Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումն անցկացվել է կառուցողական մթնոլորտում։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- ասված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարությունից նշում են, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի «պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։
Այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում անցկացվել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Բանակցությունները տևել են 1,5 ժամ։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Անկարան հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: