Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցեր են տեղի ունեցել «Լրատվամիջոցների մասին» օրինագծի առաջին երկու ընթերցմամբ ընդունումից հետո։ Օրինագիծն արժանացել է լրագրողների քննադատությանը, որոնք մտավախություն ունեն, որ այն կսահմանափակի մամուլի ազատությունը և հանրային տեղեկատվության հասանելիությունը:
Օրինագծին երկար սպասել են այս տարվա սկզբից, քանի որ նախագահ Իլհամ Ալիևը հիմնել է անկախ կարգավորող մարմին՝ ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը (MEDIA), որը հանձնարարել է մշակել օրինագիծը և այն երկու ամսվա ընթացքում ներկայացնել պետությանը:
Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանի Օրենսդրական և Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովները և MEDIA-ն հանդիպել էին իշխանամետ բազմաթիվ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ նրանց ծանոթացնելու օրինագծին:
Մի քանի օր անց տեղի էր ունեցել օրինագծի արտահոսք մի քանի լրատվական գործակալությունների, իսկ դեկտեմբերի 14-ին՝ առաջին լսումների օրը, այն հրապարակվել էր խորհրդարանի կայքում։
Օրենքի նախագիծն ընդգրկում է կարգավորումների լայն ոլորտ, այդ թվում՝ սահմանելով, թե ով կարող է լինել լրագրող, և մի շարք բովանդակային սահմանափակումներ՝ տարբեր հիմքերով:
Օրինագծի համաձայն՝ կառավարությունը ստեղծելու է կենտրոնացված պետական ռեգիստր։ Լրագրողների և լրատվամիջոցների գրանցումը կամավոր է, սակայն նրանք, ովքեր հրաժարվեն գրանցվելուց, կզրկվեն պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու կամ պետական միջոցառումներին և մամուլի ասուլիսներին մասնակցելու իրավունքից:
Եթե օրենքն ընդունվի, այն կսահմանափակի լրագրողներին՝ ռազմական արտակարգ իրավիճակների և կրոնական ծայրահեղականության մասին տեղեկություններ հաղորդել և կարգելի թաքնված տեսախցիկների և աուդիո ձայնագրիչների միջոցով ձեռք բերված նյութերի հրապարակումը:
Շատ փորձագետներ և անկախ լրագրողներ դեմ են արտահայտվել օրինագծին և իշխանություններին հորդորել վերամշակել այն:
«Պետությունը չի կարող իր ձեռքն առնել լրատվամիջոցների բոլոր լիցենզիաները», – BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է մեդիայի իրավապաշտպան Ալասգար Մամեդլին՝ հավելելով, որ «հաճախությունների սակավության պատճառով կարող են օրենքով կարգավորվել միայն հեռուստատեսությունն ու ռադիոն, բայց ինտերնետի կարգավորումը, որին միլիոնավոր մարդիկ մատչում ունեն, անհիմն է»։
Մի խումբ լրագրողներ բողոքի երկու ցույց են անցկացրել խորհրդարանի առջև՝ բողոքելով առաջարկվող օրենքի դեմ ու խոստանալով շարունակել ցույցերը, եթե օրինագիծն ընդունվի։
Բողոքի երկու ցույցերին էլ միջամտել են ոստիկանները՝ ցուցարարներից խլելով ցուցապաստառները և հեռացնելով նրանց շենքից։
Լրագրող Նարգիզ Աբսալամովան վնասվածք էր ստացել դեկտեմբերի 28-ի վերջին բողոքի ցույցի ժամանակ՝ ոստիկանների գործողությունների արդյունքում ընկնելով և կոտրելով ոտքը։
Ադրբեջանն արդեն իսկ ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակող աշխարհի «առաջատարների» թվում է։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2021-ի ԶԼՄ-ների ազատության համաշխարհային ինդեքսում աշխարհի 180 երկրների շարքում Ադրբեջանին դասել է 167-րդ տեղում:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի