Ինչ են խոսում Թուրքիայում հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Գեորգի Միրզաբեկյան

Հունվարի 14-ին Մոսկվայում անցկացվում է հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, որը ուշադրության է արժանացել թուրքական մամուլում: Այս հանդիպումը արցախյան պատերազմից հետո Երևանի ու Անկարայի միջև առաջին երկխոսությունն է: Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայ և թուրք պաշտոնյաների միջև հրապարակային հանդիպում չի եղել: Բացի այդ, դեռևս թարմ են 2008-2009թթ. ֆուտբոլային դիվանագիտության ու ցյուրիխյան արձանագրությունների մասին հիշողությունները։

Cumhuriyet-ը հիշեցնում է տապալված «ֆուտբոլային դիվանագիտությունը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժին՝ Ժողովրդահանրապետական կուսակցությանը հարող Cumhuriyet օրաթերթն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Սյունակագիր-փորձագետներից Բարըշ Դոսթերը թերահավատորեն է վերաբերվում ներկա բանակցությունների հեռանկարներին և ֆուտբոլային դիվանագիտության օրինակով կոչ է անում իշխանություններին դասեր քաղել այն ժամանակվա գործընթացի տապալումից: Նա այն կարծիքին է, որ նախորդ անգամ Անկարան Երևանից որևէ զիջում չստանալով՝ արժանացել է Ադրբեջանի դժգոհությանը, ինչպես նաև Արևմուտքի մեղադրանքին առ այն, թե Անկարան է գործընթացի խափանման մեղավորը: Դոսթերը հռետորական հարց է տվել, թե արդյոք ներկայիս հետպատերազմական իրադրությունը բավարար է Երևանի հետ գնալու այդ քայլին՝ միաժամանակ հավանական համարելով, որ Անկարան գուցե դրանով ցանկանում է կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Այնուամենայնիվ, թուրք սյունակագիրը Մևլյութ Չավուշօղլուին հորդորում է չկրկնել Ահմեթ Դավութօղլուի երբեմնի սխալները:

Մեկ այլ փորձեգետ Հուսեյն Հայաթսևերը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր փուլ է սկսվել, և հատուկ բանագնացների առաջին հանդիպումը պետք է ծառայի փոխվստահության բարձրացմանն ու ճանապարհային քարտեզի ստեղծմանը, որից ենթադրում է, թե հանդիպման օրակարգում դրված չեն լինի սուր հարցեր: Հայաթսևերի համոզմամբ՝ Անկարան չի ցանկանում, որ Մոսկվան միջնորդությամբ հանդես գա Երևանի հետ շփումներում և հնարավոր է՝ Մոսկվայի հանդիպմանը թուրքական կողմը հանդես գա նման առաջարկությամբ:

Չավուշօղլուն հայ-թուրքական շփումները ուզում է տեսնել առանց միջնորդների

Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև հատուկ բանագնացների հանդիպման մասին առավել մանրամասն խոսել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ 2021 թվականի վերջին տված մեծ ասուլիսին:

Չավուշօղլուն հայտարարել էր, որ թեպետ Հայաստանից գալիս են դրական ազդակներ, սակայն դրանք մշտական բնույթ պետք է կրեն: Հայ-թուրքական հարաբերություններում ադրբեջանական օրակարգը մեջբերել սիրող Չավուշօղլուն նշել էր, թե պետությունները կարող են անգամ եռակողմ ձևաչափով հանդես գալ: Այնուամենայնիվ, Չավուշօղլուի հայտարարությունների հիմնական մեխն այն էր, որ բանագնացների առաջին հանդիպումն անցնելու է առանց որևէ նախապայմանի և դրվելու է ճանապարհային քարտեզի ձևավորման հարցը: Նա պնդել էր, որ թեև հայ և թուրք հատուկ բանագնացների առաջին հանդիպումը Երևանի ցանկանությամբ անցնելու է Մոսկվայում, սակայն ճիշտ կլինի, որ կողմերը երկկողմ հեռախոսազանգերից ընդհուպ մինչև փոխայցելություններ առանց միջնորդների շփվեն:

«Մենք նշանակել ենք հատուկ բանագնացներ, թող նրա՛նք ուղիղ կապեր հաստատեն»,- մասնավորապես նշել էր նա:

Չավուշօղլուն վերահստատել էր այն միտքը, որ Թուրքիան մասնակցելու է հանդիպմանն առանց նախապայմանների, նրա ձևակերպմամբ՝ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական կողմի հնարավոր պահանջներն աընդունելի են և անիրետասական»: Նա հայոց պահանջատիրության վերաբերյալ միտքը շարունակելով՝ ասել է․ «Մենք նրանց կասենք 1915թ. իրադարձությունները զրպարություն են, ճիշտ չեն, իրականությունն այդպիսին է: Դուք գիտեք, որ դա ցեղասպանություն չէ: Նորից նայեցի նախարարության (խմբ․ – նկատի ունի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը) պատին փակցված նախկին նախարարներին: 1912-1913թթ. Օսմանյան կայսրության ԱԳՆ ղեկավարը Նուրատունկյան փաշան էր, որն ազգությամբ հայ էր: Դա ցույց է տալիս, թե ինչ բացառիկ է մեր պետությունը»։

Էրդողանը հայ-թուրքական կարգավորումը կապել է Ադրբեջանի հետ

Հունվարի 13-ին՝ Մոսկվայի հանդիպման նախօրեին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Հայաստան-Թուրքիա կապերի մասին, նշել է Կովկասում նոր դարաշրջան սկսելու մասին: Նա ընդգծել է, թե կարևոր է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ դրական հարաբերություններ հաստատի: Մինչև այդ էլ Էրդողանի՝ հունվարի 10-ի հրամանով արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել էր Հայաստանի Հանրապետության հետ տարվող կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներակայացուցիչ: Օրերս Քըլըչին ընդունել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ նախապես հեռախոսազրույց ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Զաքիր Հասանովի հետ։ Դա մեկ անգամ ևս փաստում է հայ-թուրքական կարգավորման գործընթացում թուրք-ադրբեջանական սերտ խորհրդատվության մասին:

Թուրքական կողմը գտնում է, որ հարաբերություններում արդեն իսկ կա դրական առաջաընթաց և մատնանշում օդային հաղորդակցությունների վերաբացումը: Հայկական «Ֆլայուան Արմենիա»-ն և թուրքական «Պեգասուսը» փետրվարից Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթներ կիրականացնեն։

Մեկնաբանել