Մինչև մեկ միլիոն դրամի ապրանք արտահանողները կազատվեն մաքսավճարից

Կառավարությունը որոշել է մինչև մեկ միլիոն դրամի արտահանման մաքսավճարը վերացնել, եթե ապրանքն արտահանվում է մեկ առաքողի կողմից մեկ տրանսպորտային միջոցով ու ունի մեկ ստացող։ Որոշման հեղինակը էկոնոմիկայի նախարարությունն է։

Որոշման հետ կապված անհամաձայնություն ուներ պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ասաց՝ մինչև մեկ միլիոն դրամի ապրանքները արտահանման մաքսատուրքից ազատելու հարցում խնդիր կա, քանի որ կարող է տարբեր ֆիզիկական անձանց միջև բաշխում լինել ու այդպես արտահանումը կազմակերպվել. «Կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանում, բայց վերաբաշխում իրականացնենք տարբեր սուբյետների միջև, եթե իմանան, որ մինչև մեկ միլիոնը արտոնություն ունի, կարող են արհեստականորեն տեղավորել այս արտոնության տակ»,- հայտարարեց նա՝ ասելով, որ որոշումը կարող է դառնալ չարաշահումների աղբյուր։

Բադասյանի դիտարկումների հետ համաձայն չէր Նիկոլ Փաշինյանը, որը հարց է բարձրացնում՝ եթե կառավարությունը մտադիր է արտահանմանը միտված տնտեսություն ստեղծել. «Ինչու՞ ենք անհարկի մաքսատուրքերով բարդացնում արտահանման գործընթացը Հայաստանում ստեղծված, Հայաստանի արտադրական ցիկլերով անցած ապրանքի վրա»։ Որոշմանը կողմ էր նաև ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։