«Ոչ, դեղին ժիգուլի չի անցել կողքով». Ռուբինյանը՝ Մոսկվայի հանդիպման մասին

Ազգային ժողովն արդյոք լիազորե՞լ է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։ Հունվարի 17-ին Ազգային ժողովի քառօրյա հերթական նիստի մեկնարկին հարց բարձրացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ռուբինյանը ԱԺ-ի կողմի՞ց է բանակցություններ վարել Մոսկվայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ ԱԺ-ի բյուջեի հաշվին»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Ռուբինյանը նշանակվել է պետության կողմից, ըստ այդմ՝ բանագնացի գործուղման ծախսերը ևս պետությունն է հոգում։

Մանուկյանի խոսքով՝ փնտրել է ու այդպես էլ չի գտել, թե ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել հատուկ ներկայացուցիչ։ Նա շեշտեց, որ, օրինակ, Քըլըչը նշանակվել է այդ երկրի նախագահի հրամանագրի համաձայն։

«ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի՝ մամուլին տրված կարճ պատասխանի հիման վրա է հանրությունը տեղեկանում, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է»,- եզրափակեց պատգամավորը։

Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ բոլոր ընթացակարգերը պահպանվել են։ Նա Մանուկյանին առաջարկեց աշխատանքային կարգով քննարկել հարցը, եթե պատգամավորին անհրաժեշտ է հավեյալ տեղեկություն ստանալ։

Նիստի մեկնարկին այս հարցը կրկին բարձրացրեց «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում։ Արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել էր, թե սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այս տեղեկությունը հաստատել է նաև հայկական կողմը։

«Որից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին՝ առանց անունի, որը ողջունեց Հայաստանի ԱԳՆ-ն ու հայտնեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի, որից հետո նշանակվեցին ներկայացուցիչներ։ Այդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը։ Բուն տեղի պայմանավորվածությունը տեղի է ունեցել ռուսական կողմի միջնորդությամբ»,- հայտնեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ երկու կողմերը հրապարակել են մամուլի հաղորդագրություններ։ Այնուհետև Ռուբինյանը արձագանքեց դահլիճից եկող կատակին՝ ասելով. «Ոչ, դեղին ժիգուլի չի անցել կողքով»։

«Դեղին ժիգուլի» արտահայտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է. 2021-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ նա վրդովվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցերից՝ նշելով, թե ընդդիմությունը փորձում է իր հարցերով այնպիսի տպավորություն ստեղծել, թե տիրապետում է «խորհրդավոր տեղեկությունների»։

«Բան ունեք ասելու, բացահայտեք։ Գնում եք՝ ստեղ-ընդեղ ասում հինգ միլիարդ տվին, ծախեցին ու առան։ Էդ խորհրդավոր հարցերը՝ իսկ էդ մոմենտին հանրապետության հրապարակով դեղին ժիգուլի անցա՞վ, թե՞ չանցավ. ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչ նկատի ունեք»,- նշել էր վարչապետը։

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ հունվարի 14-ին, որից հետո Հայաստանի ԱԳՆ-ն նշեց, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Գևորգ Թոսունյան