Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության

stepanakert

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու դեպք։

Ըստ ԱԱԾ-ի՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու կամ նրանցից տեղեկություններ հավաքագրելու նպատակով:

«Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է նշված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները։

Ծառայությունից հորդորդում են զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից, կասկածելի առաջարկներ ընդունելուց և տեղեկություններ տրամադրելուց, «իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել Արցախի ԱԱԾ-ին»:

Մեկնաբանել