պարտությունը Հայաստանում և բուն Ղարաբաղում հաճախ ընկալվում է ոչ միայն որպես ռազմական պարտություն, այլև որպես գաղափարական հիմքի փլուզում, հայկական նոր պետականության կառուցման հիմք։ Փաստն այն է, որ Ղարաբաղյան խնդիրը եղել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմնաքարը։ Ֆորմալ առումով Հայաստանի համար արտաքին համարվող Ղարաբաղի գործոնը` հայաբնակ անկլավը Խորհրդային Ադրբեջանի կազմում, դարձավ Հայաստանի անկախության գեներատորը: Հայաստանից բացի, նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում, թերևս՝ նաև բացառությամբ Ադրբեջանի, անկախության շարժման կատալիզատորը ոչ թե ամբողջատիրության դեմ պայքարն էր կամ կայսերական կախվածությունից ազատվելու ցանկությունը, այլ տարածքային հակամարտությունը։ Նախկին խորհրդային մյուս երկրները անկախություն են ձեռք բերել կա՛մ նպատակաուղղված պայքարի արդյունքում՝ հատուկ մոսկովյան կենտրոնից և խորհրդային իշխանությունից անկախանալու համար (ինչպես բալթյան հանրապետությունները), կա՛մ էլ ԽՍՀՄ փլուզման արդյունքում (օրինակ՝ կենտրոնասիական երկրները), ինչը նրանց համար արտաքին գործընթաց էր և կապ չուներ իրենց ներքաղաքական զարգացումների հետ։

Էթնոքաղաքական հակամարտությունները ցնցեցին ողջ հետխորհրդային տարածքը, սակայն աբխազական, հարավօսական և մերձդնեստրյան հակամարտությունները, թերևս, նախկին խորհրդային հանրապետությունների էթնիկ փոքրամասնությունների արձագանքն էին մինի մետրոպոլիաների շարժմանը դեպի անկախություն: Համենայնդեպս, ո՛չ Վրաստանում, ո՛չ Մոլդովայում, ո՛չ Ռուսաստանում այս հակամարտությունները պետականության ձեռքբերման պայքարի խթան չէին։ Հայաստանի և Ադրբեջանի պարագայում հենց Ղարաբաղյան հակամարտությունն էր, որ խթան հաղորդեց ազգային անկախության գաղափարախոսությանը։

Հայաստանի և, ավելի լայն, ողջ աշխարհի հայերի համար Ղարաբաղն ընդամենը էթնիկ խմբի մի մասի մշակութային և ֆիզիկական գոյատևման կամ տարածքային խնդիր չէր։ Այն դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված հայկական քաղաքական ինքնության առանցքը, հայոց պետականության գաղափարը, և դրանում հսկայական դեր խաղաց հայերի հաղթանակը 1991-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմում։

Այդ հաղթանակն ընկալվեց որպես պատմական, որպես շրջադարձ հայոց պատմության մեջ երկարդարյա գաղութային կախվածությունից, ճնշումներից և հալածանքներից, որոնց ծայրակետը 1915-ի ցեղասպանությունն էր․․․ դեպի անկախություն, ինքնազորություն, հաղթանակներ ու ձեռքբերումներ: Ղարաբաղյան հաղթանակը որպես առանցքային խորհրդանիշ դրվեց պետականաշինության հիմքում։ Նմանապես, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը դարձավ ավելին, քան սոսկ պարտություն. այն ընկալվում է որպես Հայաստանի Հանրապետության հիմքերի փլուզում, որպես հարված նոր ձեռք բերված քաղաքական ինքնության հիմքերին։ Հայաստանում (ու, թերևս, ավելի մեծ չափով՝ հայկական վիթխարի սփյուռքում) այս պարտությունը զգացվում է որպես պատմական, որպես հայոց պատմության ևս մեկ աղետալի շրջադարձ:

Տարօրինակ պատերազմ

Հետահայաց՝ անբացատրելի է, որ թե՛ պատերազմը, թե՛ դրանում կրած պարտությունը անակնկալ էին հայ փորձագետների, քաղաքական գործիչների և լայն հանրության համար: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն այս պատերազմին պատրաստվում էր առնվազն մեկուկես տասնամյակ՝ բոլորովին չթաքցնելով դա, այլ ընդհակառակը՝ անընդհատ սպառնալով ռևանշով։ Ընդ որում, նավթային այս երկրի լուրջ ֆինանսական միջոցները որևէ մեկի համար գաղտնիք չէին։ Ինչո՞ւ էր պատերազմն այնուամենայնիվ անսպասելի՝ հաշվի առնելով Հայաստանի համար այդաստիճան կարևորությունը։ Ինչո՞ւ ուժայիններն այդքան անպատրաստ էին դրան։ Ինչո՞ւ մամուլի բազմակարծության նման պայմաններում այդ սպառնալիքը լայնորեն չքննարկվեց լրատվամիջոցներում: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռեսուրսային բազաների միջև եղած հսկայական տարբերությունն առնվազն չհանգեցրեց լայնածավալ պատերազմի հավանականության գիտակցմանը։ Ինչպե՞ս այս պատերազմն այդքան անսպասելի դարձավ։

Պատերազմի ավարտից հետո հայ հասարակությունը, բնականաբար, սկսել է փնտրել այս հարցերի պատասխանները։ Այս թեմայով գիտական ​​հետազոտություններ գործնականում դեռ չկան, սակայն մամուլում և սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են կատարվածի տարբեր մեկնաբանություններ և բացատրություններ։ Տեղի ունեցածը բացատրելու այս փորձերը կարելի է բաժանել մի քանի խմբերի։

Առաջին խումբը, իհարկե, բոլոր տեսակի դավադրության տեսություններն են։ Պատերազմում պարտությունը և պատերազմին անպատրաստ լինելը վերագրում են դավադրությունների, դավաճանության ու չարամտության մարդկանց կողմից՝ սովորաբար՝ քաղաքական գործիչների, որոնք ինչ-ինչ պատճառներով շահել են Հայաստանի պարտությունից և որպես սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհետացումից:

Այսինքն՝ դավադրության հարացույցում պատերազմը սանձազերծել և պարտվել են Հայաստանի ներսում և արտերկրում գտնվող անձանց և ուժերի անձնական հանգամանքներին ու նպատակներին առնչվող պատճառներով։ Կախված բանախոսի քաղաքական կողմնորոշումից՝ դավադրության կոնկրետ մեղավորները, պատճառներն ու նպատակները տարբեր են, սակայն սխեման ընդհանուր առմամբ դասական է և հատուկ վերլուծության կարիք չունի։

Տեսությունների երկրորդ խումբը քաղաքական մեղադրանքներն են։ Քաղաքական ընդդիմության կողմնակիցները (հաճախ՝ նախկին էլիտաների ներկայացուցիչները, բայց ոչ միայն նրանք) տեղի ունեցածը բացատրում են նոր իշխանությունների անփորձությամբ և անկարողությամբ, որոնք իրականում ի վիճակի չեղան կառավարել ռազմական ոլորտը, չկարողացան ճիշտ գնահատել անվտանգության մարտահրավերները և համարժեք արձագանքել դրանց ու չկարողացան ղեկավարել նաև ռազմական գործողությունները։ Նոր վերնախավի ներկայացուցիչները, ընդհակառակը, պնդում են, որ պաշտպանության ոլորտում անկարողությունն ու անարդյունավետությունը կուտակվել էին երեք տասնամյակ, և երկու տարուց մի փոքր ավելի ժամանակում դրանք շտկելու հնարավորություն չկար։ Այսպիսով, պարտության մեղավոր են դուրս գալիս նախորդ իշխանությունները։

Տեսությունների այս խմբի ենթատարբերակներից է այն բացատրությունը` կախված բանախոսի հայացքներից, որ տեղի ունեցածը մինչև 2018-ի «Թավշյա հեղափոխությունը» բանակում և ընդհանրապես էլիտաներում կոռուպցիայի և վատ կառավարման հետևանքով է, որ կոռումպացված քաղաքական գործիչներն ու գեներալները՝ հին, նոր կամ երկուսն էլ, մտահոգված էին ոչ թե երկրի պաշտպանությամբ, այլ միայն իրենց բարօրությամբ, հետևաբար չէին պատրաստվում պատերազմի և չկարողացան կանխել այն։ Ու թեև քաղաքականացված մեղադրանքները տարածված են քաղաքական խմբերից և կուսակցություններից անդին, դրանք բոլորը տեղավորվում են հայ հասարակության քաղաքական սուր բևեռացման հարացույցի մեջ և, համապատասխանաբար, որպես կանոն, խոսնակի քաղաքական դիրքորոշման, այլ ոչ թե անաչառ ընկալման փորձի արդյունք են:

Տեսությունների երրորդ խումբը տեղի ունեցածը բացատրում է տեխնիկական, հիմնականում տնտեսական և ռազմատեխնիկական գործոններով։ Տնտեսական հայեցակարգն ասում է, որ Ադրբեջանն ավելի հարուստ է և հնարավորություն ուներ ձեռք բերել ժամանակակից թանկարժեք զենքեր, և Հայաստանը սկզբունքորեն չկարողացավ դիմակայել դրան։ Ըստ այդմ, անհավասար ֆինանսական հնարավորություններով պայմանավորված՝ բանակների սպառազինության տեխնիկական մակարդակների տարբերությունը սկզբունքորեն, ամեն դեպքում, վաղ թե ուշ պետք է հանգեցներ Հայաստանի պարտությանը, իսկ Թուրքիայի ներգրավումը միայն մոտեցրեց այդ պահը։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական բացատրություններին, ապա դրանք բազմազան են, բայց ամեն դեպքում հանգում են այս ոլորտում Հայաստանի դանդաղ առաջընթացին։ Դա նաև անբավարար ուշադրությունն է առաջնագծի ամրաշինական աշխատանքներին և դիրքերի հանդերձավորմանը․ նախորդ պատերազմից հետո ավելի քան 25 տարվա ընթացքում չի ստեղծվել կամ առնվազն անբավարար է եղել երկարաժամկետ կրակակետերի [«դոտերի»], ամրացված տարածքների, պաշտպանական հանգույցների և առանցքային կետերում ինժեներական արգելապատնեշների համակարգը։ Դա նաև հայկական կողմի ռազմական ստրատեգիայում գերակշռող` հրանոթային և հրթիռահրետանային համակարգերի վրա խաղադրույքն էր, ինչը բավարար չէր նոր պայմաններում պատերազմի համար: Եվ, իհարկե, ամենակարևորը՝ մի շարք փորձագետներ պնդում են, որ Ղարաբաղին պարզապես վիճակվեց լինել նոր ռազմական տեխնոլոգիաների առաջին փորձադաշտերից մեկը, որտեղ գլխավոր դերը խաղում էին անօդաչու թռչող սարքերն ու կառավարվող հրթիռները։ Իրականում, վերջին տասնամյակում տեխնիկայում հեղափոխություն է տեղի ունեցել, որը ևս մեկ անգամ արմատապես փոխել է պատերազմի տեխնոլոգիան, ու մինչ այժմ ոչ ոք չգիտի՝ ինչպես դիմադրել դրան: Այս տեսության մեջ խոսքը ոչ թե փողի, այլ հենց տեխնոլոգիայի մասին է. հետախուզական և գերճշգրիտ թիրախավորման զենքի անօդաչու կրիչները համեմատաբար էժան են և դառնում են միտում աշխարհի շատ բանակներում, սակայն դրանց արդյունավետությունն այդքան հստակ դրսևորվեց հենց այս պատերազմում: Այստեղ հարկ է նշել միայն, որ հեղինակը ռազմատեխնիկական խնդիրներ քննարկելու կոմպետենցիա չունի, և ընդամենը թվարկում է տեղի ունեցածի առկա բացատրությունները։

Վերոնշյալ բոլոր տեսությունները, բացառությամբ դավադրության տեսության, իրականության տարբեր ասպեկտներ են նկարագրում և առաջին հայացքից համոզիչ ընդհանուր պատկեր տալիս՝ Հայաստանի պարտությունը բացատրելով ներքին գործոնների՝ կոռուպցիայի, կոմպետենցիայի պակասի, անարդյունավետ կառավարման և արտաքին գործոնների՝ առաջին հերթին Ադրբեջանի հարստության և Թուրքիայի ռազմական ուղղակի օգնության համադրությամբ։ Բայևայնպես, ավելի ուշադիր հայացքի դեպքում առաջ է գալիս թեզ, որ ստացված պատկերը թերի է, հետևաբար՝ սխալ։

Կոռուպցիան և վատ կառավարումն իսկապես կարող են ազդել պատերազմի նախապատրաստման և ռազմական գործողությունները վարելու վրա: Սակայն դժվար է պնդել, որ Հայաստանում և Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակը սկզբունքորեն տարբեր է եղել, ընդ որում՝ հօգուտ Ադրբեջանի։ Կոնկրետ չարաշահումների համար կոնկրետ քաղաքական գործիչներին մեղադրանքները կարող են արդարացի լինել, սակայն ինչո՞ւ են հայ քաղաքական գործիչները մեկ սերնդի ընթացքում այնքան փոխվել, որ այլևս ուշադրություն չեն դարձնում այն խնդրին, որը քսան տարի առաջ երկրի համար առանցքայինն էր, և ինչո՞ւ է հանրությունը նրանց թույլ տվել անել դա։

Ադրբեջանի և Հայաստանի ռեսուրսների անհամաչափությունը նույնպես նորություն չէ, այն կար նաև առաջին պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի սպառազինության տեխնիկական մակարդակը և պատերազմի վարման նոր ձևերը, իհարկե, լուրջ գործոն են, բայց այս ամենը միանգամայն պարզ էր 2016-ի ապրիլյան մարտերից հետո: Դեռ այն ժամանակ կարելի էր հասկանալ, թե անօդաչու թռչող սարքերն ինչ դեր կունենան պատերազմում, և քայլեր ձեռնարկել: Սա չարվեց։ Ինչո՞ւ։

Վերջապես, Թուրքիայի հարևանությունը, Էրդողանի օրոք նրա քաղաքականության առանձնահատկությունները, Սիրիայի և Լիբիայի դեպքերը կարող էին հուշել, որ թուրքական այսօրինակ քաղաքականությունը կարող է հասնել Հարավային Կովկաս: Բայց սա նույնպես անակնկալ էր, թեև Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ հարաբերությունները գաղտնիք չէին, ընդհակառակը, ցուցադրվում էին ամեն առիթով։

Այս ամենը հուշում է, որ աղետի պատճառը ոչ թե անբարենպաստ հանգամանքների համադրությունն է, այլ ինչ-որ ավելի խորը բան։

Ինչպե՞ս կարող էր դա պատահել

Բացի վերը թվարկվածներից՝ հնարավոր են նաև այլ բացատրություններ, որոնք մակերեսին չեն երևում ու առանձնապես չեն քննարկվում մամուլում ու սոցցանցերում։

Այսպես, պատճառը, որ փորձագիտական ​​հանրությունը, պարզ ասած, ձախողեց այս պատերազմի կանխատեսումը, կարելի է վերագրել Հայաստանում և, ավելի լայն առումով, հետխորհրդային երկրներում գիտության և քաղաքագիտական վերլուծությունների կառուցման առանձնահատկություններին։ Բանն այն է, որ հետխորհրդային տարածքի և Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող հետազոտողները բաժանված են։ Նրանց դիսկուրսները տարբեր են, գործնականում չեն հատվում նույն հարթակներում, նրանք չեն մասնակցում ընդհանուր նախագծերի։ Հարավային Կովկասում հակամարտությանը Թուրքիայի ակտիվ մասնակցության հնարավորությունը և մասնակցության տեսակը կարելի էր հասկանալ միայն այս երկու՝ հետխորհրդային և մերձավորարևելյան նարատիվների խաչմերուկում։ Թուրքիայի վարքագիծը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլ հակամարտություններում մոդելային էր, կիրառվում էր մոտավորապես նույն գործիքակազմը, նույն ռազմավարությունը։ Սակայն հետխորհրդային տարածքի փորձագետները դա ընկալեցին որպես արտաքին գիտելիք, որն այնքան էլ կիրառելի չէ իրենց ուսումնասիրության առարկայի իրականությանը: Եվ հակառակը, թուրքագետներն ու արևելագետներն ուսումնասիրում էին ոչ թե Կովկասը, այլ Մերձավոր Արևելքը: Արդյունքում, պատերազմի առանցքային գործոնը, որ կարելի էր ըմբռնել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի մասնակցությամբ գործողությունների օրինակով, բավականաչափ հաշվի չառնվեց հետխորհրդային տարածքի փորձագետների կողմից։ Անշուշտ, եղել են առանձին բացառություններ, բայց ընդհանուր առմամբ, Ղարաբաղյան հակամարտությունն ընկալվել է հետխորհրդայինների շարքում, այլ ոչ թե մերձավորարևելյան մի շարք թեժ կետերի, որ աշխարհագրորեն հաճախ շատ ավելի մոտ են:

Բացի այդ, իրավունք ունի գոյություն ունենալ նաև ինչ-որ չափով կտրված բացատրություն, ինչը դժվար է հասկանալ նրանց, ում այս պատերազմը հարվածել է։ Դա այն է, որ մարդիկ սխալվում են ու տարբեր պատճառներով կարող են սխալ գնահատել թե՛ սեփական, թե՛ թշնամու ուժերը: Պատմության մեջ աշխարհի տարբեր ծայրերում բազմիցս պատերազմներ են տանուլ տրվել ու, առավել ևս, հնարավոր դարձել հենց այդ պատճառով։ Այդպիսին էր 1973-ի Յոմ Կիպուրի պատերազմը, որի հնարավորությունը իսրայելական վերնախավը հերքում էր՝ Վեցօրյա պատերազմից հետո այն թերևս լրիվ անհնար համարելով։ Այդպիսին էր նաև 2008-ի ռուս-վրացական պատերազմը. հետահայաց պարզ է, որ այն այլ կերպ չէր էլ կարող ավարտվել։ Բայցևայնպես, այն տեղի ունեցավ։ Իսկ Ռուսաստանի արձագանքը ուկրաինական իրադարձություններին, որոնք ավարտվեցին Ղրիմի բռնակցմամբ և Ուկրաինայից Դոնբասի պոկվելով, դժվար չէր կանխատեսել։ Այնուամենայնիվ, պատահեց այն, ինչ պատահեց։ Վերջապես, կա հատկապես ցայտուն դեպք՝ Ֆրանսիայի մասնակցությունը երկու աշխարհամարտերին։ Հերոսական պատերազմ, այնուհետև՝ Ֆրանսիայի հաղթանակը չորս տարի տևած Առաջին աշխարհամարտում և ընդամենը 22 տարի անց՝ մեկ սերունդ էլ չանցած, այսպես կոչված Տարօրինակ պատերազմը, ապա՝ Փարիզի հանձնումն առանց կռվի, Ֆրանսիայի անկումը վեց շաբաթում ու կոլաբորացիոնիզմի երևույթը։ Արդեն 1940-ի հունիսին Ֆրանսիայի վիշիական նոր կառավարության ղեկավար մարշալ Ֆիլիպ Պետենը ժողովրդին հղած իր ուղերձում նախորդ կառավարություններին մեղադրում էր պարտության, ինչպես նաև «անբարեխղճության և ամենաթողության» մթնոլորտի համար, ինչը հանգեցրել էր ֆրանսիացիների չկռվելու դժկամությանը։ Ի դեպ, Պետենը մեծ ժողովրդականություն ուներ, ինչը չէր կարելի ասել Դը Գոլի մասին։

Այսպիսով, Հայաստանի դեպքը եզակի չէ։ Ֆրանսիայի օրինակը հենց ցույց է տալիս, որ համոզիչ հաղթանակից հետո երկիրը կարող է հանգստանալ իր դափնիների վրա, որ հասարակության կողմնորոշումների, պայքարելու նրա պատրաստակամության և կարողության կտրուկ փոփոխությունները կարող են տեղի ունենալ պատմականորեն այդքան կարճ ժամանակահատվածում։

Ահա հենց սա հաշվի առնելով էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերջնարդյունքը շատ ավելի հիմնարար մի բանի հետևանք է երևում, քան պարզապես ներքին ու արտաքին հանգամանքների և մարդկային սխալների համադրության։

Մտավոր քարտեզ

1991-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմում հայերի հաղթանակը ԽՍՀՄ փլուզման դարաշրջանի առանձնահատկություններից բխող բազմաթիվ հանգամանքների հետևանք էր։ Հայաստանի բնակիչները և Ղարաբաղի հայերը բավականաչափ համախմբված ու լավ կազմակերպված էին։ Իսկ Ադրբեջանը ներքին անկայունության և փաստացի անգործունակ պետության պատճառով ներքին դժվարությունների հորձանուտում էր։ Չխորանալով այդ տարբերությունների պատճառների մեջ՝ կարող ենք միայն ասել, որ այս վերջին հանգամանքը, որը մեծ դեր խաղաց պատերազմի ելքի հարցում, թերագնահատված էր ինչպես Հայաստանի, այնպես էլ բուն ԼՂՀ-ի հասարակական կարծիքում։ Հերոսությունը, ինքնակազմակերպվելու կարողությունը, զինվորականների պրոֆեսիոնալիզմը, հայրենասիրական վերելքը,- այս բոլոր հանգամանքները, բնականաբար, դարձան և՛ պաշտոնական, և՛ ժողովրդական գաղափարախոսության մաս: Իսկ Ադրբեջանի վճակը, որն այդ տարիներին տևական քաղաքական ճգնաժամի մեջ էր, կա՛մ չարտացոլվեց, կա՛մ էլ ընկալվեց որպես մշտական և ոչ՝ ժամանակավոր։ Ընդ որում, այդ պատերազմի վերջին տարին լրիվ ժամանակակից պատերազմ էր՝ այն ժամանակների համար բավական արդիական տեխնոլոգիայով և, ի դեպ, երկու կողմից ահռելի զոհերով։ Արդյունքում, հաղթանակի թեթևամիտ տրամադրությունները հատկանշական դարձան Հայաստանի և Ղարաբաղի լայն հասարակությանը, և ինչպես ցույց տվեց փորձը՝ նաև քաղաքական գործիչներին ու մասնագետներին։ Բացի այդ, 1991-1994 թվականների պատերազմը անկախության համար պայքարի գործընթացի մի մասն էր։

Ազատության համար պայքարի, խորհրդային մեկուսացումից ու կախվածությունից դուրս գալու, դեպի մոդեռն ճեղքման, զարգացած ժողովրդավարական հասարակության կառուցման հարացույցը համակել էր հետխորհրդային առաջին տարիները Հայաստանում և Ղարաբաղում։ Ղարաբաղի ազատության և ինքնորոշման համար մղվող հերոսական պայքարը դրա անբաժան մասն էր։

Պատերազմում հաղթանակ տանելով՝ հայ հասարակությունը շարունակեց երազել զարգացած ժողովրդավարական երկրների նման քաղաքակիրթ ժողովրդավարական պետություն կառուցելու մասին։ Իրականում, այդ սպասումներն ու տրամադրությունները՝ տարբեր աստիճանի պարզամտությամբ, սովորական են նախկին խորհրդային տարածքի բոլոր հասարակություններում, որտեղ կան առնվազն բազմակարծության, մամուլի ազատության և էլիտաների ռոտացիայի տարրեր։ Ընդ որում, գրեթե անմիջապես, մոդեռնը սկսեց ասոցացվել Արևմուտքի, իսկ հինը, հետխորհրդայինը կամ անգամ խորհրդայինը՝ նախկին մետրոպոլիայի՝ Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ անվտանգության ապահովման կոշտ օրակարգը Հայաստանի համար հրատապ դարձրեց Ռուսաստանի հետ դաշինքի անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը և Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ այդ քաղաքականությունը համարվում էր անայլընտրանք:

Հասարակական տրամադրություններում զարգացումը շարունակում էր դիտարկվել արևմտականացման, զարգացած ժողովրդավարական երկրներից ինստիտուտների և փորձի փոխառության միջոցով: Հասարակությունը Արևմուտքի հետ ինտեգրումը դիտարկում էր որպես երկրի ներսում անհրաժեշտ ինստիտուտները կառուցելու միջոց: Սա, ըստ էության, հետգաղութային սովորական համախտանիշ է, որը ուռճացել և իր հարացույցերով լցրել է Հայաստանի գրեթե ողջ դիսկուրսային տարածքը՝ սոցիալական ցանցերից մինչև քաղաքական գործիչների հայտարարություններ։ Պատերազմից հետո երկու տասնամյակների ընթացքում այն ​​այնքան ընդլայնվեց ու գերիշխող դարձավ, որ երիտասարդ հայ հեղափոխականները հաղթող դուրս եկան «Թավշյա հեղափոխությանը»՝ կիրառելով բացառապես սոցիալական հռետորաբանություն։ Ղարաբաղյան խնդիրը նրանց դիսկուրսների լուսանցքում էր: Երիտասարդները դուրս եկան փողոց՝ պահանջելով սոցիալական արդարություն, իսկ հետո հասարակությունը քվեարկեց երիտասարդ հեղափոխականների օգտին։

Այդ ժամանակ՝ անկախության արդեն գրեթե երեսուն տարում Հայաստանում մեծացել էր մի սերունդ, որն ի տարբերություն իրենց հայրերի ու պապերի, դաստիարակվել էր ոչ թե արդիականացված երկրում՝ թեկուզ խորհրդային իմաստով, ոչ թե գիտատար, արդյունաբերական տնտեսությունում՝ թեկուզ ոչ շուկայական ու ոչ արդյունավետ, այլ երրորդ աշխարհի երկրի արխաիկացող տնտեսական ու սոցիալական իրականության մեջ՝ կրթության և հանրային դիսկուրսների համապատասխան դեգրադացմամբ։

Թերևս արդիականացումից անխուսափելի հետընթացն էր, որ հանգեցրեց հետխորհրդային տարածքում մտավոր մեկուսացումից դուրս գալու Հայաստանի 30-ամյա անկարողությանը։ Նոր սերնդի մոտ մտավոր աշխարհագրությունն այլևս կառուցված է ոչ թե խորհրդային ուղղահայաց մատրիցայով՝ «կենտրոն-ծայրամաս», այլ «արևմուտք-արևելք» վեկտորային մոդելի վրա, որտեղ արևմուտքն առաջին հերթին Եվրոպան է, իսկ արևելքը՝ նույն հետխորհրդային տարածքը, միայն առանց բալթյան երկրների, որոնք հենց վեկտորի երկայնքով ճիշտ շարժման օրինակ են։

Արդյունքում նոր սերնդի մոտ աշխարհի պատկերը հիմնված է արխաիկ հետխորհրդայինի և քաղաքակիրթ արևմտյանի պարզ երկփեղկման վրա։ Աշխարհի այս պատկերում 1991-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմն ընկալվում է ոչ թե որպես ակտուալ իրադարձություն, այլ որպես պատմություն։ Ազգի և պետության ակտուալ ձգտումները դիտվում են որպես արդիականացման համար պայքար, որին խոչընդոտում է միայն հին խորհրդային աշխարհի տրամաբանությունը։ Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ակտուալ էր և սրացումներով հաճախ հիշեցնում էր իր մասին, բայց մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանում երիտասարդների շրջանում տարածված էին խոսակցությունները, որ իրական զենքը երկաթը չէ, այլ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, և որ հասնելով զարգացման՝ հնարավոր կլինի հասնել նաև հակամարտության կարգավորման։ Ավելին, Ադրբեջանը պարտվել է առաջին պատերազմում, իսկ Արևելքն ու Արևմուտքը նրան թույլ չեն տա սանձազերծել երկրորդը (այստեղ կարելի է ենթադրել, որ «կենտրոն-ծայրամաս» մոդելը թաքուն շարունակում է գործել, բայց պարզապես արդեն երկու կենտրոն կա)։

Հայկական լրատվամիջոցներ ընթերցելիս տպավորություն է, թե Հայաստանը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում ինչ-որ տեղ՝ Բրյուսելի, Վաշինգտոնի և Պետերբուրգի միջև։ Մոսուլի, Աֆրինի կամ Թավրիզի իրադարձությունների մասին մամուլում գրեթե բան չկա։ Իսկ եթե կա էլ, ապա արևմտյան կամ ռուսական լրատվամիջոցներից թարգմանված նյութերի տեսքով։ Կարող է թվալ, թե Հայաստանից Բրյուսել կամ նույնիսկ Վլադիվոստոկ շատ ավելի մոտ է, քան Աֆրին կամ Իդլիբ։ Հոգեբանորեն դա այդպես է, բայց ուղիղ հեռավորությունը Հայաստանից մինչև Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային շրջաններ ավելի փոքր է, քան Մոսկվայից Պետերբուրգ հեռավորությունը: Մտավոր առումով Հայաստանը չի ապրում այն տարածաշրջանում, որտեղ աշխարհագրորեն գտնվում է:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև գործընկերությունը զարգանում էր 1990-ականներից, և Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը հստակ ցույց տվեց Էրդողանի օրոք այս երկրի կուրսի առանձնահատկությունները ու հարևան տարածաշրջանում շատ անկախ ու կոշտ քաղաքականության պատրաստակամությունը։ Հայաստանի շուրջ տարածությունն ավելի ու ավելի էր վերածվում մրցակցության և անկայունության տարածքի։

Մինչդեռ հայկական դիսկուրսները հիմա էլ դեռ կառուցվում են զարգացման արևմտյան և ռուսական ուղիների միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության շուրջ։ Կրկին արտառոց ոչինչ չկա այս վեճերում, դրանք ամենուր են հետխորհրդային ամբողջ տարածքում։ Պարզապես Հայաստանի իրական աշխարհագրությունը որոշակիորեն տարբերվում է բալթյան երկրների կամ նույնիսկ Բելառուսի աշխարհագրությունից։ Այն իր մասին հիշեցրեց 2020-ի սեպտեմբերի 27-ին։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

«Փոթորիկ Կովկասում» գրքից այլ հրապարակումներ

«Օդն ընդդեմ օդի» Ղարաբաղյան պատերազմում․ վերլուծություն

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գլխավոր պարտված կո՞ղմ․ Ռուսլան Պուխովի անդրադարձը

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Թուրքիայի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում. հայացք Անկարայից

2020-ի պատերազմը շատ առեղծվածներ է թողել․ Գեորգի Դերլուգյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը․ Անտոն Լավրովի վերլուծությունը

Ադրբեջանական ԱԹՍ-ները և հայկական ՀՕՊ-ը 44-օրյա պատերազմում․ վերլուծություն

Մեկնաբանել