Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) ու ևս 3 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

2021-ի տարեվերջին հայտարարվել էր գործով նախաքննության մասին և կողմերին ժամանակ էր տրամադրվել՝ նյութերին ծանոթանալու համար:

Դավիթ Տոնոյանը կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով յուրացումը), Արտակ Դավթյանը՝ 375-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), Ստեփան Գալստյանը՝ 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը), Դավիթ Գալստյանը՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը)։

Մեկնաբանել