Ռուսաստանը մտահոգված է՝ Մինսկի խմբի միջնորդները չեն կարողանում այցելել Ղարաբաղ․ Լուկաշևիչ

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հիմա չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ. հունվարի 17-ին առցանց ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Ի՞նչ է մեզ մտահոգում։ Բանն այն է, որ երեք համանախագահները դեռ չեն այցելել տարածաշրջան՝ ծանոթանալու իրավիճակին և նախանշելու հստակ միջոցներ, որոնք կողմերին կօգնեն կապեր հաստատել մարդկանց միջև և լուծել մարդասիրական խնդիրներ»,- ասել է Լուկաշևիչը։

Ալեքսանդր Լուկաշևիչը

Դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկայում միջնորդներին կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև «զրուցել Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ»։

44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի միջնորդները ոչ մի անգամ չեն այցելել Լեռնային Ղարաբաղ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տալ համանախագահներին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, ըստ նրա, «լուծված է»։

«Այն, ինչ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խումբը] չպետք է անեն, ես կարող եմ ասել՝ նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Նրանց փոխարեն մենք լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ճնշելու է Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

Մեկնաբանել