Քոչարյանի փաստաբանը պնդում է՝ դատավորի համար Փաշինյանի արածն անքննելի է

Հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, վերսկսեց քննել «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության» քաղաքացիական գործը։

Քոչարյանի քաղհայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին։

Դատաքննության մեկնարկին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը մամուլի ներկայացուցիչների կողմից, որից հետո դատարանի որոշմամբ տեսախցիկները հանվեցին դահլիճից։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը վիճարկեց փաստաբան Դավիթ Հունանյանին վարչապետի կողմից լիազորագիր տալու հանգամանքը։ Դատարանը լսեց կողմերին ու գտավ, որ Հունանյանի լիազորությունները պատշաճ են։ Այնուհետև Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Սկսվեց բանավեճ դատավոր Սերգեյ Սահակյանի ու փաստաբանի միջև, որի ընթացքում նախագահողը պնդեց, թե կողմը սխալ է ներկայացրել իր հայցը, քանի որ «պատասխանողը ամբողջությամբ չի ընտրված»։

Հայկ Ալումյանը, հիմք ընդունելով դատարանի հայտարարությունները, հայտնեց, թե պետք է բացարկ ներկայացնի դատավորին։ Նա խնդրեց 20 րոպե ժամանակ, որից հետո ներկայացրեց իր բացարկը։

Նախ Ալումյանը նշեց, որ դատարանն իր հայտարարությամբ խախտել է օրենքը, ըստ նրա, սակայն, միայն այս հանգամանքը չէ բացարկի հիմքը, այլ այն, որ «պրակտիկայից չբխող պնդումը դատավորը կատարել է պատասխանողի՝ ՀՀ վարչապետի կողմից տրված ոչ օրինական լիազորագիրը լեգիտիմացնելու նպատակով»։

«Դուք կանխակալ մոտեցում ունեք այս գործով կողմերից մեկի՝ վարչապետի նկատմամբ, որը դրսևորվում է նրա նկատմամբ ոչ քննադատական վերաբերմունքով։ Ձեզ համար, կարծես, անքննելի է նրա արածը»,- հայտարարեց Ալումյանը։

Դատավորը լսեց Ալումյանին և գնաց բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 13-ին։

Նիկոլ Փաշինյանը 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հրապարակում հայատրարել էր, թե «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին»։

«Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար»,- ասել էր գործադիրի ղեկավարը։ Վարչապետը ուշադրություն էր դարձրել մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի տապալման գործով դատավարության ձգձգումներին՝ մեղադրելով մեղադրվող անձանց պաշտպանական թիմին. «Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն»,- ասել էր Փաշինյանը։

Մարտի 1-ի գործով հիմնաքարային հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-ի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Փաշինյանը հանրապետության հրապարակում հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է: «Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել