Հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի լրագրողը վնասել է իրեն

Փոլադ Ասլանով Ցուցարարը պահել է Փոլադ Ասլանովի պատկերով պաստառ. Լուսանկարը՝ «Ամերիկայի ձայն»-ի։

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանցի բանտարկված լրագրող Փոլադ Ասլանովը մի քանի օր է՝ հացադուլի մեջ է։ Նրա կնոջ՝ Գյուլմիրա Ասլանովայի խոսքով, այն բանից հետո, երբ նրան արգելեցին անել ամենշաբաթյա հեռախոսազանգը, նա ի նշան բողոքի կտրել է երակները, ինչից հետո վերջինիս թույլատրվել է զանգ կատարել:

Նա լրագրողներին ասել է, որ բանտի ղեկավարությունը հրաժարվել է Ասլանովին ջուր տալ, որպեսզի ստիպի նրան դադարեցնել հացադուլը:

Ասլանովը ղեկավարում էր «Xeberman» և «Press-az» անկախ լրատվական կայքերը։ Ավելի քան մեկ տարի է՝ դատարանը քննության չի առնում նրա՝ պատժաչափի բողոքարկման հայցը: Նա հացադուլը սկսել է հունվարի 6-ին։

Ասլանովան «Ամերիկայի ձայն»-ին ասել է, որ իր ամուսինը բողոքում է ինչպես իր «ապօրինի» կալանավորման, այնպես էլ իր հայցի քննարկման ձգձգման դեմ:

Ասլանովը մեղավոր էր ճանաչվել 2019-ին դավաճանության համար և դատապարտվել 16 տարվա ազատազրկման՝ իբր Իրանի օգտին լրտեսելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքները։

Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ասլանովն աշխատում էր մի հետաքննության վրա, որը կարող էր բացահայտել Պետական անվտանգության ծառայության անդամների՝ շորթման սխեմայի մեջ ներգրավված լինելը։

«Փոլադ Ասլանովի առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։ Բայց նա կշարունակի հացադուլը մինչև վերջ»,- ասել է Ասլանովան։ Ավելի վաղ ևս՝ հունիսին, նա 30-օրյա հացադուլ էր հայտարարել։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են «Լրագրողներ առանց սահմանների»-ն (RSF) և «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ), դատապարտել են Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը Ասլանովի նկատմամբ:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն լրագրող Փոլադ Ասլանովին և չվիճարկեն նրա հայցը»,- ասել է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդը կոմիտեի՝ 2020-ի հայտարարությունում։ «Քննադատող լրագրողին շինծու մեղադրանքներով բանտարկելով՝ Ադրբեջանը միայն ամրապնդում է Եվրասիայում լրագրողներին բանտարկող առաջատար երկրներից մեկի իր համբավը»։

«Լրագրողներ առանց սահմանների»-ն «շինծու» է անվանել Ասլանովին առաջադրված մեղադրանքը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել