Գազի սակագինը կբարձրանա` կախված կալորիականությունից

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագինը վերանայելու համար։

Պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում հունվարի 12-ին հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտարարությունը՝ ՀԾԿՀ դիմելու մտադրության մասին։ Ընկերությունն առաջարկում է բարձրացնել գազի սակագինը 2022-ի ապրիլի 1-ից։

«2022-ի ապրլիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 դոլար 1 000 խմ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 դոլար 1 000 խմ-ի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում»,- նշված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։

Միաժամանակ, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է, որ եթե բնական գազի ստորին ջերմատվության փաստացի ամսական միջին կշռութային մեծությունը լինի բարձր կամ ցածր 8 500 կկալ/խմ, գինը համապատասխանաբար կփոփոխվի ուղիղ համամասնորեն այդ փոփոխությանը։

ՍիվիլՆեթը դեռ 2021-ի դեկտեմբերին գրել էր գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին։ ՀԾԿՀ-ն դեկտեմբերի 20-ին հաղորդագրություն էր տարածել, որում նշվում է, որ առաջիկա տասը տարում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մնալու է 165 դոլար 1 000 խմ-ի համար։ Նախկինում Հայաստանի համար գազի գնի հաշվարկում հաշվի էր առնվում միայն ծավալը և ոչ փաստացի կալորիականությունը, այժմ, փաստացի, կախված կալորիականությունից, գազի սակագինը կարող է փոխվել։

2021-ի հունվար-նոյեմբերի տվյալներով՝ գազի փաստացի կալորիականությունը սահմանին միջինը կազմել է 8 450 կկալ։ Եվ ինպես նշվում է «Գազպրոմի Արմենիայի» հայտարարության մեջ, եթե կալորիականությունը նույնը մնա, ապա սակագինը կկազմի մոտ 177 դոլար։