Արցախի նախագահի հնարավոր թեկնածուները և սպասվող զարգացումները

44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախում ներքաղաքական գործընթացները երկրորդ պլան են մղվել: Հետպատերազմյան շրջանի որոշակի քաղաքական ակտիվությունը, որը պայմանավորված էր պատերազմի աղետալի արդյունքներով, 2021-ի ընթացքում աստիճանաբար մարել է: Անցած տարվա ընթացքում արցախյան հասարակության առաջնային խնդիրը պատերազմի սոցիալ-տնտեսական ծանր հետևանքների հաղթահարումն էր:

Այնուամենայնիվ, սոցիալական ծանր խնդիրների հաղթահարմանը զուգընթաց մոտակա տարիների ընթացքում Արցախի համար առաջնային նշանակություն է ունենալու պատերազմի արդյունքում ի հայտ եկած ներքաղաքական մարտահրավերների համար կենսունակ լուծումներ գտնելու ունակությունը: Ներքաղաքական այդ մարտահրավերների հաղթահարումից է մեծապես կախված լինելու նաև Արցախի ապագա սուբյեկտայնությունն ու հայկականությունը:

Մոտ ապագայում Արցախի ներքաղաքական խնդիրներից կարևորագույնը լինելու է իշխանափոխության անխափան մեխանիզմների վերականգնումը, որոնք վտանգվել են 44-օրյա պատերազմի արդյունքում: 2025-ին Արցախում պետք է տեղի ունենան հերթական նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը համընկնելու է 2020-ի նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ նշված այն ժամանակահատվածի հետ, երբ պետք է որոշվի Արցախում ռուս խաղաղապահ առաքելության ներկայության երկարաձգման հարցը: Այդ առումով կա վտանգ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններում կարող է խաղաղապահ առաքելության երկարաձգմանը համաձայնություն տալու դիմաց պահանջել ԼՂՀ֊ում նախագահական ընտրությունների չեղարկումը:

Այս վտանգը չեզոքացնելու համար Արցախի իշխանություններն ու քաղաքական դասը հավանաբար մի շարք քայլեր են ձեռնարկելու օրենսդրական դաշտում, որոնք Արցախում նոր իշխանություն ձևավորելու երաշխիքներ են ստեղծելու: Ակնկալվում է, որ այդ քայլերի շարքում են լինելու խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման տարանջատումը: 2017-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Արցախում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները անկացվում են նույն օրը: Սահմանադրության այս դրույթի չեղարկման արդյունքում ամենայն հավանականությամբ 2025-ի նախագահական ընտրություններից առաջ տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր Ազգային ժողով:

Ամենայն հավանականությամբ՝ 2025-ի նախագահական ընտրություններից Արցախում առաջ տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր Ազգային ժողով

Այս հանգամանքը զգալիորեն աշխուժացնելու է ներքաղաքական կյանքը Արցախում: Մեծ հաշվով խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները կարող են կանխորոշել, թե ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Այդ իսկ պատճառով նախագահական աթոռի նկատմամբ հավակնություններ ունեցող գործիչներն ու ուժերը արդեն իսկ պատրաստվում են պայքարի մեջ մտնել:

Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական հաջորդ ընտրություններին և լքելու է քաղաքականությունը դրանց անկացումից հետո: Առաջին անգամ Հարությունյանը այդ մասին խոսել է 2020-ի դեկտեմբերի 16-ի իր ուղերձում: Նա մասնավորապես նշել էր․

«Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճ ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները:
Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»։

Արայիկ Հարությունյանը իր այս խոստումը կրկնել է նաև 2021-ի հունիսի 23-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում: Հարությունյանը ամենայն հավանականությամբ կենտրոնանալու է խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակի հասնելու վրա և փորձելու է ընտրել իր համար նախընտրելի հետնորդ:

Արայիկ Հարությունյանի պոտենցիալ հետնորդների մասին խոսակցություններում այս փուլում հիշատակվում է ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի անունը: Սարգսյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիգորի Սարկիսյանի որդին է: Նրա թեկնածությանը կողմ են հատկապես Արայիկ Հարությունյանի թիմի գործարար թևի ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, ներկայում հավանաբար Սարգսյանի թեկնածության վերաբերյալ որոշում չի կայացվել, և կա մեծ հավանականություն, որ Հարությունյանը ի վերջո այլ գործչի վրա կանգ կառնի:

