«Ես երազում էի ազատության մասին». Մարալ Նաջարյանը՝ գերեվարվելու իր պատմության մասին

Մարալ Նաջարյանը. Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի

Արմինե Ավետիսյան, OC Media

50-ամյա լիբանանահայ Մարալ Նաջարյանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո տեղափոխվել էր Հայաստան՝ ավելի ապահով և խաղաղ կյանքի փնտրտուքում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտը շրջադարձային եղավ նրա համար. նա և իր նշանածը՝ Վիգեն Էուլջեքյանը․ ադրբեջանցիները նրանց գերի վերցին Ղարաբաղում։

Թեև Մարալն ազատ արձակվեց, Վիգենը դեռ անազատության մեջ է։

«Ես Բեյրութում գեղեցկության սրահ ունեի։ Մատնահարդար և վարսահարդար էի, աշխատում էի դստերս հետ։ Լիբանանի տնտեսական ճգնաժամից հետո ամեն ինչ բարդացավ։ Ամեն ինչ թանկանում էր, ինչը վնաս էր սպասարկման ոլորտին»։

«Անընդհատ մտածում էի, որ պետք է տեղափոխվենք Հայաստան։ Քույրս՝ Անին, ինձ հետ համակարծիք էր։ 2020-ի օգոստոսի սկզբին դեպի Հայաստան ինքնաթիռի տոմսեր գնեցինք։ Մենք դեռ Բեյրութում էինք, երբ մի քանի օր անց՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցավ պայթյունը։ Տունը ցնցվեց, հատակը վնասվեց, մի պահ մտածեցինք, որ պատերազմ է սկսվել։ Այդ պահն ամրապնդեց Հայաստան գնալու որոշումը։

«Օգոստոսի 25-ին ես ու քույրս արդեն Հայաստանում էինք։ Նախկինում էլ էինք եղել Հայաստանում, դա մեր առաջին այցը չէր»։

«Մենք ի սկզբանե որոշել ենք, որ ապրելու ենք Լեռնային Ղարաբաղում. Տեղեկացել էինք վերաբնակեցման ծրագրի մասին։ Մի քանի օր մնացինք Երևանում, սեպտեմբերի 16-ին ես ու քույրս տեղափոխվեցինք Լեռնային Ղարաբաղ ու հաստատվեցինք Բերձորում [Լաչին]։ Նախատեսում էինք որոշ ժամանակ ապրել այնտեղ, տեղավորվել, իսկ հետո երեխաներին մեզ մոտ բերել»։

«Ընդամենը 11 օր էր, ինչ Բերձորում էինք, երբ պատերազմը սկսվեց։ Մենք մնացինք այնտեղ որոշ ժամանակ, սակայն երբ իրավիճակը սրվեց, ես ու քույրս վերադարձանք Երեւան։ Մեզ հետ ոչ մի անձնական իր չէինք վերցրել. կարծում էինք, որ մարտերը շուտով կավարտվեն, և կկարողանանք վերադառնալ մի քանի օրից»:

«Երբ նոյեմբերի 10-ին պատերազմն ավարտվեց, ես ու նշանածս՝ Վիգենը, մեկնեցինք Բերձոր՝ մեր իրերը հավաքելու։ Երևանում մենք ոչինչ չունեինք. մենք այդ ժամանակ արդեն վարձակալում էինք: Նախ վերցրինք իմ իրերը, հետո Վիգենն ասաց, որ գնում ենք Շուշի՝ իր իրերը հավաքելու։

«Երբ հասանք Շուշիի մատույցներին, մեզ կանգնեցրին ադրբեջանցի զինվորները։ Մոտեցան, վերցրեցին մեր հեռախոսներն ու պայուսակները, հետո մեզ դուրս բերեցին մեքենայից ու զննեցին։ Վախից դողում էի՝ չէի էլ գիտակցում, որ գերի եմ։ Այդ պահին մտածում էի, որ կմեռնեմ»։

«Մեզ նստեցրին մեքենա, տարան իրենց ռազմաբազա, որտեղ փոխեցին մեքենան, և մենք շարունակեցինք ճանապարհը։ Աչքերս չէին կապել, տեսնում էի ամեն ինչ։ Խորդուբորդ ու անծանոթ ճանապարհ էր։ Մենք անցանք լեռներով և գնացինք մոտ հինգ ժամ»:

«Մարալից 15 օր լուր չունեինք։ Անորոշությունը մեզ սպանում էր»,- ասում է Մարալի քույրը՝ Անին։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի/OC Media.

«Երբ հասանք, ինձ և Վիգենին տարան տարբեր վայրեր։ Ես փոքր սենյակում էի, որտեղ զուգարան կար։ Մահճակալը ամրացված էր պատին, երկաթի վրա՝ կաշի։ Ինձ ասացին, որ կարող եմ պառկել այնտեղ և քնել։ Այդ պահին ես հասկացա, որ գերի եմ և Ադրբեջանում եմ»։

«Այն ժամանակ ես չէի մտածում իմ մասին, այլ՝ քրոջս ու ընտանիքիս։ Նրանք ինձնից լուր չունեին։ Ես գիտեի, որ նրանք անհանգստանալու են: Հեռախոս չունեի ու չգիտեի, թե ինչպես նրանց տեղեկացնեմ իմ վիճակի մասին»։

«Հաջորդ օրը նրանք փոխեցին իմ սենյակը։ Ինձ հարցաքննեցին, հետո տարան բանտախուց, որտեղ մնացի երեքուկես ամիս։ Ես անընդհատ աղոթում էի: Հոգիս տանջվում էր»:

«Ես նամակ ստացա Ադրբեջանից. նրանք գրում էին մորս սոցիալական ցանցի էջից: Հետո հասկացա, որ նա գերի է»,- ասում է Մարալի դուստրը։ Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի/OC Media.
«Ես գիտեմ, որ մտածում եք իմ մասին, և ես մտածում եմ ձեր մասին։ Ես Ադրբեջանում եմ։ Այս օրերը կանցնեն, և մենք կհանդիպենք»։ Մարալի քույրն ու դուստրը կարդում են նրա նամակը բանտից. Լուսանկարը՝ Արմինե Ավետիսյանի/OC Media.

«Ես օրերն էի հաշվում՝ պատին գրառումներ անելով։ Փետրվարի 12-ին ինձ այցելեցին Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Այդ ժամանակ հասկացա, որ կարող եմ փրկվել։ Հետո նամակ գրեցի հարազատներիս՝ տեղեկացնելով, որ ողջ եմ»։

«Երբ իմացա, որ ինձ ազատ կարձակեն, խդրեցի, որ ինձ տանեն Բեյրութ, քանի որ կարոտում էի երեխաներիս ու մեծահասակ մորս, որ այնտեղ էին։ Երբ դուռը բացեցին և ասացին, որ ազատ եմ, զգացի, թե ինչ կզգա վանդակում գտնվող թռչունը, եթե նրան ազատեն վանդակից և ասեն՝ թռի՜ր։ Վերադարձա [Բեյրութ], բայց Վիգենը դեռ այնտեղ է»:

Սեպտեմբերի 9-ին վերադարձա Հայաստան։ Շատ եմ սիրում Հայաստանը. երբ առաջին անգամ այցելեցի, 14 տարեկան էի, և սիրահարվեցի երկրին: Սա իմ տունն է»։

«Ես հիմա հաճախում եմ մատնահարդարման դասընթացների։ Սովորում եմ, շուտով կսկսեմ աշխատել։ Իմ հաջորդ նպատակը տուն գնելն է, քանի որ այստեղ տուն չունեմ։ Նվեր եմ ստացել մի հողակտոր, դրամահավաք է կազմակերպվել՝ ինձ համար տուն կառուցելու համար։ Այժմ քրոջս ամուսնու՝ աղջկաս ու նրա նշանածի հետ տուն ենք վարձում։ Ես լավատես եմ, ամեն ինչ լավ կլինի։ Սպասում եմ Վիգենին։ Ես հավատում եմ, որ նա կվերադառնա»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել