Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար կունենա

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբի նոր հրամանատար կնշանակվի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն` հղում անելով Արցախում իր աղբյուրներին։

Ըստ կայքի՝ հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակներում։

Գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020-ի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիս, երբ խաղաղապահների ղեկավարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն էր:

Ներկայումս Վոլկովը Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետն է:

Անդրեյ Վոլկովը կլինի Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի 4-րդ հրամանատարը։ 2020-ի նոյեմբերից 2021-ի սեպտեմբեր ռուս խաղաղապահների հրամանատարը Ռուստամ Մուրադովն էր։ Նրան փոխարինեց Միխայիլ Կոսոբոկովը, որը պաշտոնավարեց մոտ մեկ ամիս։ Իսկ 2021-ի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը:

Մեկնաբանել