Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ Ադրբեջանի նախագահի հարցազրույցի հիմնական մտքերը

Aliyev Target

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում հարցազրույց է տվել մի քանի տեղական հեռուստատեսությունների և արել մի շարք հայտարարություններ Հայաստանի և Ղարաբաղի մասին։ Ալիևի մի շարք մտքեր, ըստ Interfax Azerbaijan-ի, ՍիվիլՆեթն առանձնացրել է ստորև

«3 + 3» ձևաչափով հանդիպման մասին

«3 + 3» ձևաչափով երկրորդ հանդիպումը ավելի առարկայական կլինի Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«3 + 3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Դրան մասնակցել են հինգ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները։ Վրաստանի ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել հանդիպմանը, թեև հրավիրված էին։

«Թեև առաջին հանդիպումը կրում էր ներածական բնույթ, ես վստահ եմ, որ երկրորդ հանդիպմանը կլինի ավելի առարկայական քննարկում, առաջին հերթին՝ հաղորդակցությունների բացման շուրջ»,- ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ «3 + 3» ձևաչափին մասնակցող յուրաքանչյուր երկիր կշահի դրան մասնակցությունից։

«Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ողջ Զանգեզուրի շրջանը»

«Ադրբեջանը նախատեսում է էլեկտրահաղորդման գծեր անցկացնել Զանգեզուրի միջանցքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Այս միջանցքով կանցնի և՛ երկաթգիծը, և՛ ճանապարհը: Մենք նախատեսում ենք նաև ապագայում էլեկտրահաղորդման գծեր անցկացնել դեպի Նախիջևան, քանի որ էլեկտրաէներգիա արտահանելու մեծ ներուժ ունենք»,- ասել է Ալիևը։ Նա չի բացառել Ադրբեջանից «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան գազատարներ անցկացնելու հնարավորությունը։

«Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, Խուդաֆերին և Գիզ Գասալի էլեկտրակայաններում կարող ենք ստանալ 140 ՄՎտ էլեկտրաէներգիա, Քելբաջարում և Լաչինում կա մոտ 10 000 ՄՎտ, մենք կարող ենք քամու և էներգիայի հզորություններ ստանալ, հետևաբար, մենք նախատեսել ենք էլեկտրահաղորդման գծեր, հետո, միգուցե, այնտեղից կարող են գնալ գազատարներ, մի գիծը կարող է անցնել Կապանով, մյուսը` Մեղրիով։ Մեկ գիծ կարող է անցնել Ղարաքիլսով, նրանք [հայերը] դա անվանում են Սիսիան, հետևաբար Զանգեզուրի միջանցքը պետք է ընդգրկի ողջ Զանգեզուրի շրջանը»,- ասել է Ալիևը։

Ալիևն ասել է, որ հայկական կողմը, ինչպես հայտնի է, սկզբնական փուլում առարկում էր հենց այս արտահայտությանը [Զանգեզուրի միջանցք] և, ընդհանրապես, միջանցքին։ «Նույնիսկ այսօր Հայաստանի քաղաքական տիրույթում կարծիքներ են հնչում Հայաստանի համար այս միջանցքի ոչ շահավետ լինելու մասին»,- ասել է Ալիևը։

Խաղաղապահների գործունեությունում «կան շատ նյարդայնացնող պահեր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահները գլուխ են հանում իրենց առաջադրանքից, թեև նրանց նկատմամբ կան արդարացի պահանջներ։

«Ինձ թվում է, որ խաղաղապահների գործունեությունը պետք է դիտարկել ավելի լայն պրիզմայով, և, իհարկե, կան շատ նյարդայնացնող պահեր։ Բայց միևնույն ժամանակ անարդարացի կլինի չհիշատակել, որ նրանք ուղեկցում են և՛ մեր զինծառայողներին, և՛ բեռների առաքումն ու տեղափոխումը Քելբաջարի և Լաչինի շրջաններ, և սկզբունքորեն կարող եմ ասել՝ ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը»,- ասել է Ալիևը։

Ալիևը խոսել է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց նաև նշել, որ Բաքուն բազմիցս պահանջներ է ներկայացրել ռուսական կողմին խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական տարածքներ ապօրինի այցերի մասին»։

«Մենք մեկ անգամ չէ, որ պաշտոնապես դժգոհություն ենք հայտնել անօրինական այցերի կապակցությամբ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է ուղարկել իր ռուս պաշտոնակցին, ինչպես նաև դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին։ Նման քայլեր ձեռնարկվեցին նաև Վալերի Պեկրեսի [Ֆրանսիայի նախագահի թեկնածու] անօրինական այցի ժամանակ։ Մեզ ասացին, որ իրենք [խաղաղապահները] ուշադիր չեն եղել, տեղյակ չեն եղել, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել և այլն։ Կասեմ այնպես, ինչպես կա՝ դժվար է դրան հավատալ: Այս այցելությունը կազմակերպվել էր,- քանի որ Պեկրեսը չէր կարող իր հետ տանել նրանց, ում ուզում էր,- նրան ուղեկցել են սահմանափակ թվով մարդիկ՝ Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն ու ևս մեկ պատգամավոր։ Նրանք թաքուն հասել են այնտեղ, իսկ նրանց այցի լուրը հայտնի է դարձել միայն վերադարձից հետո։ Հավանաբար վախենում էին, որ մենք իրենց կկալանավորենք Լաչինի միջանցքում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ եթե Բաքուն իմանար այդ «անօրինական այցի մասին, ապա Պեկրեսն ու նրա ուղեկիցները դուրս չէին գա Ադրբեջանի տարածքից․ «Եթե իմանայինք, որ այնտեղ են, հաստատ թույլ չէինք տա, որ վերադառնան, Լաչինի միջանցքը մեր հսկողության տակ է, դուք Շուշիում էիք, տեսաք, մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել։ Նման դեպքերը բացարձակապես անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ասել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ղարաբաղ ժամանող Հայաստանի ներկայացուցիչները խաղաղապահներին դիմում են օտարերկրացիների այցերի համար․ «Նրանց կա՛մ թույլատրվում է, կա՛մ ոչ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մենք հստակ գիտենք, թե ինչ է կատարվում [Ղարաբաղ] մուտքի և ելքի մոտ»։

Նա նաև նշել է, որ ռուս խաղաղապահները փորձում են այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ լքի իրենց պատասխանատվության տարածքը։ «Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղ, Խանքենդի [Ստեփանակերտ] և ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող այլ վայրեր ժամանողների թիվը շատ տարբեր է մեկնողների թվից։ Ավելի շատ մարդիկ են հեռանում։ Մենք հետևում ենք դրան։ Մենք տեսնում ենք, որ [Ղարաբաղ] մտնող մեքենաների 91%-ը չի ստուգվում։ Սակայն դուրս գալիս չի զննվում ընդամենը 46 մեքենա։ Ի՞նչ է սա նշանակում՝ որ ռուս խաղաղապահները ցանկանում են մուտքն ազատ դարձնել, իսկ ելքի ժամանակ՝ որոշակի խնդիրներ ստեղծել։ Նրանք կանգնեցնում են դուրս եկող մեքենաները, հարցաքննում են վարորդներին, քանի ոչ չեն ցանկանում, որ այնտեղից հեռանան։ Դա չի կարող պատահական լինել»,- ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը լիարժեք տեղեկատվություն ունի խաղաղապահների պատասխանատվության գոտի մտնող մարդկանց ու մեքենաների թվի մասին․ «Մենք գիտենք մեքենաների ու մարդկանց թիվը, գիտենք, թե քանի մարդ է մտել կամ դուրս եկել, մեր տվյալներով՝ պատերազմի ժամանակ այս տարածքները լքածներից 38 000-ը հետ է վերադարձել, իսկ 11 000-ը ընդմիշտ հեռացել է այդ վայրերից։ Նշված տվյալներով՝ ներկայում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում բնակվում է 27 000 մարդ»։

Ալիևը նշել է, որ այնուամենայնիվ ինքը դրական է գնահատում խաղաղապահների աշխատանքը. «Լուրջ միջադեպեր չեն եղել, միջադեպեր եղել են միայն հայ-ադրբեջանական սահմանին»։

«Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»

«Այն, ինչ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խումբը] չպետք է անեն, ես կարող եմ ասել՝ նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Նրանց փոխարեն մենք լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը:

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ճնշելու է Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

Ալիևն ընդգծել է, որ Մինսկի խումբը պետք է ընդունի այս իրողությունը և իմանա, որ իրենք այլևս չեն զբաղվելու Ղարաբաղի հարցով։ «Որովհետև մենք դա թույլ չենք տա, մենք եղել ենք այս հակամարտության կողմ, եթե կողմերից մեկն ասի, որ հակամարտությունը լուծված է, ուրեմն միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է իրենց, հավանաբար, իրենք պետք է մտածեն դրա համար՝ իրենք ինչ անեն»,- ասել է նա։

«Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք ճանաչի նրա տարածքային ամբողջականությունը»

«Հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։

«Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, դա մեր ծրագրերի մեջ չէ, մենք ուզում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որ նորմալ հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք սա ենք ուզում, բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ռևանշիստական ​​միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական ​​պաշտոնյաների մոտ։

«Որովհետև տեսնում ենք, որ առաջինը, ինչպես ասացի, ռազմական սադրանքներն էին հետպատերազմյան շրջանում, և նման փորձեր եղան մի քանի անգամ՝ նոյեմբերին, ավելի վաղ և երեկ, և հնարավոր է, որ նման փորձեր արվեն ապագայում»,- ասել է նա։ «Հետևաբար, կրկնում եմ, երբեք չի կարելի խաբվել ներկայիս իշխանության բարի խոսքերով, երբեք չպետք է մոռանալ, թե որ հարևանի հետ ենք ապրում, սրա հետ են կապված նաև սահմանին կատարված սադրանքները. ուզում են մեզ նորից փորձարկել»,- ընդգծել է Ալիևը։

Նա նշել է, որ եթե կողմերի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, ապա այն պետք է պարունակի կետեր տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ. «Հայաստանը հիմա պետք է ընտրություն կատարի, ճիշտ ընտրություն: Ես ասացի, որ մեր առաջարկը միշտ չէ, որ սեղանին կլինի: Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի՝ չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ «1920-ի նոյեմբերին մեր տարածքը՝ Զանգեզուրը, միացվել է Հայաստանին, ավելի վաղ՝ 1918-ի մայիսի 29-ին Երևան քաղաքը փոխանցվել է Հայաստանին։ Ուստի մենք, ինչպես ասում են, բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու այդ տարածքը։ Բայց չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների միջև հարաբերությունների հաստատման, մենք պատրաստ ենք դրան, բայց եթե նրանք դա չեն ուզում, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

«Մենք Հայաստանին առաջարկել ենք փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը, սկսել սահմանների սահմանազատման աշխատանքները, սկսել հաղորդակցությունների բացման գործընթացը և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը 100-տոկոսանոց երաշխիք չէ, բայց ամեն դեպքում դա էական կլինի նվազագույնի հասցնելու պատերազմի վտանգը։ Սակայն մենք նաև պետք է իմանանք, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր Հայաստանի համար կարող է ընդամենը թղթի կտոր լինել»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանել