Պետությունը համաձայնություն է տալիս «Ռոստելեկոմ»-ի վաճառքին

Ռոստելեկոմ

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է համաձայնություն տալ հեռահաղորդակցության կապի օպերատոր «Ռոստելեկոմ»-ի վաճառքին։ Համապատասխան որոշումը նախատեսվում է ընդունել հունվարի 19-ի ՀԾԿՀ նիստում։

Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Կիպրոսում գրանցված Molitro Holdings Limited ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում գործող «Ռոստելեկոմ» կապի օպերատորին ձեռք բերելու հեռանկարով։ Molitro Holdings Limited-ի բաժնետերերն են ֆիզիկական անձ Արման Ունանյանը՝ 60 տոկոս բաժնեմասով, և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ)՝ 40 տոկոս բաժնեմասով։ ՀԷՑ-ի վերջնական սեփականատերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ «Ռոստելեկոմ»-ի իրավաբանական անձը «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն է, որի բաժնետերն իր հերթին ռուսական պետական ձեռնարկություններին պատկանող Filor Ventures Limited ընկերությունն է ու Molitro Holdings Limited-ը գնելու է հենց այս ընկերությունը։

ՍիվիլՆեթը պարզել էր, որ «Ռոստելեկոմ»-ի գնորդները՝ Արման Ունանյանն ու Սամվել Կարապետյանը, առնչություն ունեն հեռահաղորդակցության մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի հետ. Արման Ունանյանը «Յուքոմ»-ի խոշոր բաժնետերեր, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգեն, Արտյոմ Խաչատրյանների ու եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի հետ փոխկապված անձ է։ Ամիսներ առաջ նա հանդիսացել է Խաչատրյանների կիպրական ձեռնարկություններից մեկի՝ Mastepo Properties Limited-ի բաժնետեր։ Խաչատրյաններին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը հերքել էր, որ իրենք առնչություն ունեն «Ռոստելեկոմ»-ի գնման հետ։ Սամվել Կարապետյանն էլ «Յուքոմ»-ում 10,5 տոկոսի բաժնեմաս էր տնօրինում իրեն պատկանող «Ֆորա բանկ»-ի միջոցով։ Այս փաստերից հետևում էր, որ «Ռոստելեկոմ»-ի նոր գնորդը «Յուքոմ»-ի հետ փոխկապված անձինք են։

Ինչպես նշվում է ՀԾԿՀ որոշման մեջ, «Ջիէնսի-Ալֆա»-ն հանձնաժողով է ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի բնականոն գործունեության, ընդլայնման մտադրությունների մասին տեղեկություններ։ Գործարքի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ու չեն առարկել գործարքի կայացմանը։

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման ու տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց՝ «Ջիէնսի-Ալֆա»-ի վաճառքի գործարքի գինը, ըստ ընկերության ներկայացրած տեղեկատվության, կազմել է 25 միլիոն դոլար։ «Նոր բաժնետերը և՛ առկա ցանցի ու ենթակառուցվածքների մասով է բարելավման ծախսեր ներդնելու, և՛ հետագա ընդլայնման մասով։Տարեկան 2,5 միլիարդ դրամի չափով ներդրվելու է ենթակառուցվածքների զարգացման համար, 1,5 միլիարդ դրամի չափով՝ առկա ենթակառուցվածքների պահպանման համար»,- ասաց ՀԾԿՀ պաշտոնյան։

Դեկտեմբերի 14-ին գործարքին համաձայնություն է տվել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Համակենտրոնացման որոշման մեջ հանձնաժողովը նշել է, որ գործարքի արդյունքում «որոշակի փոխկապակցվածություն կառաջանա «Յուքոմ» և «Ջիէնսի-Ալֆա» ընկերությունների միջև»։ Այնուհանդերձ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է համակենտրոնացումը «Ջիէնսի-Ալֆա»-ի, ՀԷՑ-ի ու Արման Ունանյանի միջև, քանի որ համակենտրոնացումը չի հանգեցնի հանրային ամրակցված հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի շուկաներում տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման ու մրցակցային վիճակի վատթարացման։

«Ռոստելեկոմ»-ի գործարքը կսրի մրցակցությունը օպերատորների շրջանում

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Սաղիյանը հիշում է՝ «Ռոստելեկոմ»-ի վաճառքի մասին լուրեր կային դեռ երկու-երեք տարի առաջ. «Հեռահաղորդակցության ցանկացած ընկերություն, երբ մտնում է շուկա, իրականացնում է ներդրումներ ու եկամուտները ուղղում վարկային տոկոսները փակելու ուղղությամբ։ Մենք ենթադրում ենք, որ «Ջիէնսի-Ալֆա»-ի պարտքը հենց այդքան է՝ 25-30 միլիոն դոլար, որն էլ վճարվում է։ Ինձ հասած տեղեկություններով՝ այդպես է եղել գործարքը»,- հայտնեց Սաղիյանը։ Վերջինս շեշտում է՝ «Ռոստելեկոմ»-ի առանձնահատկությունը մեծ ցանցի առկայությունն է ողջ հանրապետության տարածքում, իսկ այդ ցանցը մեծամասամբ կառուցվում է առկա գազատարերի երկայնքով։ Միևնույն ժամանակ, փորձագետը նկատում է՝ «Ռոստելեկոմ»-ը մոբայլ ծառայություններ չի կարողանում մատուցել, քանի որ չունի հաճախականություններ։

Գրիգոր Սաղիյանը ասում է՝ այս բացը կարող է լրացվել «Յուքոմ»-ի օգնությամբ. «Յուքոմն ունի բջջային հաճախականություններ։ Անգամ եթե սա կոնսոլիդացիա է, նշանակում է՝ մի ընկերությունը ունի ցանց, մյուսը՝ ունի մեծ լարային ցանց, և եթե երկուսը փոխկապված են, նրանք կարող են ավելի մեծ հաջողության հասնել։ Նրանց մրցակիցը «Բիլայն»-ն է, նաև՝ «ՄՏՍ»-ը, որը պիտի անխուսափելիորեն արդիականացնի իր ենթակառուցվածքները»- նշեց Սաղիյանը՝ շեշտելով, որ շուկայի գերիշխում չի լինի, ընդհակառակը՝ կսրվի մրցակցությունը։

Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերությունը 2012-ից մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության ու ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ «Ռոստելեկոմ»-ն ունի 92 տոկոսի հասանելիություն ՀՀ քաղաքներում և 3 000 կիլոմետրանոց ցանց։ Ըստ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ 2020-ին «Ջիէնսի-Ալֆա»-ն աշխատել է վնասով, ու վնասի չափը կազմել է 3,5 միլիարդ դրամ։ «Ջիէնսի-Ալֆա»-ի հետ կապված գործարքը պետք է կայանա ՀԾԿՀ թույլտվությունից հետո՝ վեցամսյա ժամկետում։

Մեկնաբանել