Ռուբեն Ռուբինյանը հերքում է պնդումները, թե հայ-թուրքական բանակցությունները գաղտագողի են ընթանում

Հունվարի 14-ին Մոսկվայում նախքան Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների քննարկումը վերջիններս ունեցել են երկկողմ հանդիպումներ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Այս մասին խորհրդարանում հունվարի 17-ին հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հայկական կողմի մեքենայի վրա դրոշ չկար։

«ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ հանդիպմանը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ, և այն մեքենան, որը դուք տեսել եք, ըստ էության, հենց Թուրքիայի դեսպանի մեքենան էր»,- նշեց Ռուբինյանը։

Նա շեշտեց, որ մինչ այս պահը չի եղել մի իրադարձություն, որը Հայաստանի ԱԳՆ-ն գաղտնի է պահել։

«Ընդդիմությունն ասում է՝ տեղի է ունունում գաղտագողի գործընթացներ։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Թուրքիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ բոլոր նախագահների օրոք։ Ի՞նչ եք կարծում՝ այդ բանակցությունների քանի՞ տոկոսն է եղել գաղտնի։ Ավելի շատ տոկոսը եղել է գաղտնի, քան բաց։ Օրինակ՝ նույն ֆուտբոլային դիվանագիտությունը։ Այդ գործընթացը սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի օրոք»,- ընդգծեց Ռուբինյանը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք գաղտագողի գործընթացնե՞ր էին տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք չէին հայտարարում Թուրքիայի հետ բանակցությունների մասին։

Ըստ Ռուբինյանի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության ընթացքում սա միակ գործընթացն է, որի առաջին իսկ կետը հրապարակային է եղել։

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ հունվարի 14-ին, որից հետո Հայաստանի ԱԳՆ-ն նշեց, որ Թուրքիայի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։

Գևորգ Թոսունյան