Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 7,7%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը` 2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ, կազմել է 7,7%։ 2021թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0,3% հավելաճ): Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2021թ. դեկտեմբերին 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,9 % գնաճ, որին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում գնաճերը: Բանջարեղենի գներն աճել են 40%-ով, մրգերինը 1,8%-ով։

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 19,8% գնաճ: Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9,1%, 9,5%, 9,7%, 13,4% և 23,7%-ով: Նույն ժամանակահատվածում կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 11.2% գնաճ:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 7,5%-ով, ձկան և ծովամթերքինը՝ 31,4%-ով: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 14,7% գնաճ: Մարգարինի և այլ բուսական յուղերի գները աճել են 21,0% և 11,8%-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս արձանագրվել է գնաճ՝ 8%-ի չափով։ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43,3% և 50,4% գնաճ: