Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը միտված է խաղաղապահ առաքելության խափանմանը․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 10-ին Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․

«Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։

Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։

Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը»։

***

Այսօր՝ ավելի վաղ, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Ավելի ուշ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Նախիջևանիկ գյուղի տարածքում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել չորս քաղաքացիական անձանց ուղղությամբ, որոնք տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս են եղել նռան այգում։ Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Մեկնաբանել