Տեղ գյուղի հովիվը հայտնվել է ադրբեջանական հատվածում. համայնքապետարանից հաստատել են

Սյունիքի Տեղ համայնքի հովիվը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել են համայնքապետարանից։

Նշվում է, որ հովիվի հետ կապը կորել է Տեղ ու Խնածախ գյուղերի սահմանին՝ «Անդրու քարեր» կոչվող հատվածում։ Արդեն իսկ տեղական մարմինները կապ են հաստատել ռուս սահմանապահների հետ, որպեսզի աջակցեն հովիվին վերադարձնելու հարցում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էլ հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ «ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները»։ Թաթոյանը մասնավորապես նշել է.

«Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին:

Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են:

Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ:

Այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին»:

Էմիլիա Խաչատրյան, Գորիս

Մեկնաբանել