Ղարաբաղում մեր խաղաղապահների աշխատանքի վրա ստվեր գցել չի ստացվի․ Զախարովա

Մոսկվան լրջորեն մտահոգված է հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացման առնչությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանը, Զախարովայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։

«Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական միջոցը սահմանազատման և սահմանագծման գործընթացի շտապ մեկնարկն է, որը արձանագրվել է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունում»,- նշեց նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի կարծում, թե վերջին օրերին Արցախի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի սադրանքները ստվեր են գցում ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքի վրա․ «Եթե ինչ-որ մեկը փորձում է ստվեր գցել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, որովհետև նրանց աշխատանքը հստակ է` հիմնախնդրի կարգավորման հետաքրքրությունների շրջանակում»։

Ինչ վերաբերում է Արցախում հրադադարի խախտման առանձին դեպքերին, Զախարովան խորհուրդ տվեց դիմել հենց ռուսական խաղաղապահ զորախմբին․ «Մեր խաղաղապահները կապի մեջ են երկու կողմերի հետ և անհրաժեշտության դեպքում միջադեպերի հետաքննություն է անցկացվում»։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան աջակցում է երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։