Ալավերդին կորցրեց իր «լույս զինվորին»՝ Ռուդիկին

Հունվարի 13-ին Ալավերդիում հողին կհանձնեն հունվարի 11-ին Վերին Շորժայում ադրբեջանական սադրանքների հետևանքով նահատակված Ռուդիկ Ղարիբյանին: Ալավերդին սգում է իր զավակի մահը: Ալավերդցիները Ռուդիկին անվանում են «լույս զինվոր»։

Ալավերդցիները հրաժեշտ են տալիս Ռուդիկ Ղարիբյանին

Ռուդիկ Ղարիբյանը ավարտել է Ալավերդու Եղիշե Չարենցի անվան դպրոցի իններորդ դասարանը, հետո ուսումը շարունակել է Ալավերդու պետական քոլեջի «Բանկային գործ» բաժնում:

«Ռուդիկը ոչ միայն շատ խելացի էր, նաև իր վրա շատ էր աշխատում: Նա լուրջ տղա էր, պատահական չէ, որ սոցիալական ցանցերում նրա մասին շատ է գրվում»,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Գորգինյանը: Վերջինիս խոսքով՝ Ռուդիկ Ղարիբյանը ընտանեկան հրաշալի դաստիարակություն է ստացել: Հայրը՝ Ռաֆիկ Ղարիբյանը, արհեստավոր է, ընտանիքը պահելու համար ամեն տարի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Մայրը՝ Եվան, աշխատում է Ալավերդու հացի գործարանում: Դպրոցի զինղեկ Գագիկ Սիմոնյանն ասում է՝ Ռուդիկը հայեցի դաստիարակություն ստացած երիտասարդ էր. «Հպարտանում եմ, որ այդպիսի աշակերտ է եղել մեր դպրոցում, հպարտանում եմ, որ նրա ուսուցիչն եմ եղել»:

Ազատամարտիկ Վոլոդյա Միքայելյանը մեծ ակնածանքով է ներկայացնում Ռաֆիկ Ղարիբյանի ընտանիքը․ «Այդպիսի օրինակելի ընտանիք չկա մեր թաղամասում»:

Ալավերդու պետական քոլեջի անգլերենի դասախոս Անժելա Սարգսյանը երեք տարի դասախոսել է Ռուդիկ Ղարիբյանին: «Ռուդիկը շատ լավ էր խոսում անգլերեն, շատ աշխատասեր էր: Միշտ պատրաստակամ էր ընկերներին աջակցելու: Ռուդիկը միշտ ժպտում էր»,- արտասվելով՝ հիշում է Սարգսյանը: Նա համոզված է՝ հայրենասեր բառը մեծ իմաստով վերաբերում է Ռուդիկ Ղարիբյանին․ «Երբեմն զարմանում էի՝ ինչպես կարող է այդ տարիքի երիտասարդն ունենալ այդքան դրական գծեր»: Սարգսյանի հիշողություններում Ռուդիկը շատ լավատես էր հայրենիքի ապագայի նկատմամբ:

Նոնա Խաչատրյանը Ռուդիկի ընկերներից է: Նրա խոսքերով՝ Ռուդիկը հասակակիցներից տարբերվում էր իր պարզությամբ, բարությամբ և ընկերասիրությամբ․ «Ես ոչ մի երիտասարդի մոտ այդքան սեր չեմ տեսել, որքան Ռուդիկի՝ սեր դեպի համայնքը, դեպի Հայրենիքը, դեպի ընկերները: Եվ ամեն անգամ Ռուդիկը ապացուցում էր, որ իր նմանը չկա: Լույս էր ուղղակի Ռուդիկը: Նա որտեղ հայտնվում էր, այնտեղ լուսավորվում էր»:

Ռուդիկ Ղարիբյանը «Վիքիմեդիա» Հայաստան և «Սքայ» երիտասարդական ակումբի ղեկավարն էր: «Սմարթ»-ի առաջին շրջանավարտն էր:

««Սմարթ»-ը իմ երազանքների դպրոցն է: «Սմարթ»-ը իմ կյանքում հայտնվեց այն ժամանակ, երբ ես ամենաշատն ունեի դրա կարիքը»,- ասել է Ռուդիկը: Սկզբում վախեցել է նոր միջավարից, բայց «Սմարթ»-ը փոխել է միջավայրին հարմարվելու նրա կարողությունները, մոտիվացիա է տվել, ու Ռուդիկը դարձել է ավելի ներկայանալի: Նա առաջին «Սմարթ» քաղաքացին էր: «Սմարթ»-ի քաղաքացիության կրթակարգն ավարտելու նույն օրը Ռուդիկը մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու:

Ռուդիկը «Սմարթ»-ի առաջին շրջանավարտն էր

Ռուդիկը դպրոցական տարիներից մինչև բանակ գնալը եղել է «Վորլդ Վիժն»-ի կամավոր:

«19 տարեկան էր, բայց, թվում է, աշխատանքային առումով ապրեց վաստակաշատ մարդու նման»,- ասում է Նոնան:

Ռուդիկի ընկերները որոշել են հրապարակել նրա բանաստեղծությունների գիրքը։

«Ցավոք, նա շատ թախծոտ բնաստեղծություններ էր գրում, հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում, ինձ թվում է՝ իր բանաստեղծություններում Ռուդիկը կանխատեսում է իր մահը»,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Գորգինյանը:

«Ու միգուցե մի օր հանդիպենք նորից՝ դու ժպիտը դեմքիդ, իսկ ես՝ ԵՐԵՎԻ․․․

Ու մի օր քո աչքերը լի կլինեն երջանկության արցունքներով, իսկ իմը բաց, ԵՐԵՎԻ․․․

Ու կխոսես քո հաջողություններից, որ հասար այս ընթացքում, իսկ ես կլսեմ, ԵՐԵՎԻ․․․

Ու կանկեղծանաս երկար-բարակ պատմություններով, իսկ ես ուշադրություն կդարձնեմ, ԵՐԵՎԻ…

Ու դու կապրես , իսկ ես ԵՐԵՎԻ․․․»։

Լուսանկարը՝ Ռուդիկի ֆեյսբուքյան էջից

Ռուդիկի պատերազմական ծանր մտորմներում տեղ է գտել Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը.

«Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի (ամենտի՝ հանդերձյալ կյանք)

Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհին»։

Ռուդիկ Ղարիբյանի զոհվելուց հետո ալավերդցիները մտորումների մեջ են, նրանք ծանր հարցեր են բարձրացնում․ մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս ամենը, երկրին հզոր տնտեսություն է հարկավոր, իշխանությունը ո՞ւմ միջոցով է կառուցելու այդ տնտեսությունը, ինչո՞ւ են երկրի սահմաններին կանգնում ռազմական գործից անտեղյակ, 18 տարեկան հայ տաղանդավոր երիտասարդները: Ինչո՞ւ:

Ռուդիկը որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել Վանաձորի պետական համալսարանի «Կառավարում» բաժնում: Նա երազում էր ստեղծել հյուրանոցային բիզնեսի իր սեփական ցանցը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել