Տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 10-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը:

Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ արտահերթ նիստն անցկացվել էր Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ելույթում նշել է․ «Ղազախստանում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»։

«Հարկ է ընդգծել, որ մեր նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը։

***

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։ Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Հունվարի 5-ին իրավիճակը կտրուկ լարվել էր Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմա-Աթայում։ Ըստ Ղազախստանի նախագահի՝ քաղաքի մերձակայքում մարտեր են ընթացել։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր էին ուղարկվել Ղազախստան՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էին գործուղել 100 զինծառայող։

Մեկնաբանել