Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ, երկու վիրավոր

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

Եվս երկու զինծառայող, ըստ ՊՆ-ի՝ վիրավոր է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանական գերատեսչության տեղեկացմամբ՝ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

***

Հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։ Ժամը 17։30-ի սահմաններում Ադրբեջանը վերսկսել էր կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել