Կադիրովի զորացող ներողապետությունը

կադիրով

Հոդվածը՝ Մագոմեդ Տորիևի, OC Media

Քաղաքականության հարցում Ռամզան Կադիրովի դաժան մոտեցումը, համակցված իշխանության և ստատուսի հանդեպ նրա անհագ քաղցով, վերածվել է հարևան տարածաշրջանների նկատմամբ մի վարքագծի, որը պարզապես միջնադարյան է:

Նոյեմբերի 13-ին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը այցելեց լեռնային Գալանչոժսկի շրջան, որի սահմաններն ընդլայնվեցին 2018-ին, երբ Ինգուշեթիայից տարածքներ հանձնվեցին Չեչնիային: Հեռուստատեսությամբ հեռարձակված այցի ժամանակ Կադիրովը հայտարարեց, որ ցանկության դեպքում տիեզերքի բոլոր չեչենական հողերը կարող է ուժով խլել հարևան Ինգուշեթիայից։

Տեսարանը, որտեղ Կադիրովը և նրա օգնականներ Ադամ Դեմիլխանովը և Մագոմեդ Դաուդովը սեղանի շուրջ նստած են բաց դաշտում, հիշեցնում է թուրքական հայտնի հեռուստասերիալի ծանոթ, բայց բավականին ծեծված սյուժեն, որում Կադիրովը փոխարինում է Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ին, իսկ Դաուդովն ու Դեմիլխանովը՝ նրա հավատարիմ բեկերին։

Կադիրովը Գալանչոժսկի շրջանի լեռներում հավաքել է իր աջակիցներին։ Լուսանկարը՝ Ռիզվան Էդիլսուլթանովի/Grozny-Inform կայք։

Տվյալ ժամանակաշրջանին հավաքույթն ավելի տիպիկ դարձնելու միակ միջոցը կլիներ այն, որ Կադիրովն ու նրա մտերիմները աթոռների փոխարեն նստած լինեին ձիերի վրա՝ զինված սուսերներով, և սպառնալից կերպով խոժոռվեին իրենց թշնամիների մասին յուրաքանչյուր հիշատակման ժամանակ: Գուցե Կադիրովի թիկնապահները համապատասխան դրամատիկ պահին նույնիսկ բոցավառվող նետե՞ր արձակեին Ինգուշեթիայի ուղղությամբ:

Վաղ միջնադարյան էթիկետին լիովին համահունչ Կադիրովը շատ էր խոսում իր հզորության և իր թշնամիների աննշան ու անկարևոր լինելու մասին: Նա ասում էր, որ իր բանակը կարող է տրորելով փոշու վերածել թշնամու բերքը, խմելով դատարկել նրանց գետերի ջուրը և պարտված թշնամու զինվորների տաբատներից կարել առագաստներ, որոնք մի ամբողջ նավատորմի կբավականացնեն։ Նա սպառնում էր, որ այդ ամենը կանի, սակայն միայն այն դեպքում, եթե իրեն զայրացնեն:

Այս ամենից հարց է ծագում. Ռուսաստանի Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված, որ տարածաշրջանային ղեկավարին նյարդայնացնելը նրան իրավունք է տալիս հարձակվել Ռուսաստանի հարևան շրջանի վրա և զավթել նրա տարածքը:

Այս միջոցառումից ընդամենը մի քանի ժամ անց սոցցանցերը հեղեղվեցին մեմերով և տեսանյութերով, որոնց ուշադրության կենտրոնում էր թիկնապահը, որն օգնում էր բարձրացնել Կադիրովի ոտքը, երբ սուլթանը նստում էր իր ավտոմեքենան: Ակնհայտորեն դա այն արձագանքը չէր, որ ակնկալում էր Կադիրովը. նա, անշուշտ, հույս ուներ, որ իր խոսքերը և ուժի ցուցադրությունը խթան կդառնային հայրենի հողերի համար պայքարում իրենց եղբայր առաջնորդի կողքին չեչեն ժողովրդին համախմբելու համար։

Բայց ի՞նչն առաջացրեց այս քարոզչական ձախողումը:

Գետի հունի փոփոխությունը

Կադիրովը պարզապես զայրացած չէր, նա կատաղած էր Գալանչոժսկի շրջան իր այցին մի քանի օր նախորդած մի միջադեպից:

2018-ին Ինգուշեթիայից Չեչնիային անցած տարածքներում նոր ճանապարհի կառուցման ժամանակ շինարարները փոխել էին երկու հանրապետությունների միջև որպես սահման ծառայող Ֆորտանգա գետի հունը՝ հօգուտ Չեչնիայի։

2018-ի հողերի փոխանակման արդյունքում Ինգուշեթիայի մեծ տարածքներ հանձնվեցին Չեչնիային: Քարտեզում կապույտով նշված տարածքները Ինգուշեթիան զիջեց Չեչնիային, իսկ դեղինով նշվածները Չեչնիայից հանձնվեցին Ինգուշեթիային:

Տեղի բնակիչները նկատեցին գետի հունի փոփոխությունը, և լուրերն արագ տարածվեցին համացանցում՝ գետի մոտ գտնվող ինգուշական գյուղերից մեկում հանգեցնելով ինքնաբուխ ցույցի: Երբ ոստիկանները ժամանեցին, ճանապարհի կառուցման համար պատասխանատու չեչենական ընկերության մենեջերները բացատրեցին, որ փոփոխությունը զուտ տեխնիկական է և ժամանակավոր։ Նրանք նաև ասացին, որ երբ շինարարությունն ավարտվի, գետի հունը նորից կփոխվի և կբերվի իր սկզբնական ձևին։

Բողոքի ակցիան կարող էր ընկալվել որպես հերթական թյուրիմացություն, շարունակական լարվածության և հանրության շրջանում տեղեկատվության պակասի հետևանք։ Բայց Կադիրովի համար դա անտանելի վիրավորանք էր։

Նա ուղիղ դիմեց Ինգուշեթիային և ինգուշ ժողովրդին և ոչ թե ժամանակակից դիվանագիտության կոշտ լեզվով, այլ, ինչպես և ակնկալվում էր, միջնադարյան ձևով՝ իր խոսքը համեմելով ինգուշների հասցեին բազմաթիվ վիրավորանքներով և սադրանքներով:

Ընդհանրական սպառնալիքներից բացի, նա նաև կոնկրետ պահանջներ հնչեցրեց Ինգուշեթիայի Մալգոբեկսկի և Սունժենսկի շրջանների վերաբերյալ։ Նա պնդում էր, որ Իչկերիայի Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ջոխար Դուդաևն այն շրջանները սխալմամբ է հանձնել ինգուշներին:

«Եթե չհանդարտվեք, ես հետ կվերցնեմ այն ամենը, ինչ Դուդաևն ապօրինաբար ձեզ է հանձնել»,- ասաց Կադիրովը,- Եթե ես այդ ամենը հետ վերցնեմ, լավ չի լինի։ Այդ ամենը հետ վերցնելու ուժը մենք ունենք, չնայած դրան՝ մենք ոչ մի քայլ չենք արել, ոչ մի բառ չենք ասել»։

Ո՞ւմ է ձեռնտու

Այս ամենով հանդերձ ենթադրում եմ, որ խնդիրը Ինգուշեթիայի կամ Չեչնիայի մի քանի շրջանները չեն։ Տարածքային այս վեճերը հետաքրքիր չեն ինգուշ և չեչեն կոռումպացված իշխանություններին։ Նրանց հետաքրքրում է անշարժ գույքը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Դուբայում, ինչպես նաև խառը մարտարվեստները, թանկարժեք ավտոմեքենաները և այլ շքեղություններ։

Համաձայն մի տեսության՝ սահմանի շուրջ այս ամբողջ աղմուկը Կրեմլի սարքածն է, քանի որ Հյուսիսային Կովկասի սահմաններին վերաբերող խնդիրները եղել և մնում են հարցեր, որոնց դաշնային իշխանությունները ամենայն ուշադրությամբ են հետևում և վերահսկում։

Իսկապես, Կրեմլը դարեր շարունակ այնպես է սահմանները ձևավորել, որ Հյուսիսային Կովկասում չկան ժողովուրդներ, որոնք տարածքային պահանջներ չունեն հարևանների նկատմամբ: Նման վեճերում զայրույթը միտված է ուղղվել հարևանների, այլ ոչ թե Մոսկվայի դեմ, որն ի սկզբանե գծել է բաժանարար գծերը։

Ընդորում, հյուսիսկովկասյան էլիտաների համար հարևան հանրապետությունների նկատմամբ թշնամանքը հաճախ միակ բանն է, որը նրանց կապում է ընտրողների հետ:

Կասկած չկա, որ երբ 2018-ին Կադիրովին հրավիրեցին ստորագրելու Ինգուշեթիայի հետ հողային պայմանագիրը, նա կատարում էր Մոսկվայի հրամանները՝ չվարելով իր սեփական քաղաքականությունը։ Մոսկվայի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, պետք է ընկալել որպես լուռ հավանություն, այլ ոչ թե իրավիճակին անտեղյակության դրսևորում։

Չնայած Չեչնիայի իշխանությունների բորբոքած հակաինգուշական հիստերիային, չեչեններն իրենք են կասկածով վերաբերվում Կադիրովի լռությանը Դաղստանի Աուխ շրջանի հարցում, ուր տեղահանված չեչենները չեն կարողացել վերադառնալ 1944-ի զանգվածային տեղահանություններից հետո: Շատերի պապենական հին տները, եթե դրանք քանդված չեն, արդեն բազմիցս վաճառվել ու վերավաճառվել են։

Նման իրավիճակում են հայտնվել նաև ինգուշները, քանի որ նրանցից ոմանք չեն կարող վերադառնալ Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում գտնվող իրենց տներ, որտեղից նրանց երկու անգամ դուրս են հանել՝ 1944-ին և 1992-ին: Այս խնդիրը կարծես քիչ է հետաքրքրում ինչպես Ինգուշեթիայի իշխանություններին, այնպես էլ ակտիվիստներին։

Չեչնիայում կարծիք կա (ըստ տեղի բնակիչների, որոնց հետ խոսելու առիթ եմ ունեցել), որ Կադիրովը չափազանց շատ է աճել, Չեչնիան այլևս բավական չէ նրա համար։ Չեչնիան նրա համար չափազանց փոքր է, և նա ձանձրանում է: Նրա գրեթե բոլոր թշնամիները սպանվել են, իսկ երբեմնի սարսափելի դիմադրությունը ճնշվել է: Խոսակցություններ կային, որ նրան կարող են տեղափոխել Մոսկվա, բայց թվում էր՝ Չեչնիայում նրան ճանաչող ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ պաշտոն հարմար կլինի մի մարդու համար, որը և՛ ակադեմիկոս է, և՛ գեներալ և՛ Ռուսաստանի հերոս:

Չգտնելով Կադիրովի փառքին արժանի պաշտոն՝ Մոսկվան որոշեց թույլ տալ նրան աճել ոչ թե դիրքով, այլ տարածքով։ Նման աճի համար առաջին թեկնածուն Ինգուշեթիան է, որը Ռուսաստանի բոլոր դաշնային սուբյեկտներից ամենափոքրն է, որ գտնվում է դաշնային քաղաքներից դուրս: Թեև Կադիրովը առայժմ հիմնականում սահմանափակվում է սպառնալիքներով և քծնանքով։

«Իրենք անձամբ են նրան ընտրել»

Ըստ իմ զրուցակիցներից մեկի, որի անունը հասկանալի պատճառներով չեմ նշի, իշխանության գալուց ի վեր Կադիրովն իր գործողություններով ատելություն է սերմանում չեչեն ժողովրդի նկատմամբ։ Նրա ամբարտավանությունը, ամենօրյա դաժանությունը և կամայականությունը զզվանք են առաջացնում ինչպես Չեչնիայում Անվտանգության դաշնային ծառայության սպայի մոտ, որն անձամբ նրա կողմից կշտամբանքի է արժանանում, այնպես էլ Մոսկվայի ազատամիտ բնակչի մոտ, որը սփրթնում է Կադիրովի հրամանով կատարված խոշտանգումներից և սպանություններից:

Այդ դեպքում չեչեն ժողովուրդն է ամբողջությամբ պատասխանատվություն կրում: Ինչպես վերջերս ասաց մի ռուս լիբերալ. «Իրենք անձամբ են նրան ընտրել»:

Սա ասվում է մի ժամանակ, երբ չեչենները ամենանվաստացուցիչ վիճակում են և 1999-ից ի վեր ընդհանրապես զրկված են որևէ ընտրության հնարավորությունից, բացառությամբ նրա, թե ո՞րը վճարել առաջինը՝ էլեկտրաէներգիայի՞, թե գազի վարձավճարը։ Դրան ավելանում է նաև հարցը, թե արդյո՞ք գումար մնում է ջրի վարձը վճարելու համար:

Սակայն Չեչնիայում տիրող իրավիճակն ամենալավը ներկայացնող ու ամենանվաստացուցիչ բանը տեսախցիկի առջև հրապարակային ներողությունների անվերջ շքերթն է, որ անում են Կադիրովի վարչակազմի պաշտոնյաներին և նրա որոշումները քննադատող չեչենները։ Դա այնքան հաճախ է տեղի ունեցել, որ տեղացիները սկսել են կատակել և Չեչնիան անվանել «Ներողապետություն» («Իզվինստան»):

Այժմ իրավիճակը կարծես թե զարգանում է այնպես, որ Մոսկվայի լուռ հավանությամբ Ներողապետության տարածքը կընդլայնվի։ Առավելևս, որ անվանի ակադեմիկոս և պատմաբան Ռամզան Կադիրովն արդեն իսկ ներկայացրել է ինգուշական հողի հետագա բռնակցման գիտական հիմքերը՝ հայտարարելով, թե իրականում ինգուշներն ամենևին էլ անկախ ժողովուրդ չեն, այլ «պատմականորեն ծագում են չեչեններից»։