Անկանխիկ գործարքների մասին նոր օրենքն ընդունվեց ԱԺ-ի կողմից

Կանխիկ գումարի շրջանառությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Կառավարության հեղինակած՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 66, դեմ՝ 28 և ձեռնպահ՝ 5 պատգամավոր։

Նախագիծը սահմանում է, որ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022-ի հունվարի 1-ից՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները կատարվում են անկանխիկ կերպով: Նույն կերպ է լինելու նաև գրավատների կողմից 20 հազար դրամից ավելի վարկերի տրամադրումը։

Բացի այդ, ըստ օրենքի՝ այս տարվանից ֆիզիկական անցանց միջև 500 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման՝ իրականացվում է անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող փոխառությունների գործարքները։

Սահմանվել է նաև, որ Հայաստանի տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023-ի հունվարի 1-ից՝ 300 հազար դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվելու է անկանխիկ ձևով:

Մեկնաբանել