Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքը կլինի QR կոդով

Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված կամ կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնող քաղաքացիների համար, հայտնում է Հայաստանի կառավարությունը։

«Հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19-ի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով»,- ասված է որոշման մեջ։

Նշված պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց, հղիներին, հակացուցում ունեցողներին և վերջին 3 ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացածներին։