Ռուսաստանի դերն է՝ նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը․ Լավրով

Վրաստանի շահերից է բխում 3+3 ձևաչափին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) միանալը․ այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021-ի գործունեությունն ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ։ Նրան հարց ուղղվեց, թե արդյոք Ռուսաստանը քայլեր անո՞ւմ է, որպեսզի Վրաստանը միանա ձևաչափին։

Լավրովը նշեց, որ ի սկզբանե Մոսկվան սատարել է 3+3 գաղափարը և դրանում տեսել է միավորող ներուժ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է եկել Վրաստանի ներգրավման օգտին, քանի որ, ի տարբերություն Ժնևյան ձևաչափի, որի շրջանակում շփվում են Թբիլիսին և Մոսկվան, 3+3-ի շրջանակում սկսված գործընթացները ավելի կարևոր են․ այնտեղ քննարկվում են ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նկատեց, որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություններից հետո հնարավորություններ են բացվել նաև Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Վրաստանի համար։ Նա շեշտեց՝ 3+3 ձևաչափին միանալը բխում է Վրաստանի շահերից, և Մոսկվան տարածաշրջանի գործընկերների միջոցով փորձում է դրա շահավետությունը բացատրել Վրաստանին։

Լավրովը պատասխանեց նաև հայ-թուրքական բանակցությունների մասին հարցին․ այսօր Մոսկվայում ընթանում է հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի դերն է՝ նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։

Մեկնաբանել