Հայաստանն ու ժամանակակից մշակութային պատերազմները. Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Bible

Իր հերթական հեղինակային հաղորդմանը ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը խոսում է ժամանակակից մշակութային պատերազմներում Հայաստանի տեղի ու դերի մասին։

Այսօրվա հաղորդման թեման ինչ-որ չափով անսովոր է՝ այսօր մենք քննարկում ենք մշակույթը, մշակույթի կարևորությունը որպես գործիք, ինչպես կարելի է մշակույթի միջոցով ներկայացնել պատմությունը կամ քո կամքը պարտադրել աշխարհին՝ պատմության միջոցով: Եթե ​​դուք հաղթեք մշակութային պատերազմում, ի վերջո կհաղթեք նաև քաղաքական առճակատման դեպքում։

Ո՞րն է մշակույթի նշանակությունը ժամանակակից համատեքստում: Այն, մեծ հաշվով, կենտրոնացած է հանրության, PR-ի վրա։ Սա այն պատմությունն է, որը մշակույթն իր մասին պատմում է աշխարհին: Նախքան մեր պատմությունը կերտելը, մենք՝ որպես հայեր կամ Հայաստան, պետք է հետ նայենք ու տեսնենք, թե ինչպիսին է եղել մեր պատմությունը 30 կամ 100 տարվա ընթացքում։

Եթե ​​նայենք տարիների ընթացքում մեր մասին պատմված պատմությանը, ապա կտեսնենք երեք բան՝ նախ՝ մենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերն ենք։ Մենք պետք է հասկանանք, որ որքան էլ պատմենք այս պատմությունը, ոչ մեկին դա չի հետաքրքրում, քանի որ մենք պատմել ենք այս պատմության սխալ կողմը։ Կարևորը ոչ թե խաչելությունն է, այլ հարությունը: Սա հենց այն է, ինչ պետք է ասվեր այս տարիների ընթացքում։

Մեր պատմության երկրորդ մասը Արցախի ժողովրդի ազատագրության հավաքական պայքարն է։ Այստեղ ազատագրական պայքարը և մեր բացթողման պատճառով երկրորդ ցեղասպանության չենթարկվելու համար պայքարը, ի վերջո, հասել է նրան, որ մեր հակառակորդը պահանջում է տարածքային ամբողջականություն։

Երրորդ պատմությունը, որը մենք սիրում ենք պատմել, այն է, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Սա ոչ միայն անտեղի է ժամանակակից համատեքստում, այլև բացասաբար է ընկալվում։ Այն ժամանակ, երբ գրեթե ողջ արևմտյան աշխարհը, հատկապես Եվրոպան, ձգտում է ապաքրիստոնեականացման, այս պատմությունը ոչ միայն օգտակար չէ, այլև կարող է մեզ ռեակցիոն լույսի ներքո ներկայացնել:

Մշակութային պատերազմում հաղթելու համար պետք է հասկանաս մշակութային շուկայի պահանջները և փորձես պատմույթները հարմարեցնել այդ պահանջներին: Եվ դարձյալ կարևոր չէ, թե որն է ճիշտ և արդար, կարևորը իրականությունն է և ձեր համապատասխանությունը դրան։ Անհրաժեշտ է ձեր պատմությունը միացնել օրվա գերիշխող թեմաներին և պատմություններին: Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Որովհետև ժամանակակից հանրային մշակույթը 50 տարվա ընթացքում ամենաազդեցիկ ուժն է եղել։ Ամբողջ աշխարհում, հատկապես Արևմուտքում, այն ոչնչացրել է պահպանողական մշակույթներ, գերագույն առաջնորդների, քաղաքական շարժումներ, կրոններ, պահպանողական համոզմունքներ ու արժեքներ։ Պատճառը պարզ է. ժամանակակից հանրային մշակույթի գաղափարախոսության գրավչությունն այն է, որ այն անձնազոհություն չի պահանջում։ Դա միայն պահանջում է, որ դու պատրաստ լինես պասիվ ժամանցի ենթարկվելու, ինչը հակասում է քաղաքական կամ կրոնական շարժումներին, որոնք միշտ զոհաբերություն և ինքնազսպում են պահանջել:

