Ադրբեջանը ՀԱՊԿ զորավարժություններին չի մասնակցելու. հայկական լրատվականները սխալվում են

ՀԱՊԿ Ղազախստան

#CivilNetCheck

Հայկ Հովհաննիսյան

Հայաստանյան լրատվականները հունվարի 6-ին տեղեկություն տարածեցին՝ իբր 2022-ին Ադրբեջանը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններին։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ Ադրբեջանի զինված ուժերը մի քանի տասնյակ զորավարժությունների և մրցումների թվում մասնակցելու են ՀԱՊԿ երկու զորավարժության՝ «Անխախտելի եղբայրություն» և «Միջազգային բանակային խաղեր»:

««Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև»,- նշված է 1in.am-ի հոդվածում։ «ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելը պատահական չէ․ Ադրբեջանը պարտք ունի Ռուսաստանի առաջ ու եկել է դրանք վերադարձնելու ժամանակը» վերնագրով նյութում 1in.am-ն ծավալուն վերլուծություն է հրապարակել այս թեմայով։

Լրատվականների մի մասի համար՝ News.am, Lragir.am, Lurer.com, auroranews.am, աղբյուր էր ծառայել «Sputnik Азербайджан»-ը, իսկ մյուս մասի համար՝ 1in.am, mamul.am, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNet Check) պարզեց, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Նույնանուն զորավարժությունները՝ թյուրըմբռնման պատճառ

«Անխախտելի եղբայրություն» անվանումով զորավարժություններ, իսկապես, իրականացվում է ՀԱՊԿ երկրների շրջանակում։ Ամեն տարի դրան մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։

Սակայն նույն անվամբ զորավարժություններ անցկացնում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ 2019-ից։ Նախորդ տարի՝ 2021-ի սեպտեմբերին, այն անցկացվել է Նախիջևանում՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման ֆոնին։

Այժմ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցելու են ոչ թե ՀԱՊԿ, այլ Թուրքիայի հետ իրականացվող նույնանուն զորավարժություններին։

Հատկանշական է, որ ո՛չ «Sputnik Азербайджан»-ի հոդվածում, ո՛չ էլ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունում ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի հիշատակվում: Հակառակը՝ հոդվածում հստակ նշվում է, որ խոսքն Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունների մասին է։

Հատված «Sputnik Ադրբեջան»-ի հոդվածից

«Միջազգային բանակային խաղերը» ոչ թե զորավարժություն է, այլ մրցույթ. Ադրբեջանը մասնակցում է վաղուց

«Միջազգային բանակային խաղերը» (Армейские международные игры, АрМИ) ամենամյա ռազմամարզական միջոցառում է, որը կազմակերպում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Այն անցկացվում է 2015-ից։ Ներկայում դրան մասնակցում է 30-ից ավելի երկիր։

Հատված «Միջազգային բանակային խաղերի» կանոնադրությունից

2015-ին Ռուսաստանում առաջին անցկացված բանակային խաղերին մասնակցել է 17 պետություն, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Դրանում ստեղծման պահից մասնակցել են բոլոր ՀԱՊԿ պետությունները, սակայն դրանք ուղիղ կապ չունեն ՀԱՊԿ կառույցի հետ։

Ավելին, վերջին տարիներին այն մասամբ անցկացվում է նաև Ռուսաստանից դուրս՝ մասնակից որոշ երկների տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ հրապարակումները, թե Ադրբեջանը մասնակցելու է ՀԱՊԿ զորավարժություններին, չեն համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել