Ուսուցչի անթույլատրելի գործողությունների տասնյակը

Ամեն ուսուցիչ գործում է՝ ելնելով մանկավարժության մասին իր պատկերացումներից։ Սակայն կան այնպիսի բաներ, որոնք համատեղելի չեն մանկավարժության հետ, հետևաբար, երբեք չպետք է գործածվեն ուսուցչի կողմից։

Այսօր ես կներկայացնեմ այն տասը գործողությունները կամ քայլերը, որոնք որևէ ուսուցիչ չպետք է երբեք իրեն թույլ տա։ Ինչպես ընդունված է նման դեպքերում, կսկսենք 10-րդ համարից և կգնանք դեպի առաջինը՝ ամենկարևորը։

10. Խրախուսել արտագրությունը և գրագողությունը։

  • «Չնկատել» արտագրելը
  • Տալ այնպիսի առաջադրանքներ, որոնց պարագայում արտագրությունը դառնա անխուսափելի
  • Պատժել ինքնուրույն միտքը և չխրախուսել ինքնուրույն մտածողություն

Դրա հետ մեկտեղ պետք է տարբերել արտագրությունը ցիտելուց, երբ հղում է կատարվում նյութի հեղինակին, և երբ այդ նյութը օգտագործվում է սեփական մտքերը լրացնելու, դրանց հետ համաձայնելու կամ դրանց հակադրվելու նպատակով։

9. Լինել դատավորի դերում երեխաների հարաբերություններում՝ երեխաների փոխարեն որոշելով, թե ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ։

Ուսուցչի նպատակն է այնպես անել, որ երեխաները իրենք սովորեն գիտակցել՝ ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Երեխաների փոխարեն որոշելը նույնն է, ինչ չտալ երեխային հնարավորություն և ժամանակ լուծելու խնդիրը, չփորձել նրան օգնել, եթե դժվարանում է, նրան ուղղակի ասել պատասխանը։

8. Փոխանցել այլոց այն, ինչ ուսուցչին վստահել է աշակերտը, եթե միայն այդ տեղեկությունը չի պարունակում վտանգ որևէ մեկի առողջության կամ կյանքի համար, և անգամ այդ դեպքում պետք է սկզբից տեղեկացնել աշակերտին։

7. Ունենալ ֆավորիտներ, «սիրված» և «չսիրված» աշակերտներ։

Որևէ ձևով տարանջատել երեխաներին, ցույց տալ, որ տարբեր երեխաներից ունես տարբեր ակնկալիքներ։ Ուսուցչի հնչեցրած «այս երեխան անհույս է» արտահայտությունը անբարոյական է։

6. Ավելորդ հուզականություն ցուցաբերել՝ չգիտակցված և չհաշվարկված հուզական ազդակներով արձագանքելով աշակերտին։

Ուսուցիչը պետք է օգտագործի հուզականությունը և կարող է իրեն թույլ տալ սովորական մարդկային արձագանք տարբեր իրավիճակներում՝ բացառությամբ այն պահերի, երբ դա կարող է խնդիրներ ստեղծել, բերել լարվածության, երեխաների մոտ առաջացնել անվստահություն և այլն։ Ուսուցիչը պետք է միշտ զգոն լինի և գիտակցի, որ աշակերտները հետևում են իր ամեն հայացքին, ձայնի երանգի փոփոխությանը, տարբեր իրավիճակների իր արձագանքներին և դրանցից կարևոր հետևություններ են անում։

5. Սեփական անձը երեխաներից վեր դասել։

Չի կարելի ինքնահաստատվել երեխաների հաշվին՝ նրանց բարոյապես ճնշելով։ Պետք է ձգտել հակառակին, որպեսզի աշակերտները հարգեն և ընդունեն ուսուցչին որպես հեղինակություն, այլ ոչ թե պարտադրել հեղինակությունը ուժով կամ վախեցնելով։ Սրա հատևանքները բազմաթիվ են՝ անվստահություն, վախ, սուտ։ Երեխաները կսովորեն քծնել, ճնշել ավելի փոքրերին, կորոշեն, որ պիտի մեծանան և իրենք էլ դառնան ուսուցչի նման «վերին արտի ցորեն», որպեսզի ուժով իշխեն իրենցից թույլերին։

4. Որպես նախորդ կետի զարգացում՝ անել այն, ինչ արգելում ես երեխաներին։

Եթե երեխաներին սովորեցնում ես չընդհատել, պետք է ինքդ էլ երբեք չընդհատես աշակերտին։ Եթե նրանց արգելված է հեռախոսով կապ հաստատել դասի ժամանակ, ուրեմն և ուսուցիչը պետք է զերծ մնա դրանից։ Եթե պատասխանատվություն ես պահանջում, ինքդ պետք է կատարես խոստումներդ։ Եթե պատժում ես ուշանալու համար, միշտ ժամանակին պետք է գաս դասի։