Արցախի նախագահի պաշտոնի անսպասելի հավակնորդներից է ԼՂՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը: Սահակյանը վերջին ամիսների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Մոսկվայում, որտեղ փորձում է որոշում կայացնողներին հասցնել այն միտքը, որ ինքը Արցախի նախագահի պաշտոնում Հարությունյանից ավելի նախընտրելի թեկնածու է: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակյանը իր նպատակին հասնելու համար օգտվում է ռուսաստանցի հայտնի գործիչ ու վերլուծաբան Մոդեստ Կոլերովի ծառայություններից:

Կոլերովը Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիրն է: Սահակյանի նախագահության շրջանում նա հաճախակի հյուր էր Ստեփանակերտում և մշտապես ընդունվում էր բարձրագույն մակարդակով:

2021-ի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստեղծվել է Ռեգնում գործակալությանը կից «Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոն», որը գլխավորում էր Մոդեստ կոլերովը: Այդ կենտրոնը ի շարս այլ հարցերի՝ զբաղվելու է նաև Մոսկվայում Բակո Սահակյանի թեկնածության լոբբինգով:

Պետք է նշել, որ Կոլերովը լուրջ պաշտոն էր զբաղեցնում Մոսկվայում 2000-ականների կեսերին: Նա 2005-ին ստեղծված ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային ու մշակութային կապերի վարչության առաջին ղեկավարն էր: Սակայն վերջին տարիներին Կոլերովը որևէ կշիռ ու ազդեցություն չունի Ռուսաստանում Հայաստանի ու Արցախի ուղղություններով որոշում կայացնելու գործընթացի վրա:

Արցախի նախագահի մյուս պոտենցիալ թեկնածուն ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է: Բալասանյանը զգալիորեն ակտիվացել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո: Պատերազմին հաջորդած առաջին ամիսների ընթացքում Բալասանյանը հաճախ էր հանդես գալիս հայտարարություններով ու հարցազրույցներ տալիս հայաստանյան ու արցախյան լրատվամիջոցներին:

Այդ շրջանում Բալասանյանը չէր թաքցնում նաև իր քաղաքական հավակնությունները: Բալասանյանի հետպատերազմյան ակտիվացումը, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի հայտարարությունը այն մասին, որ անվտանգային ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ որոշումները կայացվելու են Անվտանգության խորհրդի ձևաչափում, երևանյան որոշ շրջանակների մոտ թյուր պատկերացում էին ստեղծել, որ Արցախում իշխանությունը դե ֆակտո պատկանում է Բալասանյանին: Այնուամենայնիվ, Վիտալի Բալասանյանի ակտիվությունը իր պատասխանատվության ոլորտի հետ առնչություն չունեցող հարցերում աստիճանաբար նվազել է: Բալասանյանը, անշուշտ, շարունակում է հավակնել Արցախի ղեկավարի պաշտոնին, սակայն նրա դիրքերը ավելի թույլ են, քան պատերազմին հաջորդած շրջանում: Բակո Սահակյանի խաղի մեջ մտնելու դեպքում նա կորցնելու է նաև Արցախի նախկին ուժային էլիտայի գերակշիռ մասի աջակցությունը:

Արցախի հաջորդ ղեկավարի հավակնորդների շարքում է Սամվել Բաբայանը: Բաբայանը իր հարցազրույցների մեջ շեշտում է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել կա՛մ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմում, կա՛մ Արցախում: Այնուամենայնիվ, հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում Բաբայանի համար կրկին կարող է խոչընդոտ դառնալ նրա գրանցման հարցը: Բաբայանը մասնակցել է 2021-ի Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այսինքն, առնվազն ընտրարշավի ընթացքում նա արդեն ուներ հայաստանյան գրանցում: Այս խնդիրը Բաբայանը հավանաբար կրկին փորձելու է լուծել Արցախի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու միջոցով:

Այսպիսով, Արցախում ներքաղաքական գործընթացները մոտ ապագայում բավականին ակտիվանալու են: Այս փուլում Արցախի համար գերնպատակ պիտի լինի նախագահական նոր ընտրությունների անխափան անցկացումը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի Արցախի առաջնորդը ունենա Արցախի ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատ:

Մեկնաբանել