Որովհետև ժամանակակից հանրային մշակույթը (popular culture) 50 տարվա ընթացքում ամենաազդեցիկ ուժն է եղել։ Ամբողջ աշխարհում, հատկապես Արևմուտքում, այն ոչնչացրել է պահպանողական մշակույթներ, գերագույն առաջնորդների, քաղաքական շարժումներ, կրոններ, պահպանողական համոզմունքներ ու արժեքներ։ Պատճառը պարզ է՝ ժամանակակից հանրային մշակույթի գաղափարախոսության գրավչությունն այն է, որ դրա համար անձնազոհություն պետք չէ։ Այն միայն պահանջում է, որ դուք պատրաստ լինեք պասիվ ժամանցի ենթարկվելու, ինչը հակասում է քաղաքական կամ կրոնական շարժումներին, որոնք միշտ զոհաբերություն և ինքնազսպում են պահանջել:

Օրինակ՝ Թվիթերը։ ԱՄՆ նախագահ Բայդենն ունի 32 միլիոն հետևորդ, Քիմ Քարդաշյանը՝ 70 միլիոն։ Ո՞վ ավելի մեծ ազդեցություն ունի գլոբալ մակարդակով մշակույթում տեղի ունեցող իրադարձությունների վրա, մարդկանց ամենօրյա արածի կամ մտածելու վրա՝ Միացյալ Նահանգների նախագա՞հը, թե՞ հանրահայտ մարդիկ:

Որո՞նք են ժամանակակից արևմտյան մշակույթի առաջնորդող սկզբունքները: Կարելի է առանձնացնել չորս հիմնական կետ.

Առաջին՝ այն բնազդաբար հակատոտալիտար է և պրոդեմոկրատական, ընդգծում է ազատության պատմույթը։ Այս մշակույթը ատում է տոտալիտար ամեն ինչ։

Երկրորդ, այս մշակույթը կարծում է, որ անհատականը միշտ քաղաքական է, և դեմ է անձնական ազատության և ինքնարտահայտման ցանկացած սահմանափակման: Եթե ​​ցանկանում եք հասկանալ արևմտյան կառավարությունների մոլուցքը ԼԳԲՏ համայնքի իրավունքների նկատմամբ, ապա պետք է հասկանաք, որ նրանց համար դա ազատության առաջնագիծն է:

Ես ձեզ օրինակ բերեմ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական և թուրքական վարչակարգերը թիրախային հարված հասցրին Շուշիի հայկական տաճարին՝ հեռահար հրթիռներով, ընդ որում՝ ոչ մեկ անգամ։ Հարձակումները տեղի ունեցան, երբ տաճարի ներսում խաղաղ բնակիչներ էին։ Սա որոշակի ուշադրություն գրավեց, բայց պատկերացրեք, թե որքան մեծ ուշադրություն կգրավեր այս փաստը, եթե տաճարի փոխարեն հարձակվեին Շուշիի գեյերի և լեսբուհիների կենտրոնի վրա։ Եթե ​​այդպիսի վայր գոյություն ունենար, և եթե այն ենթարկվեր հարձակման, այն կլիներ The Wall Street Journal-ի, The New York Times-ի, Times-ի, Le Monde-ի և արևմտյան այլ թերթերի գլխագրերում, քանի որ որոշ մարդիկ կարևոր են, իսկ մյուսները՝ ոչ:

Ժամանակակից հանրային մշակույթի երրորդ սկզբունքը ես լայն իմաստով անվանում եմ հակառասիզմ: Այն դեմ է ամենին, ինչը համարում է ֆանատիզմ։ Ֆանատիզմի դեմ այս ընդդիմությունը երկու տեսակի զոհեր ունի՝ սուրբ զոհեր, որոնք արժանի են պաշտպանության, և ոչ սուրբ զոհեր, որոնք պաշտպանության արժանի չեն: Մեր խնդիրն է դառնալ առաջին կատեգորիայի մաս։

Չորրորդ սկզբունքը համոզմունքն է, որ ամբողջ աշխարհն ունի նույն արժեհամակարգը՝ Աֆղանստանի գյուղերից մինչև Պերու, Փարիզ և Լոնդոն։ Դրա վառ օրինակն է ԱՄՆ կառավարության 700 միլիոն դոլար արժողության ծրագիրը, որի նպատակն է ժամանակակից կոնցեպտուալ արվեստ սովորեցնել գյուղաբնակ աֆղան կանանց: Եվ հետո մարդիկ հարցնում են, թե ինչպես հաղթեցին տալիբները։ Վերադառնալով մեր տարածաշրջան՝ գուշակեք, թե ով է այս չորս սկզբունքների քայլող հակապատկերը՝ այս մարդը [Իլհամ Ալիևը]։

Ինչպե՞ս կառուցել մեր պատմությունն այնպես, որ այն համապատասխանի ժամանակակից արևմտյան մշակույթի հիմնարար սկզբունքներին։

Նախ, պետք է անընդհատ կրկնել, որ Հայաստանը ազատության կղզի է բռնապետության օվկիանոսում։

Երկրորդ՝ մենք պետք է խոսենք այն մասին, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, որը ենթարկվում է նեոֆաշիստների հարձակմանը։ Սա պետք է կրկնել նորից ու նորից, ամեն հնարավորության դեպքում:

Մենք շատ թանկ գին ենք վճարում ֆանատիզմի, ռասիստական ​​ատելության և նախապաշարմունքների պատճառով: Հայաստանի և Արցախի վերաբերյալ մեր պատմությունը պետք է կառուցվի հակառասիզմի և հակաֆաշիզմի համատեքստում։ Մեզ համար կարևորը մեր ցավի համընդհանրացումն է:

Երրորդ՝ հանդուրժողականություն և բազմազանություն: Այստեղ նույնպես շատ օրինակներ կան։ Եկեք վերցնենք վերջիններից մեկը: Հայաստանում՝ Երևանի փողոցներում, ամեն օր կարելի է տեսնել Իրանից եկած ադրբեջանցիների, որոնք խոսում են ադրբեջաներեն, և ոչ ոք նրանց ոչինչ չի անում։ Նրանց կարող եք հանդիպել պատվաստման կետերի հերթերում, ինչը նրանք ստանում են անվճար։

Մենք լավ գիտենք, որ եթե երկու հայ համարձակվեն, կամ նրանց թույլ տան գնալ Բաքու ու այնտեղ հայերեն խոսեն, նրանց լինչի կենթարեն։ Եվս մեկ օրինակ. Հայաստանում տրանսգենդեր անձը ելույթ է ունեցել Ազգային ժողովի ամբիոնից։ Ադրբեջանը համարվում է ԼԳԲՏ անձանց համար Եվրոպայի ամենավատ վայրը։ Սա պետք է կրկնել ամեն անգամ՝ Ալիևի վարչակարգի մասին խոսելիս։

Անկախ այս հարցի շուրջ մեր վերաբերմունքից, եթե ուզում ենք ուշադրություն գրավել, պետք է կարողանանք ճիշտ ձևակերպել և ներկայացնել գաղափարները։

Եվ որպես ամփոփում՝ մենք պետք է հստակ ձևակերպենք և կրկնենք հայեցակարգը այնքան ժամանակ, մինչև այն դառնա գերիշխող պատմույթ։ Մենք ԹՈՒՄՈ կենտրոններ արտահանող երկիր ենք, մինչդեռ Ալիևը մարդասպաններ է արտահանում, որոնք սպանում են լրագրողների և այլախոհների ամբողջ աշխարհում:

Զենքի վերածված մշակույթն ու լեզուն այլ մեթոդներով մղվող պատերազմ է։

Ի գործ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Читайте материал на русском.

Մեկնաբանել