Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով

Մենք ուզում ենք արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը։ Դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021-ի գործունեությունն ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ։

Հայկական «Վերելք» լրատվականը հարց ուղղեց Լավրովին, թե արդյոք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը որևէ կապ ունի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում հայաստանյան ստորաբաժանման մասնակցության հետ։

«Ես Բաքվում կամ Անկարայում պաշտոնյաների կողմից չեմ տեսել նյարդային արձագանք։ Պաշտոնատար անձինք բացասական մեկնաբանություններ չեն արել»,- ասաց Լավրովը։

Նա հավելեց, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։

«Առաջարկում ենք մեզ որպես խորհրդատու սահմանազատման այդ հանձնաժողովում, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբն ունի ԽՍՀՄ քարտեզներ»,- ընգծեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Երեկ այդ թեմայով շփվել եմ հայ պաշտոնակցիս հետ, առկա են առաջարկներ։ Մեր դիրքորոշումն է՝ նստել ու հանձնաժողովի շրջանակում լուծել բոլոր հարցերը, որոնք համաձայնեցված չեն»,- նշեց Լավրովը։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ սահմանազատման մասին հարցին, Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացում առաջընթացը բավարար չէ, բայց առաջարկների քննարկումները շարունակվում են։

Մեկնաբանել