ԵԱՀԿ նախագահությունն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

osce ԵԱՀԿ ОБСЕ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:

«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», – պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն անդրադարձել էր ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հիմա չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ․ «Ի՞նչ է մեզ մտահոգում։ Բանն այն է, որ երեք համանախագահները դեռ չեն այցելել տարածաշրջան՝ ծանոթանալու իրավիճակին և նախանշելու հստակ միջոցներ, որոնք կողմերին կօգնեն կապեր հաստատել մարդկանց միջև և լուծել մարդասիրական խնդիրներ»,- ասել էր Լուկաշևիչը։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տալիս համանախագահներին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, ըստ նրա, «լուծված է»։

«Այն, ինչ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խումբը] չպետք է անեն, ես կարող եմ ասել՝ նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Նրանց փոխարեն մենք լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ճնշելու է Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։