Ադրբեջան․ պատերազմի զավակները

Լուսանկարում Իմդադ Ալիզադեն է, որը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ստիպված է եղել լքել իր տունը։ Լուսանկարն արվել է 2015-ի ընտանեկան մի հավաքույթի ժամանակ մանկապարտեզում, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։

Հոդվածը՝ Համիդա Գիյասբայլիի, OC-Media

Լեյլան և Իմդադը տակավին երեխաներ էին, երբ սկսվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ադրբեջանցի ներքին տեղահանվածների կյանքին նվիրված այս շարքի երկրորդ մասում նրանք ներկայացնում են իրենց կյանքի պատմությունները Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից հետո:

[Հոդվածի առաջին մասը կարդացեք այստեղ]

Ղարաբաղյան առաջին պատերազմին վերջ դրած 1994-ի հրադադարից հետո Լեյլա Ջահանգիրովայի ընտանիքը, որը մի քանի տարի առաջ էր լքել Լեռնային Ղարաբաղում իրենց հայրենի Թուղ գյուղը, տեղափոխվել է կենտրոնական Ադրբեջանի Գոյչայ քաղաք։

Սակայն աղքատությունը կրնկակոխ հետևում էր նրանց, և ինչն ավելի վատ է, քաղաքում ոչ մի տեղ հնարավոր չէր դեղամիջոց գնել Լեյլայի կրտսեր եղբոր համար, որը բրոնխիալ ասթմա ուներ։

Մեկ տարի անց նրանք Բաքվում էին։ Բայց քանի որ չվճարված բնակվարձի գումարը կուտակվում էր, դա նույնպես երկար չտևեց: Նրանք շարունակ տեղափոխվում էին, սկզբում՝ Ֆիզուլի, հետո մեկ տարվա ընթացքում վերադարձան Բաքու, դրանից կարճ ժամանակ անց՝ Սումգայիթ, ապա 1997-ին՝ կրկին Բաքու:

Ընտանիքը պահելու համար այս ողջ ընթացքում Լեյլայի ծնողներն աշխատել են մոտակա հիվանդանոցներում, հաճախ ամեն օր՝ կրկնակի հերթափոխով, որպեսզի բավարար գումար վաստակեն փողոցում չհայտնվելու համար: 1984-ին ծնված Լեյլայի մանկության մեծ մասը և ողջ պատանեկությունը նշանավորվել է նման պարբերական տեղափոխումներով:

Միայն 2011-ին՝ նրանց տեղահանումից մոտ երկու տասնամյակ անց, Ադրբեջանի իշխանությունները Լեյլայի ընտանիքին տուն տվեցին ներքին տեղահանվածների համար կառուցված Ռամանա բնակավայրում, որը Բաքվի ծայրամասում է գտնվում։

Իմդադ Ալիզադեի կյանքի պատմությունը նման է այս մեկին. նա ծնվել է 1980-ին և դեռահասության շեմին էր, երբ սկսվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը, և նրա ընտանիքը ստիպված եղավ լքել Լաչինի շրջանի իրենց հայրենի Օղուլդերե գյուղը:

Իմդադի ընտանիքը տեղահանությունից հետո, ընդհանուր առմամբ, 11 անգամ տեղափոխվել է, նախքան Բաքվի նախկին մանկապարտեզներից մեկի շենքում համեմատաբար երկար ժամանակով բնակարան գտնելը:

Մշտական բնակության վայրի բացակայությունն ու անապահովության տարիներն իրենց հետքն են թողել։ Իմդադը հիշում է, որ ինը անդամից բաղկացած իր ընտանիքը հաց ուտելու համար հաճախ չուներ սպասք կամ քնելու համար՝ ներքնակներ: Նույնիսկ Ադրբեջանի կողմից իր հայրենի գյուղի վերականգնումը քիչ նշանակություն ունեցավ նրա վերքերը բուժելու հարցում: «Սա չի փոխում այն կործանարար մանկությունը, որ ունեցել ենք մենք»,- ասում է նա:

Առաջին պատերազմի ավարտից հետո Իմդադի ընտանիքի կյանքն անմիջապես չհեշտացավ։ Թարթառում բնակվելու ժամանակ ընտանիքն օգնություն էր ստանում միջազգային կազմակերպություններից, սակայն օգնությունը դադարեց, երբ տեղափոխվեցին Բաքու:

Պետության տրամադրած օգնությունը, որը բաշխվում էր հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների միջև, շատ սահմանափակ էր ցանկացած առանձին ընտանիքի համար, և թեև կարող էր օգնել կենցաղային որոշ փոքր ծախսեր հոգալու հարցում, այն բավարար չէր կյանքը զրոյից սկսելու համար:


Երկրորդ կարգի քաղաքացիներ

Ամեն անգամ, երբ Լեյլայի ընտանիքը տեղափոխվում էր, երեխաները ստիպված էին լինում հարմարվել: Նրանք պետք է գնային նոր դպրոց, գտնեին նոր ընկերներ։ Բոլորն անմիջապես իմանում էին, որ նրանք հարկադիր վերաբնակներ են. տարբեր էր նրանց ակցենտը, հագուկապը, ինչպես նաև կրթական մակարդակը:

«Մենք հաճախ էինք բուլինգի ենթարկվում և այդ պատճառով ստիպված էինք կուլ տալ մեր ցավի մեծ մասը»,- հիշում է Լեյլան: Չնայած դժվարություններին՝ Լեյլան, նրա քույրն ու եղբայրը բոլորն էլ ընդունվեցին համալսարան և հետագայում լավ աշխատանք գտան, հաջողություն, որը նա վերագրում է ծնողներին, որոնք, անկախ դժվարություններից, շարունակ ուշադրության կենտրոնում էին պահում երեխաների կրթությունը։

Ըստ Լեյլայի՝ խտրականությունը, որին ինքը և այլ հարկադիր վերաբնակներ բախվել են, հիմնականում կապված էր բնակարանային ճգնաժամի հետ, որն ազդել է պատերազմի պատճառով իրենց տները հարկադրաբար լքած հարյուր հազարավոր մարդկանց վրա: Խնդիրը մեղմելու համար Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը բազմաթիվ հարկադիր վերաբնակների իրավունք է տվել ապրելու չբնակեցված կամ չօգտագործվող շինություններում՝ առանց դրանց օրինական սեփականատերերի թույլտվության:

«Կարծում եմ, որ հարկադիր վերաբնակները տեղի բնակիչներից մասնավոր սեփականություն հանդիսացող բազմաթիվ շինություններ են բռնագրավել, և դա հանգեցրել է սոցիալական տարաձայնությունների»,- ասում է Լեյլան:

Ներքին տեղահանվածները, որոնք հիմնականում գյուղաբնակ էին, նույնպես դժվարությամբ էին հարմարվում քաղաքային կյանքին: Նրանք ընտանի թռչուններ էին պահում իրենց բնակարաններում և բանջարեղեն էին աճեցնում պատշգամբներում, նաև քաղաքաբնակների նման գեղեցիկ չէին հագնվում:

«Դու կյանքում ասֆալտ չես տեսել, չէ՞»,- իրեն ասված խոսքերն է հիշում Լեյլան։

Քաղաքաբնակների դասակարգային ծաղրը ամենավատ բանը չէր․ ներքին տեղահանվածների նկատմամբ վերաբերմունքը երբեմն վերածվում էր բացահայտ ատելության։ Լեյլան հիշում է, թե ինչպես իրեն մի անգամ ասացին․ «Դուք ձեր հողերը ծախել եք, դավաճաննե՛ր, ինչո՞ւ չմեռաք դրանք հայերից պաշտպանելու համար»։

Այդուհանդերձ, չի կարելի ասել, թե ներքին տեղահանվածներն ամբողջապես մեկուսացած էին։ Շատերը նրանց առաջ բացեցին իրենց սրտերն ու տները: Մինչ Լեյլայի ընտանիքը պայքարում էր երկար ժամանակով բնակարան գտնելու համար, շատերը նրանց թույլ էին տալիս մնալ իրենց տներում՝ առանց որևէ գումար վերցնելու: Ոմանք սնունդ կամ հագուստ էին տալիս նրանց, և դա այն տարիներին, երբ գրեթե բոլորն ապրում էին աղքատության մեջ։

Իմդադը նաև հիշում է այն երկակիությունը, որին իր ընտանիքը բախվել է Բաքվում՝ թե՛ բարությունը, թե՛ ագրեսիվությունը։ Նա և իր ընտանիքը մեղադրվում էին նաև այն բանի համար, որ իրենց տները թողել են առաջ շարժվող հայկական զորքերին միմիայն հարուստ մայրաքաղաք տեղափոխվելու ցանկության պատճառով:

«Բռնի տեղահանվածի ամենադժվար հատկանիշն այն է, որ դու անսպասելիորեն վերածվում ես երկրորդ կարգի քաղաքացու»,- ասում է Իմդադը:

«Կարևոր չէ, թե որքան լավ ես անում այն, ինչ անում ես․ քո բնավորությունը և խիղճը նշանակություն չունեն, երբ քեզ պիտակավորում են որպես ներքին տեղահանված, դա նման է բոլորովին այլ սոցիալական խավից լինելուն»:

Ահա թե ինչու է Իմդադի համար այդքան կարևոր, որ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը իր հայրենի գյուղում և Լաչինի շրջանում, թեև դա չի փոխում անցյալը։ Նա ասում է, որ ներքին տեղահանվածի կարգավիճակ ունենալու կարիք ինքն այլևս չունի, կարող է լինել ինչպես ցանկացած այլ ադրբեջանցի։


Երկար սպասված վերադարձ

Մինչ օրս Լեյլայի մայրը դեռ մտածում է այն մասին, թե ինչպիսին կլիներ իր ընտանիքի կյանքը, եթե պատերազմը տեղի չունենար: Մինչդեռ Լեյլան կարծում է, որ ներքին տեղահանվածները հակում ունեն իրենց կյանքում չստացված ամեն բանի մեղքը գցել պատերազմի վրա։

«Երբ մենք հիվանդանում էինք, մայրս միշտ ասում էր, թե պատճառն այն է, որ Բաքվում ենք ապրում»,- ասում է նա:

«Երբ չէինք կարողանում ռուսերեն կամ անգլերեն սովորել, նա միշտ ասում էր, թե դա այն պատճառով է, որ Բաքվում լավ ուսուցիչներ չկան, եթե չէինք կարողանում մեր ընտանիքը ստեղծել, դա այն պատճառով էր, որ Բաքվում համապատասխան մարդիկ չկան»:

Լեյլայի մոր տրավման նաև այլ կերպ է արտահայտվում։ Երբ երեխաները նրա համար նոր հագուստ են գնում, նա սիրով ընդունում է դրանք, բայց հետո հրաժարվում է հագնել: «Նա կարծես հատուկ պահի է սպասում»,- ասում է Լեյլան:

Լեյլան նշում է, որ իր հայրենի գյուղի բնակիչները նոր պատերազմ չէին ցանկանում և որ շատերն անհարմար էին զգում վերադառնալ և ապրել հողում, որն արյունով է վերցվել: Նա ասում է, որ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո հազվադեպ է հանդիպել տարեց հարևանի, որը սրտանց ուրախ է հաղթանակի համար:

Սակայն ինչ վերաբերում է հենց Լեյլին, ապա նա վճռական է տրամադրված վերադառնալու հարցում։

«Թեև ես ութ տարեկան փոքր աղջիկ էի, երբ հեռացա և այժմ վերադառնում եմ որպես 36 տարեկան կին, ես կփնտրեմ այն խաղալիքները, որոնք թաքցրել եմ մեր գնալուց առաջ»,- ասում է նա:

Երբ մարդիկ հարցնում են, թե արդյոք նա իսկապես պատրաստ է հրաժարվել այն կյանքից, որը Բաքվում կառուցել է տասնամյակներով, Լեյլան հաստատակամ է. նա վստահ է, որ իր հայրենի գյուղում կյանքն ավելի լավ կլինի:

Իմդադի ընտանիքը, սակայն, դեռ սպասում է իր հերթին՝ ստանալու համար բնակարանը, որն 1990-ականներից ի վեր պետությունը խոստացել է տրամադրել ներքին տեղահանվածներին: Ընտանիքը հուսով է, որ շուտով կստանա այն, սակայն հաշվի առնելով, որ իրենց հայրենի գյուղն Ադրբեջանի վերահսկողության տակ է վերադարձվել, չգիտեն, թե ինչ կլինի:

Բայց ինչ էլ որ պատահի, Իմդադը գիտի, որ վերադառնալու է իր հին տուն:

Իմդադն ասում է, որ երբ հասնի Օղուլդերե գյուղ, գիտի, որ այլևս չկա այն տունը, որն սպասում է իրեն, բայց նաև վստահ է, որ իրենց տնից գոնե մեկ պատ դեռ կանգուն է։ Նա ասում է, որ ծնկի կիջնի այդ պատի առաջ, արցունքները կքսի պատին և կասի․ «Իմ հայրական տուն, մենք վերադարձանք»։


Արդյոք երբևէ կլինի՞ խաղաղություն

«Ես մինչև վերջին պահը հավատում էի, որ նոր պատերազմ չի լինի, բայց, ցավոք, դա տեղի ունեցավ»,- հառաչում է Լեյլան:

Նա կարծում է, որ եթե հայկական կողմը կարողանար գնալ փոխզիջումների, ապա այս պատերազմից կարելի էր խուսափել։ Վերջին տարիներին նա մասնակցել է հայ-ադրբեջանական երկխոսության բազմաթիվ ծրագրերի և համոզված էր, որ հայ և ադրբեջանական հասարակությունները սովորում էին, թե ինչպես պետք է խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե նրանք խաղաղության մասին ընդհանուր պատկերացում դեռ չունեին:

Նա նաև աշխատանքներ է տանում իր հայրենի գյուղի բնակիչների շրջանում՝ նրանց նախապատրաստելով հաշտեցման: Տեղահանվածները բոլորից լավ գիտեն պատերազմի սարսափները, ասում է նա՝ հավելելով, որ չնայած հաշտեցման թեմայով խոսելը շատ դժվար է, ակնհայտ է, որ մարդիկ չէին ցանկանում, որ նոր պատերազմ բռնկվի։

«Կան մարդիկ, որոնց համար դա շատ ծանր թեմա է, և երբեմն այս խոսակցությունների ընթացքում մենք ունենում էինք կոնֆլիկտներ, բայց հարևանների միջև ընդհանուր փոխըմբռնումը և հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամությունը միշտ գերակայում էին»,- ընդգծում է նա։

Լեյլան նաև պատմում է հայ-ադրբեջանական երկխոսության վերաբերյալ իր հիասթափության մասին։

«Կան մարդիկ, որոնք ինձ հարցնում են. «Դու պարտվող էիր, իսկ հիմա՝ հաղթող․ դա ինչպիսի՞ զգացողություն է»: Ես հոգնել եմ բացատրելուց, որ երբեք ինձ պարտվող չեմ զգացել»,- ասում է նա՝ հավելելով, որ հիմա էլ իրեն «հաղթող» չի զգում։

Լեյլայի համար հայրենի գյուղ վերադառնալը ոչ այլ ինչ է, քան 30 տարվա տառապանքից հետո երկար ձգձգված արդարություն: Նա նաև ասում է, թե հասկանում է, որ կան հայեր, որոնք տեղահանվել են այն տարածքներից, որ պատերազմի պատճառով Ադրբեջանի վերահսկողությանն են անցել։

«Ադրբեջանը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որը հայերի համար գրավիչ կլինի, որպեսզի նրանք վերադառնան և իրենց այնտեղ ապահով զգան, իսկ հետո տա նրանց այդ հնարավորությունը»,- ասաց նա։

«Ուզենք, թե չուզենք, մենք ստիպված ենք միասին ապրել։ Կա՛մ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, կա՛մ շատ տասնամյակներ խճճվում ենք պատերազմների մեջ,- ասում է Լեյլան,- Պետք է քաջություն լինի ասելու, որ մենք սպանել ենք միմյանց, տեղահանել ենք միմյանց, սխալ ենք վարվել միմյանց հետ, և հիմա ժամանակն է փոխել դա»:

Իմդադը պակաս լավատես է: Նա կարծում է, որ հաշտեցման առաջին քայլերը պետք է անի Հայաստանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ ցանկանում է խաղաղություն և համագործակցություն, ներողություն խնդրի և ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Քանի դեռ դա տեղի չի ունենում, ես խաղաղության հույսեր չունեմ»,- ասում է նա։

Ընդորում, Իմդադն ինքը դեռ պատրաստ չէ հաշտության։ «Ցավն ու վնասը, որ հասցվել է մեզ, չեն բուժվել, սակայն, գուցե ապագայում բուժվեն»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ տեղահանվելուց հետո իր և այլ հարկադիր վերաբնակների կյանքում «բացարձակ մթություն» էր տիրում։

«Չեմ կարծում, որ հիմա կարող եմ այդքան հեշտությամբ շրջել այդ էջը»,- եզրափակում է նա:

Մեկնաբանել