3. Գալ դասին անպատրաստ՝ հույսը դնելով դասագրքի վրա։

Դասագիրքը ընդամենը ուսումնառության միջոց է։ «Դասագիրք անցնելը» մեր կրթական իրողության ամենաարատավոր երևույթներից մեկն է։ Շատ ուսուցիչներ հաճախ մտնում են դասարան՝ հույսը դնելով իրենց փորձի վրա, առանց ծրագրելու դասը, երեխաների համար հստակ առաջադրանքներ պատրաստելու, հստակ իր և աշակերտների անելիքները իմանալու։ Երեխաները դա զգում են, և ինչպես ուսուցիչը, այնպես էլ նրանք չեն կարևորում դասը և առարկան։

2. Նվաստացնել աշակերտին՝ հայհոյել, օրինակ՝ անվանել հիմար, դեբիլ, տխմար կամ տալ ցանկացած այլ բնորոշիչ, որը չի հանդիսանում միջոց՝ երեխային ուղղորդելու դեպի զարգացում։

Սա առավել զարհուրելի է այլ մարդկանց ներկայությամբ։ Դի չի նշանակում, որ ուսուցիչը չի կարող երեխային որոշ դեպքերում մի քանի հիմնական հատկանիշներով նկարագրել, եթե խոսքը գնում է մասնագիտական քննարկման մասին, երբ երկու կողմն էլ հասկանում են այդ բնութագրման պայմանականությունը և համատեքստը։ Օրինակ, նույն երեխային դասավանդող ուուցիչները միմյանց հետ քննարկելիս կարող են ասել, որ երեխան «անկազմակերպ է», կամ որ նա «չափազանց աղմկոտ է»՝ հասկանալով, որ զուտ կիսվում են երեխայի այս պահի վարքագծի շուրջ տպավորությամբ, գիտակցում են այդ տպավորության թերացումը և պատրաստվում են աշխատել իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Սակայն երեխայի հետ խոսելիս նման ընդհանրական կարծիք հայտնելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այդ պարագայում կարելի է միայն բնութագրել աշակերտի արածը, բայց երբեք՝ ոչ աշակերտին։

1. Ֆիզիկական բռնություն կիրառել աշակերտի նկատմամբ։

Սա անթույլատրելի է, ավելին՝ քրեական հետևանքներ կարող է ունենալ։ Անգլիայում մինչև 20-րդ դարի 70-ական թվականները կրթական համակարգը խրախուսում էր ֆիզիկական պատիժը։ Սակայն գիտությունը կարողացավ համոզել կրթության մարդկանց, որ դա անուրդյունավետ է, բերում է խնդիրների և չի նպաստում կրթության բարելավմանը։ Ցանկացած բռնություն, ուժի միջոցով հարցեր լուծելու միտում տարածվում է և դառնում մշակույթի մաս։ Ուսուցիչը ուժի է դիմում այն դեպքում, երբ գիտակցում է, որ ֆիզիկապես ավելի ուժեղ է երեխայից, կամ երբ գիտի, որ իր թիկունքում կանգնած համակարգը, միջավայրի մշակույթը իրեն վերապահում են այդ իրավունքը։ Դա բերում է այդ նույն մշակույթի վերարտադրման, երբ բռնությունը թույլի նկատմամբ դառնում է ընդունելի և սովորական։

Արդյունքում ապագայում ամուսինը կծեծի իր կնոջը և երեխաներին, այդ երեխաները կծեծեն իրենցից փոքրերին կամ թույլերին, կդառնան «գողական» փողոցային մշակույթի կրողներ, որտեղ ուժի կիրառման իրավունքը համակարգված է տարատեսակ կանոններով և բարոյականության հետ որևէ աղերս չունեցող վերադասության սկզբունքներով։ Ուսուցիչը նման քայլով դառնում է այդ ամենի մաս, ամրապնդում է այդ արատավոր համակարգը՝ մեծ ներդրում ունենալով բանտերի համալրվածության ապահովման գործի մեջ։

Սա էր իմ տասնյակը։ Առաջարկում եմ ձեզ գրել ձեր տարբերակները այս նյութի Ֆեյսբուքի կամ Յություբի էջում։ Ինձ հետաքրքիր է՝ ուսուցչի որ գործողություններն եք դուք համարում անընդունելի։

Մեկնաբանել