Ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի ուղղությամբ

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանական գերատեսչությունից ՊԲ-ից նաև հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Արցախի ոստիկանությունն էլ հայտնում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

«Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանել