Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունն ավարտված է․ Տոկաև

ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունը Ղազախստանում ավարտված է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորակազմի փուլային դուրսբերումը ։ Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է Տոկաևը։

***

Իրավիճակը Ղազախստանում լարվել է հունվարի 1-ից հետո, երբ կառավարությունը որոշեց մեքենայի համար նախատեսված հեղուկ գազի գինը երկու անգամ բարձրացնել։ Բողոքի ցույցերը հատկապես մարդաշատ էին Մանգիստաուի մարզի Ակտաու քաղաքում, որն ունի մոտ 200 հազար բնակիչ, այնուհետև դրանք տարածվեցին ամբողջ պետությունով՝ ընդգրկելով նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը։

Հունվարի 5-ին իրավիճակը կտրուկ լարվել էր Ղազախստանի խոշորագույն քաղաքներից Ալմա-Աթայում։ Ըստ Ղազախստանի նախագահի՝ քաղաքի մերձակայքում մարտեր են ընթացել։

Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Ղազախստանում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղել 100 զինծառայող։