ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունից։

«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխանում։

***

Հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։ Ժամը 17։30-ի սահմաններում Ադրբեջանը վերսկսել էր կրակը սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի 3 զինծառայող, ևս երկուսը վիրավորվել է։

Մեկնաբանել