Արաբական ընկերությունը 400 ՄՎտ հզորության արևային կայան կկառուցի Հայաստանում

armen sarkissian masdar

ԱՄԷ-ի «Մասդար» ընկերությունը պատրաստ է Հայաստանում իր կողմից իրականացվող 200 ՄՎտ հզորության արևային էլեկտրակայանի հզորությունը ավելացնել ևս 200 ՄՎտ-ով։

ՀՀ նախագահի կայքը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։

«Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայում «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,- ասել է նա։

Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:

․․․

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (Armenian National Interests Fund, ANIF) 2021-ի հուլիսին հայտնել էր, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։

Հաղորդվել էր, որ 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85 տոկոսը և 15 տոկոսը։