Լրատվականները նենգափոխում են Քերոբյանի խոսքերը օլիմպիադային նրա մասնակցության մասին

Վահան Քերոբյան

Հայկ Հովհաննիսյան

Վերջին օրերին լրատվականներում տարածվեց ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Ադիբեկյանի գրառումը, որում նա պնդում էր, թե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի Հայաստանի մասնակիցների ցանկում գտնվում է 163-րդ տեղում։

Որպես հավելում լրատվականները մատնանշել էին, որ իբր Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն օլիմպիադայում փայլուն արդյունքներ է ունեցել։ Այս մասին գրել էին yerevan.today, yerkir.am, lurer.com, news.5tv.am, armday.am, asekose.am, newspress.am և մի շարք այլ լրատվական կայքեր։

Քանի որ տեղեկությունը մեծ տարածում ստացավ՝ CivilNet Check-ը որոշեց ուսումնասիրել հրապարակումները և պարզեց, որ լրատվականները Վահան Քերոբյանի խոսքերը մոլորեցրել են։

Ոչ թե միջազգային, այլ տեղական օլիմպիադա

Էկոնոմիկայի նախարարը 2019-ի սեպտեմբերի 21-ին, երբ դեռ զբաղեցնում էր Menu.am ընկերության ղեկավարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որում, սակայն, մեջբերել էր իր ելույթը նույնը օրը կայացած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով Հայաստանի վարչապետի մրցանակաբաշխությունից։

Տեսանյութում Քերոբյանն ասում էր, որ 8-րդ դասարանում առաջին անգամ մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադայի և արդյունքում զբաղեցրել 72-րդ տեղը, ինչից հետո երկու տարի հետո նոր իրեն հաջողվել է նույն օլիմպիադայում զբաղեցնել առաջին տեղը։

«Արդյունքները հրապարակելուց հետո սկսեցի իմ անունը վերևի տողերից դեպի ներքև փնտրել։ Վերջում ինքնագնահատականս նվազեցնելով ինձ գտա 72-րդ տեղում` 80 հոգուց։ Ու Զեյթունից` Ֆիզմաթ դպրոցից, երերալով, նվաստացած գնացի մինչև 5-րդ մասիվ` մեր տուն։ [․․․] Հաջորդ տարի գրավեցի 2-րդ տեղը, մյուս տարի` 1-ին տեղը»,- ասում է Քերոբյանը։

Նկատենք, որ նախարարն իր խոսքում հայտնում է տեղական, այլ ոչ թե միջազգային օլիմպիադային մասնակցության մասին, սակայն վերջինիս նա ևս մասնակցել է։

Այսպես, ըստ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի կայքի տվյալների՝ հայկական աշակերտների խումբը, որում Քերոբյանը ևս ընդգրկված է եղել, մասնակցել է 1993-ին Ստամբուլում տեղի ունեցած օլիմպիադային։

Էկրանակադր Միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի կայքից

Հայկական թիմում ընդգրկված Արթուր Բարխուդարյանը և Վահե Պոլանդյանը այդ մրցույթում շահել են ոսկե և արծաթե մեդալներ, և արդյունքում թիմը զբաղեցրել է 28-րդ տեղը։ Իմիջիայլոց, սա միակ դեպքն է, երբ հայաստանցի աշակերտները ոսկե մեդալ են շահել միջազգային մաթեմաթիկական օլիմպիադայում։ Հայաստանի արծաթե մեդալների ընդհանուր քանակը 30 տարվա ընթացքում 26 է։ Քերոբյանը, իր հերթին, հավաքել է 3 միավոր հնարավոր 42-ից և զբաղեցրել 339-րդ տեղը՝ 406-ից։

Սակայն նշենք, որ միջազգային օլիմպիադային մասնակցելու համար նախ պետք է հաղթել տեղական` Հանրապետական մակարդակով օլիմպիադաներում և ունենալ համապատասխան կարգ։ Այս մասին CivilNet-ին հայտնեց օլիմպիադայի աշխատանքների համակարգող Դավիթ Մինասյանը։ Նա նշեց, որ մաթեմաթիկայի օլիմպիադայի դեպքում նախ պետք է հանրապետական մակարդակում լինել լավագույն վեցնյակի մեջ՝ միջազգային մրցույթին մասնակցող թիմում ընդգրկվելու համար։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ լրատվականները համատեքստից կտրել և նենգափոխել են Քերոբյանի խոսքերը՝ օլիմպիադայում ունեցած նրա արդյունքների մասին, իսկ վերջինս իրոք բարձր արդյունք է գրանցել հանրապետական մակարդակում և ըստ այդմ՝ մասնակցել նաև միջազգային օլիմպիադային։