Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրք է ոչնչացվել․ լուսանկարների ուսումնասիրություն

Verin Shorja Վերին Շորժա

Հայկ Հովհաննիսյան

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ին հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կրակոցներից հայկական կողմն ունեցավ երկու զոհ և երկու վիրավոր։ Հետագայում ՊՆ-ն հայտարարեց նաև երրորդ զոհի մասին:

ՊՆ երկու հաղորդագրություններում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, մինչդեռ միջադեպից առկա տեսանյութերը վկայում են, որ դրանք տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Հունվարի 12-ին համացանցում հայտնվեցին այդ հատվածում տեղակայված այրվող դիրքի երկու տեսանյութ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNet Check) տեղորոշեց Տելեգրամում հրապարակված տեսանյութերում երևացող տեղանքը և պարզեց, որ այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից դեռևս նախորդ տարվա մայիսին ներխուժած տարածքում։

Տեսանյութում երևացող այրվող դիրքը և նույն տեղանքի արբանյակային լուսանկարը՝ Google Earth-ում

Տեսանյութերից մեկում երևացող այրվող կառույցներն ադրբեջանական դիրք է, որը գտնվում է Հայաստանի տարածքում՝ սահմանից ավելի քան 2,4 կմ խորության վրա, իսկ Վերին Շորժա գյուղից՝ շուրջ 5 կմ հեռավորության վրա։

Ի դեպ, այս դիրքն անցած տարվա հոկտեմբերին նկարահանել էր «Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am)։ Այն ժամանակ դիրքում երևում էր միայն մեկ վրան, իսկ հետագա ամիսներին կարմիրով նշված այս դիրքն ամրակայվել է։

Տեսանյութերից մյուսում մասամբ երևում է նաև հայկական այն դիրքը, որտեղից որ նկարահանվել է հակառակորդի այրվող դիրքը։ Հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը մոտ 230 մետր է։

Արբանյակային լուսանկարում կարմիրով ընգծված է ադրբեջանական դիրքը, դեղինով՝ հայկականը։

Անցած տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի հարյուրավոր զինծառայողներ ներխուժել էին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածք և ամիսների ընթացքում հաստատվել Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների դիրքերից մեկը ոչնչացվել է։

Մեկնաբանել