«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է գազի գինը հավասարեցնել բոլորի համար

Հայկ Հովհաննիսյան

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու համար։

Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ հունվարի 12-ին հրապարակած հայտարարության՝ ընկերությունն առաջարկում է ապրիլի 1-ից Հայաստան առաքվող (սահմանին) բնական գազի գինը սահմանել 1 000 խմ-ի համար 165 դոլար՝ 7 900 կկալ/խմ գազի ստորին ջերմատվության պայմաններում և 177,3 դոլար՝ 8 500 կկալ/խմ կալորիականության դեպքում։ Ըստ նոր հաշվարկի մեթոդաբանության՝ սահմանին գազի գինը կփոխվի ուղիղ համամասնորեն՝ կախված, թե այդ ամիս որքան է կազմել գազի փաստացի միջին կալորիականությունը։

Մինչև այժմ Հայաստանի համար գազի գինը սահմանին հաշվարկվում էր՝ հաշվի առնելով միայն ծավալը և ոչ փաստացի կալորիականությունը, որը մշտապես ավելի բարձր է եղել սահմանված ստորին կալորիականությունից (7 900 կկալ/խմ)։

Այսպես օրինակ, 2021-ին Հայաստանի սահմանին այն միջինում կազմել է 8 450 կկալ/խմ և եթե այս տարի այն նույնը մնա, ստացվում է՝ սակագինը կկազմի մոտ 177 դոլար։

Loading...

Loading…

Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է գազի գինը փոխել նաև վերջնական սպառողների համար՝ հավասարեցնելով այն տարբեր խմբերի համար։

Բնակիչների համար այժմ գործում է մեկ խորանարդ մետրի դիմաց 139 դրամ սակագինը, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներ համարվող սպառողների համար գինը կազմում է 100 դրամ։ Առաջարկվող փոփոխություններով այս սպառողների համար փոփոխան գին է սահմանվում, որը կախված է լինելու գազի փաստացի կալորիականությունից։

Գազի սակագների փոփոխությունը՝ «Գազպրոմի» առաջարկությամբ

Փաստացի մանր սպառողների համար 8 500 կկալ/խմ ջերմատվության պայմաններում գազի գինը կկազմի 135 դրամ` նվազելով 2,45 տոկոսով։

Loading...

Loading…

Այլ է կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով համարվող ընտանիքներին մատակարարվող գազի գնի հարցը, որը «Գազպրոմ»-ը առաջարկում է բարձրացնել մոտ 35 տոկոսով՝ 100 դրամից 135 դրամ խմ գազի համար՝ 8 500 կկալ/խմ ջերմատվության պայմաններում։

Գազի գինը ջերմոցային տնտեսությամբ և վերամշակող՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրանքով զբաղվող կազմակերպությունների համար ևս առաջարկվում է բարձրացնել։ Այն 2021-ին կազմել է միջինում 113 դրամ։ Առաջարկվում է այս սպառողների համար կիրառել նույն գնային հաշվարկի բանաձևը, ինչ ջերմաէլեկտրակայաններ շահագործող սպառողների համար և, փաստացի, կհավասարեցնի մնացած բոլոր սպառողներին՝ 136 դրամ 8 500 փաստացի ջերմատվության պայմաններում։ Այսինքն՝ աճը կկազմի շուրջ 17 տոկոս։

Ջերմոցային տնտեսությունների համար, սակայն, ընկերությունն առաջարկում է ապրիլից մինչև նոյեմբեր այն հաշվարկել մանր սպառողների օրինակով, որը ներկայիս փոխարժույթով փաստացի նույնն է, ինչ մնացած սպառողների դեպքում՝ 135-136 դրամ։

Գինը կախված է լինելու դոլարի փոխարժույթից և հաշվարկվելու է «Գին= 282,6 * $ փոխարժույթ» բանաձևով՝ 8 500 կկալ ջերմատվության պայմաններում։

Խոշոր սպառողների համար ևս առաջարկվում է այս բանաձևով առաջնորդվել։ 2021-ի խմ գազի համար վճարել են միջինում 129 դրամ։ Գնաճը կազմում է շուրջ 5 տոկոս։

Նշենք, որ գնի՝ կալորիկանությամբ պայմանավորված վերահաշվարկի այս մեխանիզմը պետք է ներդրվեր 2017-ի հունվարի 1-ից՝ դեռ 2013-ին Երևանում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրով, որը, սակայն, չէր իրագործվել։

Մեկնաբանել