Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահվան տվյալները

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին:

«Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է առողջապահության նախարարության և վիճակագրական կոմիտեի հրապարակած` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը»,- ասված է նախարարության հայտարարությունում։

***

Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստին անդրադարձ էր կատարվել վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության հրապարակած՝ կորոնավիրուսից մահերի տվյալների տարբերությանը։ Պարզվել էր, որ երկու մարմինների՝ կորոնավիրուսից մահացած անձնանց թիվը տարբերվում է մոտ 700-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և պարզել՝ կա արդյոք պատասխանատվություն առաջացնող չարամտություն, թե ոչ։

Ըստ Առողջապահության նախարարության՝ 2020-ին կորոնավիրուսից գրանցվել է 2 828 մահ։ Այս թիվը տրամադրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որը համավարակի մեկնարկից սկսած վարում է վարակվածների և մահացածների օրական վիճակագրություն։ Իսկ ըստ Վիճակագրական կոմիտե՝ նոյեմբերի 30-ին հրապարակած՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020 թվականներին» զեկույցի՝ կորոնավիրուսից 2020-ին մահացել է 3 545 անձ։ Սա 717-ով ավելի է նախարարության տվյալներից։

Մեկնաբանել