ՊՆ-ն հայտնում է երրորդ զինծառայողի զոհվելու մասին

Հունվարի 11-ին սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է երեքի։

«Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով։ Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ՝ հունվարի 11-ի երեկոյան, ՊՆ-ն հաղորդել էր երկու զոհի և երկու վիրավորի մասին։

***

Հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։ Ժամը 17։30-ի սահմաններում Ադրբեջանը վերսկսել էր կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել