Կովկաս․ կանխատեսումներ 2022-ի համար

What-to-expect-in-2022-1024x683

OC Media

Մինչ Հարավային Կովկասում մոլեգնում է համաճարակը, և տարածաշրջանը դեռ ուշքի չի եկել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց, OC Media-ի հոդվածագիրները կանխատեսումներ են անում, թե ինչ կարող է լինել Կովկասում 2022-ին։

Անի Ավետիսյան, սյունակագիր

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրեթե փոփոխություն չի լինի․ սահմանային լարվածությունը կշարունակվի, և նորացված տրանսպորտային կապերի շուրջ բանակցությունները կձգձգվեն: Երկրները կսկսեն բանակցություններ վարել էքսկլավների փոխանակման շուրջ։

Հայաստանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ կշարունակեն մնալ լարված։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գնալով ավելի դժգոհ, նույնիսկ թշնամական է լինելու ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ սեփական իշխանության նկատմամբ։

Հայաստանում ժողովրդավարությունը կշարունակի անկում ապրել։ Իշխանությունները, շարունակելով ամրապնդել իրենց դիրքերը՝ ենթադրաբար հին կոռումպացված էլիտաների վերադարձը կանխելու համար, կընդունեն նոր օրենքներ, որոնք կսահմանափակեն լրատվամիջոցների իրավունքները և այլ ազատությունները: Կառավարության գործողությունները կդառնան ավելի անթափանց, կոռուպցիան կաճի։

Իսմի Աղաև, սյունակագիր

Ադրբեջանում բողոքի ցույցերի թիվը կմեծանա։ Սոցիալական բողոքներ կլինեն հետպատերազմյան տնտեսական իրավիճակի, այդ թվում՝ գնաճի և կոմունալ ծախսերի բարձրացման դեմ։ Կառավարության կողմից կանանց իրավունքների անտեսումը ավելի ու ավելի շատ կանանց դուրս կբերի ցույցերի:

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացում կլինի: Կլինի «խաղաղություն» և առևտուր կառավարության վերահսկողության ներքո, բայց դա չի լինի անկեղծ, և իրական հաշտեցում տեղի չի ունենա:

Ադրբեջանում ԼԳԲՏ վիճակը ավելի կվատթարանա։ Հասարակության կողմից բռնությունները նրանց նկատմամբ կշարունակվեն՝ պայմանավորված խնդրի լուծման ուղղությամբ իշխանությունների գործողությունների լիակատար և կանխամտածված բացակայությամբ:

Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա կմեծանա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից հետո Թուրքիան ակտիվացրել է ջանքերը՝ մեծացնելու իր ազդեցությունը երկրում։ Այս միտումը կշարունակվի 2022-ին և կհանգեցնի մշակութային, տնտեսական և քաղաքական հակասությունների։ Այն կներառի ավելի շատ թուրքական ընկերությունների մուտքը ադրբեջանական շուկա, ավելի շատ խոսակցություններ Թուրքիայի մասին՝ սոցիալական և մշակութային կյանքում, և կշարունակվի ադրբեջանական զինուժը թուրքական մոդելին հարմարեցնելու գործընթացը:

Պիտեր Լիախով, ավագ խմբագիր

Հայաստանի և Ադրբեջանի միջև կսկսվի ապրանքաշրջանառություն, բայց ոչ՝ մարդկանց ելումուտ։ Ռուսաստանը, նույնքան հաստատակամ և ագրեսիվ, որքան եղել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում, կպահանջի բացել տարանցիկ կապերը, որոնք շրջանցում են Արևմուտքի դաշնակից Վրաստանին և Ռուսաստանին նոր լծակներ են տալիս: Ավելի ուղիղ այս երթուղիներն ֆինանսապես ձեռնտու են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բարձր մակարդակը, այդ թվում՝ հասարակությունների հարթությունում, նշանակում է, որ դժվար թե որևէ մեկը կարողանա Երևան-Բաքու գնացքի տոմս գնել գալիք տարիներին:

Պարարտանյութերի բարձր գները և մատակարարման շղթայի խաթարումները կհանգեցնեն սոցիալական հուզումների։ Մատակարարման շղթայի խնդիրները և պարարտանյութի ռեկորդային բարձր գները, հավանաբար, 2022-ին կհանգեցնեն ցածր բերքատվության և պարենային առանց այն էլ բարձր գների ավելի մեծ աճի: Հուզումներ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Հայաստանում և Վրաստանում, ինչը պայմանավորված է նրանց կառավարությունների՝ տնտեսությանը միջամտելու սահմանափակ կարողությամբ, կառավարության լեգիտիմության նվազմամբ և ժողովրդական համախմբման թարմ պատմությամբ։

Մարիամ Նիկուրաձե, OC Media-ի համահիմնադիր

Միխեիլ Սաակաշվիլին կմնա բանտում։ Նախագահ Զուրաբիշվիլին հասկացրել է, որ ներում չի շնորհելու նրան, և «Վրացական երազանքը» վերջին ինը տարիների ընթացքում անվերջ խոսել է Սաակաշվիլիի ենթադրյալ հանցագործությունների մասին: Եթե անգամ Արևմուտքի կողմից ճնշումներ լինեն նրան ազատելու համար (մի բան, որը չի նշմարվում առաջիկայում), կառավարությունն այժմ կարծես այնքան էլ ուշադրություն չի դարձնում Արևմուտքի ճնշմանը, որքան նախկինում:

Թբիլիսիում անցած տարվա հոմոֆոբ և լրատվամիջոցների դեմ անկարգությունների կազմակերպիչները կմնան ազատության մեջ։ Այս անպատժելիությունը նրանց թույլ կտա կրկին ազատ բռնություն կազմակերպել այս տարի ԼԳԲՏ իրավունքների որևէ ցույցի ժամանակ:

Վրաստանում ընտրություններ չեն լինի։ «Վրացական երազանք»-ը բազմիցս պնդել է, որ իրենք նոր ընտրություններ չեն անցկացնի մինչև 2024-ը, ինչը նրանք պարզ դարձրին անցյալ տարի՝ դրժելով ընդդիմության հետ ԵՄ միջնորդությամբ կնքված համաձայնագիրը: Անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններից հետո բողոքի մեծ ցույցեր չեղան, և ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ, որպեսզի պայքարի նոր ընտրությունների համար, քանի որ նրանք հազիվ համագործակցում են իրար հետ: Ընդդիմության կողմից կոնկրետ այս պահանջի համար Արևմուտքի կողմից ճնշում չկա, և եթե նույնիսկ լինի, դժվար թե դա ազդեցություն ունենա իշխանության վրա։

Թաթա Շոշիաշվիլի, սյունակագիր

Վրաստանի վարչապետը հրաժարական կտա։ Անցյալ տարվա փետրվարին Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետ նշանակվելուց հետո երկիրը աննախադեպ քննադատության ենթարկվեց իր արևմտյան գործընկերների կողմից: Ե՛վ երկրի, և՛ իշխող կուսակցության հեղինակությանը հասցվող վնասի պատճառով «Վրացական երազանք»-ի ղեկավար անդամները նրան կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից։

Tbilisi Pride-ի անցկացումը չի թույլատրվի։ Վրաստանում ԼԳԲՏ համայնքին երբեք թույլ չեն տվել ցույցեր անել խաղաղ միջավայրում։ Ամեն տարի կառավարությունը հայտարարում է, որ անհնար կլինի պաշտպանել նման ցույցը, չփորձելով իսկ դա անել․ 2022-ը ոչնչով չի տարբերվի։

Վրաստանի իշխանությունները չեն հետաքննի Վրաց ուղղափառ եկեղեցում մանկապղծության մասին մեղադրանքները։ Անցյալ տարի Պետական անվտանգության ծառայության կողմից գաղտնազերծված փաստաթղթերը ենթադրում էին, որ Վրաց ուղղափառ եկեղեցու առնվազն 12 քահանա սեռական ոտնձգություն է կատարել երեխաների նկատմամբ: Իշխանությունները չեն հետաքննի այդ մեղադրանքները և չեն գնալ եկեղեցու հետ առճակատվելու ռիսկին։

Շոթա Կինչա, սյունակագիր

Հակառակ ոմանց ցանկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլին կմնա Վրաստանի վարչապետի պաշտոնում: Թեև կարծիքները այն մասին, թե արդյոք նրա հրահանգիչ Բիձինա Իվանիշվիլին իսկապես լքել է քաղաքականությունը, տարբեր են, այնուամենայնիվ, Ղարիբաշվիլին կշարունակի մնալ: Եթե, ինչպես շատերն են կարծում, Ղարիբաշվիլին Իվանիշվիլիի խամաճիկն է, ապա վերջինս ուրախ կլիներ վարչապետի պաշտոնում պահպանել իր ամենահավատարիմ աջակցին։ Եթե Իվանիշվիլին իսկապես հեռացել է, ապա Ղարիբաշվիլիի համար դեպի անորոշ ապագա պաշտոնաթողության ավելի քիչ պատճառներ կլինեն:

«Ազգային համաձայնության» հասնելու Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերը, ի վերջո, կձախողվեն, նրա և «Վրացական երազանքի» միջև անջրպետն ավելի կխորանա։ Վրաստանի նախագահին չի հաջողվի նվազեցնել բևեռացումը կամ որևէ շոշափելի համաձայնության հասնել «Վրացական երազանք»-ի և «Միացյալ ազգային շարժման» միջև։ Նա իր ձախողման մեղքը կբարդի «Միացյալ ազգային շարժման» նկատմամբ իշխող կուսակցության ոչ ճկուն դիրքորոշման վրա՝ դարձնելով նրան կուսակցության հերթական թշնամին:

Կախա Կալաձեն դուրս կգա «Վրացական երազանքից», իսկ Նիկա Մելիան դուրս կմղվի «Միացյալ ազգային շարժումից»։ Անցյալ տարի Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից իբր հեռանալուց հետո նրա հիմնած կուսակցությունում ներքին պայքարը, որն ընդգծվեց անցյալ տարի Գիորգի Գախարիայի ցնցող հրաժարականով, միայն կվատթարանա: Հաշվի առնելով Կալաձեի ժողովրդականությունը Վրաստանում և այն փաստը, որ նա ավելի քիչ թշնամական տոն ունի, քան իր կուսակցության մյուս առաջատար անդամները, Թբիլիսիի նորընտիր քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, կցանկանա հեռանալ կուսակցությունից։ Ի տարբերություն Կալաձեի` «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան, ամենայն հավանականությամբ, կհեռացվի իր կուսակցությունից, քանի որ Միխեիլ Սաակաշվիլին փորձում է վերահաստատել կուսակցության նկատմամբ իր վերահսկողությունը:

Դոմինիկ Կագարա, OC Media-ի համահիմնադիր

Համաճարակը Կովկասում կշարունակվի նույն տեմպերով։ Կովկասի կառավարությունները կհանձնվեն և կսկսեն մեղմացնել COVID-ի դեմ սահմանափակումները՝ սոցիալական ճնշման և տուժած տնտեսությունների պատճառով։ Հաշվի առնելով պատվաստումների չափազանց ցածր մակարդակը և վիրուսի՝ նոր, արագ տարածվող ու պատվաստանյութակայուն տարբերակները, շատ ավելի շատ մարդիկ կմահանան:

Ծայրահեղ աջերը Վրաստանում կվերածվեն քաղաքական ուժի։ Ե՛վ Վրացական երազանքի, և՛ «Միացյալ ազգային շարժման» գաղափարական սնանկացումից հետո ծայրահեղ աջ կուսակցությունը՝ Alt-Info-ն, կհաստատվի որպես այլընտրանք՝ ծայրահեղ պահպանողականության և սոցիալական բարեկեցության խոստումների խառնուրդով:

Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց չի լինի։ Ռուսաստանը կշարունակի փորձել խանգարել Վրաստանին երկխոսության մեջ մտնել անջատված հանրապետությունների հետ, մինչդեռ Վրաստանը կշարունակի չճանաչման և երկխոսությունից խուսափելու իր քաղաքականությունը։

Մարիաննա Կոտովա, սյունակագիր

Աբխազիայի քաղաքական գործիչները կշարունակեն պայքարել իշխանության համար՝ բողոքի ցույցերի ավելի շատ պատճառներ փնտրելով: 2004-ից ի վեր ռեժիմի փոփոխության ձգտող բողոքի ցույցերը դարձել են ազգային ավանդույթ: Այս տարի դժվար թե հրաժարվեն նման գործելակերպից:

Աբխազիան կբախվի էկոլոգիական աղետների։ Հրդեհները կմոլեգնեն չոր սեզոնին, իսկ ամռանը կլինեն ջրհեղեղներ և փոթորիկներ: Այս աղետները սովորական են դարձել ամբողջ աշխարհում, և Աբխազիան հատկապես խոցելի է:

Աբխազիայում հովհարային անջատումները կդադարեն։ Էներգետիկայի ոլորտում խոստացված ներդրումները կբարելավեն մարդկանց կենսապայմանները։

Աբխազիայում օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքը չի օրինականացվի։ Իշխանությունները չեն գնա նման ոչ պոպուլյար քայլի, բայց Ռուսաստանի իշխանությունները չեն դադարեցնի այդ հարցում ճնշումը։

Ռոբին Ֆաբրո, Գլխավոր խմբագիր

Հարավային Կովկասում ԶԼՄ-ների իրավունքները կշարունակեն վատթարանալ։ Ադրբեջանում, որն ունի աշխարհի ամենաճնշող մեդիա միջավայրերից մեկը, լրատվության մասին նոր օրենքը ավելի կխստացնի սահմանափակումները:

Հայաստանում Փաշինյանը գնալով ավելի ալերգիկ է դառնում քննադատության հանդեպ, միտում, որը հետդարձի քիչ նշաններ է ցույց տալիս։

Անցյալ տարի Վրաստանում եղավ լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքի պոռթկում՝ հատկապես պահպանողական և ծայրահեղ աջ խմբերի կողմից: Քանի որ կառավարությունը հավանություն է տալիս նման ուղերձներին, Վրաստանում լրագրողների վրա ֆիզիկական հարձակումները դժվար թե դադարեցվեն:

Ռուսաստանը կվերահաստատվի Հարավային Կովկասում։ Մինչ Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը հասնում է գագաթնակետին, հաջորդը կարող է լինել Կովկասը: Ինչպես Ուկրաինայում, Վրաստանը մտադիր չէ հրաժարվել ՆԱՏՕ-ի իր նկրտումներից, և ՆԱՏՕ-ն չի խոնարհվի Ռուսաստանի պահանջների առաջ՝ դա բացառելու համար:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ուժեղացնում է իր ներգրավվածությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ենթադրաբար, Ռուսաստանի դաշնակից Հայաստանում: Ադրբեջանում արդեն լարվածություն է նկատվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռուսական ուժերի տեղակայման հետ: Այն, թե ինչպես Ռուսաստանը կարող է վերահաստատել իրեն, անկանխատեսելի է, ինչպես երբևէ, բայց այն իր օրակարգը առաջ մղելու համար բազմաթիվ գործիքներ ունի՝ տնտեսական ազդեցությունից մինչև ռազմական ուժի սպառնալիք կամ կիրառում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել