Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնում են ՊՆ-ից։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:

Ավելի վաղ նրան ընդունել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Անդրեյ Վոլկովը կլինի Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի 4-րդ հրամանատարը։ 2020-ի նոյեմբերից 2021-ի սեպտեմբեր ռուս խաղաղապահների հրամանատարը Ռուստամ Մուրադովն էր։ Նրան փոխարինեց Միխայիլ Կոսոբոկովը, որը պաշտոնավարեց մոտ մեկ ամիս։ Իսկ 2021-ի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը:

Մեկնաբանել