Հայաստանի պատմական քարտեզ չի՛ ցուցադրվել. Netflix-ը Թուրքիայում չի՛ արգելափակվել

netflix historical armenia map

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Համացանցի հայկական տիրույթում և լրատվականներում ակտիվ շրջանառվում է տեղեկություն, թե, իբր, ամերիկյան Netflix-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վավերագրական սերիալում ցուցադրվել է Հայաստանի պատմական սահմաններով քարտեզ։

Տեղեկության սկզբնաղբյուրը ermenihaber.am կայքն է, որի հոդվածում նշված է, թե քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Կայքը հղում է տալիս թուրքական երկու աղբյուրների։ Առաջինը՝ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնի (TÜRKDEGS) թվիթերյան հրապարակումն է, իսկ երկրորդը՝ «Yeni Akit» թերթի հոդվածը քարտեզի մասին։ Առաջինը դատապարտել է քարտեզը, իսկ երկրորդը նշել՝ քաղաքացիները պահանջում են Netflix-ի արգելափակումը Թուրքիայում։

Netflix-ի սերիալում Հայաստանի պատմական սահմաններն իբր ցուցադրելու և Թուրքիայում բարձացած աղմուկի մասին գրել են հայկական մի շարք լրատվականներ, այդ թվում՝ armenpress.am, tert.am, armeniasputnik.am, aravot.am, news.am, civic.am, aliqmedia.am։ Ավելին՝ Հանրային հեռուստատեսության լրատվական կայքը՝ 1lurer.am-ը, գրել է, թե Netflix-ն արդեն իսկ արգելափակվել է Թուրքիայում։

Հայաստանը պատմական սահմաններով ներկայացված չէ

Քարտեզը վերցված է Netflix-ի Greatest Events of WWII in Colour («Երկրորդ աշխարհամարտի խոշորագույն իրադարձությունները՝ գույներով») անվանումով վավերագրական սերիալի 5-րդ սերիայից՝ Ստալինինգրադի ճակատամարտի մասին։ Սերիալը թողարկվել է 2019-ին։

Հատկանշական է, որ ուսումնասիրելով քարտեզը, պարզում ենք, որ, չնայած լրատվականների պնդմանը, Հայաստանը ներկայացված է ոչ թե պատմական, այլ ներկայիս սահմաններով, որը նույնն է եղել նաև Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Ընդամենը ARMENIA անվանումը՝ Հայաստանի փոքր լինելու պատճառով, մեծամասամբ գրված է Թուրքիայի տարածքի վրա։ Նույն կերպ Վրաստանի և Ադրբեջանի անվանումների մեծ մասը գրված է Սև և Կասպից ծովերի վրա։ Ավելին՝ քարտեզի վրա հստակ երևում է Հայաստանի տարածքը, որը ինչպես մյուս խորհրդային հանրապետությունները, դեղինով է ներկված, իսկ Թուրքիայի տարածքը, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը, ամբողջությամբ կապույտ է։

Այսինքն, քարտեզում Թուրքիայի արևելյան շրջանները՝ նույն պատմական Արևմտյան Հայաստանը ներկայացված չէ որպես Հայաստանի մաս։ Ամբողջ աղմուկը, փաստացի, անհիմն է։

Հանրային հեռուստատեսության սխալը

Ermenihaber.am կայքին հղում տալով՝ թեմային է անդրադարձել նաև Հանրային հեռուստատեսության լրատվական 1lurer.am կայքը։ Հատկանշական է, սակայն, որ 1lurer.am-ի հոդվածի անգլերեն տարբերակի վերնագիրը պնդում է, որ Netflix-ը արդեն իսկ արգելափակվել է Թուրքիայում՝ կրկին հղում տալով ermenihaber.am-ին։

Սակայն Թուրքիայում Netflix-ի արգելափակման մասին որևէ տեղեկություն չկա։ Ermenihaber.am-ի հոդվածում ևս որևէ խոսք չկա դրա մասին։ Ավելին՝ այս թեմային, բացի վերը նշված թուրքական երկու աղբյուրներից, թուրքական որևէ այլ լրատվականում անդրադարձ չի եղել։

Այսպիսով, տարածվող տեղեկությունը թե Netflix-ի վավերագրական սերիալում Հայաստանը ներկայացված է պատմական սահմաններով՝ սխալ է։ Հանրային հեռուստատեսության լրատվական կայքի անգլերեն բաժնում նշված տեղեկությունը, թե Թուրքիայում արգելափակվել է Netflix-ը, ևս սխալ է։