Արցախում պատվաստվել է բնակչության 2,6 տոկոսը՝ Հայաստանից մոտ տասն անգամ քիչ

Արցախում անցած տարվա դեկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 8 864 քաղաքացի: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել է Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը։

Նշված թվից առաջին դեղաչափ է ստացել 5 736, երկրորդ դեղաչափ՝ 3 093 քաղաքացի, խթանիչ դեղաչափ՝ 35: Այսինքն, դեկտեմբերի 26-ի դրությամբ Արցախում լիովին պատվաստվել է բնակչության 2,6 տոկոսը, եթե հաշվի առնենք, որ ներկայում Արցախի բնակչությունը 115 հազար է (տարեվերջին Ազգային ժողովում նման թիվ է հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը):

Ի տարբերություն Արցախի՝ Հայաստանում լիովին պատվաստվել է բնակչության 24 տոկոսը (2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ):

2021 թվականին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով Արցախում 107 մարդ է մահացել։

Անցած տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 538 քաղաքացու հետազոտություն, որից 4 824-ը՝ դրական պատասխանով։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել