Գորիս-Կապան ճանապարհով հայկական մեքենաներ չեն երթևեկում, պատմում են տեղացիները

2021 թվականի նոյեմբերի 10-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց և սկսեց գումար գանձել ճանապարհով երթևեկող մեքենաներից։ Վերջին շրջանում հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան՝ «Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում» վերնագրով։ ՍիվիլՆեթի Գորիսի լրագրող Էմիլիա Խաչատրյանը զրուցել է Քարահունջ բնակավայրի բնակիչների, վարորդների ու հայկական անցակետի աշխատակիցների հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում իրականում։

Գորիս համայնքի մեջ մտնող Քարահունջ բնակավայրը 44-օրյա պատերազմից հետո դարձավ սահմանմերձ, այն գտնվում է անմիջապես Գորիս-Կապան գլխավոր մայրուղու վրա։ Գյուղի բնակիչներն ամեն օր ականատես են լինում մայրուղով մեքենաների շարժին։ Նրանք ասում են՝ ոչ մի հայկական մեքենա, ոչ մի հայ վարորդ այդ ճանապարհով չի երթևեկում․ միայն իրանական բեռնատարներ են նկատվում։

Բեռնատարի վարորդ Գարիկ Մարտիրոսյանը, որը բեռնափոխադրում է կատարում դեպի Քաջարան, ասում է՝ ոչ մի վարորդ չի գնում, որքան էլ հրատապ լինի, որովհետև երաշխիք չունեն՝ ինչ կլինի իրենց հետ։

«Տաթևով գնալը շատ դժվար է, ոլորանները շատ են, հատկապես դժվարանցանելի հատված է Խոտանան գյուղով անցնելը։ Բոլորս աստված ենք կանչում, որ այդ հատվածում հանկարծ ձյուն չդնի։ Հայերը հաստատ չեն գնում, իրանցիներն էլ, եթե ուզում են գնալ, 130-150 դոլար են վճարում»,- ասում է Գարիկ Մարտիրոսյանը։

Արտիկ Ավետյանը ապրում է Քարահանջում և Գորիս-Կապան ճանապարհին բենզին և յուղ է վաճառում։ Նա առևտրական կապեր ուներ իրանցիների հետ և ժամանակին այդ գործով ընտանիք էր պահում։

«Ամենաշատը իրանական հինգ բեռնատար է գնում օրվա մեջ։ Օրեր ու շաբաթներ են լինում՝ հինգ հատ էլ չի լինում, հազիվ մեկ կամ երկու բեռնատար է նկատելի լինում, իսկ հայկական մեքենաներ ընդհանրապես նկատելի չեն»,- ասում է Արտիկ Ավետյանը։

ՍիվիլՆեթի հարցին, թե որքան են իրանցիները վճարում ադրբեջանական անցակետում, նա պատասախանում է․ «130-260 դոլար են վճարում՝ կախված նրանից, թե ինչ բեռ են փոխադրում։ Եթե հրավտանգ բեռ է՝ գազ, յուղ, ապա 250 դոլար են վճարում։ Եթե Հայաստանից վերադառնում են, բեռ լինի-չլինի՝ 130 դոլար պարտադիր վճարում են»։

ՍիվիլՆեթի զրուցակիցներից՝ Քարահունջի բնակիչ Սուրեն Սարգսյանը պատմում է, որ «իրանական բեռնատարների վարորդները ազգությամբ ադրբեջանցի են, ով ազգությամբ իրանցի է, նա այլընտրանքային ճանապարհով է գնում»։ Ըստ Սուրենի՝ դեպքեր են եղել, որ ռուս անցակետի աշխատողներին առաջարկել է գումար վճարել ու առաջ անցնել, չեն թողել։

Հայկական անցակետում կանգնած հայ սահմանապահները թողնում են միայն գյուղի բնակիչներին, որոնք հայկական անցակետից այն կողմ այգիներ ունեն։ Անցակետում վերցնում են անձնական տվյալներ և հեռախոսահամար։ Նրանք պատմում են, որ «մի երկու ամիս առաջ իրավիճակն այլ էր․ հայկական մեքենաները հավաքվում էին, և ռուս սահմանապահները նրանց ուղեկցում էին, բայց հիմա այդպիսի հնարավորություն չկա հայերի համար»։

«Հայկական պետհամարանիշով ոչ մի մեքենայի չենք թողնում առաջ անցնել, քանի որ եթե անցնեն, դրանից հետո նրանց կյանքի անվտանգության համար ոչ ոք պատասխանտու չէ»,- ասում են նրանք։

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել