Ի՞նչն է հարկադրել Ադրբեջանին նորից անցնել ռազմական սադրանքների

armenian army

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրմանն ուղղված քայլերը մի շարք հարցեր են առաջացնում: 2021-ի մայիսից մինչև 2021-ի դեկտեմբերի կեսն ընկած հատվածում Հայաստանի նկատմամբ կիրառվող ռազմական շանտաժի քաղաքականության նպատակը հստակ էր՝ հարկադրել Հայաստանին առնվազն անուղղակիորեն ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս և համաձայնել Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող միջանցքի/ճանապարհների գործարկմանը: Ադրբեջանն իր այս նպատակներին հասավ 2021-ի դեկտեմբերին:

Նախ, դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը կողմերը վերջնականապես համաձայնեցրին Ադրբեջան – Սյունիք – Նախիջևան երկաթուղու գործարկման հարցը: Այնուհետև 2021-ի դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Արցախը շանս չունի լինելու Ադրբեջանի կազմից դուրս: Փաստորեն, 1988-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի ղեկավարը նշեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա Ադրբեջանի երազանքների գագաթնակետն էր, և այս պայմաններում հարց է առաջանում, ինչ է փոխվել 2021-ի դեկտեմբերի 24-ից հետո, որը հարկադրել է Ադրբեջանին նորից անցնել ռազմական ճնշման քաղաքականության: Տարբերակներից մեկը ՀՀ կառավարության դիրքորոշման փոփոխությունն է. գուցե Հայաստանի կառավարությունը փակ խողովակներով Ադրբեջանին փոխանցել է, որ հրաժարվում է Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգծի կառուցման գաղափարից, կամ առնվազն Շուշին և Հադրութի շրջանը համարում է օկուպացված տարածքներ և պահանջում է այնտեղից դուրս բերել ադրբեջանական զորքերը: Սակայն այս տարբերակի հավանականությունը մոտ է զրոյի: Հայաստանի կառավարության դիրքորոշման մեջ արմատական փոփոխությունների դեպքում այդ մասին տեղեկույթի արտահոսք կկազմակերպվեր, եթե ոչ Հայաստանի, ապա առնվազն ադրբեջանական իշխանությունների կողմից:

Երկրորդ տարբերակը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ ռացիոնալ մտածողության իսպառ վերացումն է, ինչը նշանակում է, որ այլևս անհնար է տրամաբանական վերլուծության ենթարկել Ադրբեջանի գործողությունները: Սակայն նման պնդում անելու հիմքեր ևս չկան:

Այս համատեքստում պետք է ընդունել, որ 2021-ի դեկտեմբերի 24-ից հետո տարածաշրջանում տեղի ունեցած միակ արմատական փոփոխությունը Ղազախստանում ընթացող իրադարձություններն են, այդ թվում՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին որոշումը: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի վերջին օրերի ագրեսիվ գործողությունները առնչվում են ղազախական իրադարձություններին: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ոչ թե «պատժում է Հայաստանին» ՀԱՊԿ որոշմանը կողմ քվեարկելու կամ 100 հայ զինվոր Ղազախստան ուղարկելու համար, այլ ուղերձ է հղում Ռուսաստանին, որ ինքն ի վիճակի է էականորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և Ռուսաստանի համար հավելյալ գլխացավանք ստեղծել Ռուսաստան – ԱՄՆ և Ռուսաստան – ՆԱՏՕ ինտեսնիվ և բավականաչափ բարդ բանակցությունների ֆոնին: Եթե այս վարկածը մոտ է իրականությանը, ապա ուղերձի հեղինակը թերևս ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Թուրքիան, որը ղազախական դեպքերի առնչությամբ կնախընտրեր ի տարբերություն ՀԱՊԿ-ի տեսնել Թյուրքական պետությունների կազմակերպության առավել ինտենսիվ դերակատարությունը:

Մեկնաբանել